Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՑՈՒՄ Է ՈՒ ԼԱՑԱՑՆՈՒՄ

Հունիս 02,1999 00:00
Paruyr Hayrikyan

«Այն, որ Հայրիկյանի վարկանիշն ընկել է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու պատճառով, ճիշտ չէ»,- ընտրություններին ԱԻՄ-ի տապալումից հետո իր առաջին ասուլիսին ասաց Պարույր Հայրիկյանը եւ ճշտեց, որ եթե իրոք այդ համագործակցությունը պիտի իջեցներ ԱԻՄ-ի վարկանիշը, ուրեմն զրո ձայն պիտի հավաքեին ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը», «Արժանապատիվ ապագան» եւ «Միասնությունը», քանի որ «Կարեն Դեմիրճյանն էլ ընկավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գիրկը»։

Պրն Հայրիկյանը «մի շատ բարձրաստիճան» աղբյուրից տեղեկացել է, որ ԱԻՄ-ի աջակիցների անունները ցուցակներից հանելու միտում է եղել։ Նա այժմ փորձում է «բարձրաստիճան աղբյուրին» համոզել, որ վերջինս գա Սահմանադրական դատարան եւ վկայություն տա։ ԱԻՄ գալու, գրանցվելու եւ հետագայում նաեւ ՍԴ-ում «վկայություններ տալու» նպատակով ԱԻՄ նախագահը դիմեց նաեւ այն հարյուր-հազարավոր ընտրողներին, որոնց անունները ցուցակներում չեն եղել։ Բայց դեռեւս Բենդերին էր հայտնի, որ մարդիկ չեն սիրում հանդես գալ որպես վկա եւ դժվար է ասել՝ քանիսը կարձագանքեն այս կոչին։ Ինչեւէ։ Հայրիկյանը չի բարդույթավորվել, ավելին՝ պատրաստվում է դիմել ՍԴ, ապա նաեւ Ստրասբուրգ՝ Եվրոպայի մարդու իրավունքների դատարան։ ԿԸՀ-ին նա արդեն դիմել էր մայիսի 30-ին, ժ. 19-ին։ Իսկ «Բարդույթավորված վարձկան Աշոտ անունով մեկը՝ ԿԸՀ-ից, հայտարարել էր, որ Հայրիկյանն իր հայտարարությունն արել է, երբ իմացել է անհրաժեշտ ձայներ չհավաքելու մասին»։ Աշոտ Սարգսյանն արժանացավ «ողորմելի, լպիրշ, ծախու արարած» որակումներին։ Ապացուցելու, որ ԱԻՄ-ի համակիրների անունները ընտրացուցակներում միտումնավոր չեն եղել, պրն Հայրիկյանը անուն առ անուն ներկայացրեց նրանց՝ ընտանյոք հանդերձ։ Միայն ԱԻՄ-ական Հակոբջան Թադեւոսյանի անունն է եղել ցուցակում (բայց վերջինս արդեն մահացել էր)։

Այս ընտրությունները բարդույթավորված քաղաքական մի խումբ գործիչների ձեռքի գործ համարելով, պրն Հայրիկյանը եզրակացրեց, որ «վերոնշյալ ուժերը ոչնչացնում են այն քաղաքական ուժը, որի ստվերում իրենք զրո են դառնում» (ստվեր գցողի դերում Հայրիկյանը նկատի ուներ ԱԻՄ-ը – Լ. Ա.)։ Օրինակ էլ բերվեց. «Այսօր ասում են՝ մենք ազգային միացյալ կուսակցություն ենք։ Լպիրշության գագաթը տեսեք։ Ու սա ասում է Հանրապետական կուսակցությունը, որը Դեմիրճյանի հետ է դաշինք կնքել։ Բայց Ազգային միացյալ կուսակցություն կա՛» (այդ կուսակցությունն էլ է ԱԻՄ-ը- Լ. Ա.)։ Պրն Հայրիկյանը ցանկացողներին խոստացավ տրամադրել փաստաթղթեր (մատերիալ) Դեմիրճյանի մասին, թե ինչով է նա զբաղվել 70-ականներին, ինչպես է համագործակցել Մոսկվայի Խթը-ի հետ՝ ընդդեմ դաշնակցական թերթերի։ «Կարեն Դեմիրճյանը երբեւէ ասե՞լ է՝ սխալ եմ արել, զղջում եմ»։ Ո՛չ, չի զղջացել եւ չի ասել։

Պրն Հայրիկյանը համարակալել է նրանց անունները, ում ձեռնտու էր խոչընդոտել ԱԻՄ-ի մուտքը խորհրդարան։ Ո՞ւմ էր ձեռնտու կեղծել ցուցակները՝ ա) նրանց, ովքեր ուզում են կեղծել պատմությունը, բ) անցյալ իշխանություններին, որոնք կուզեին՝ այս ընտրություններն էլ քաոսի վերածվեին, գ) «(շա՜տ ցավով եմ սա ասում- Պ. Հ.) սա կարող էր պետք լինել հանրապետության նախագահին, եթե նա բարդույթավորված է»։ Թեեւ Հայրիկյանը վերջին 2-3 օրը նախագահի մոտ բարդույթ չի նկատել, բայց «անաչառության համար նշում եմ. հնարավոր է՝ մեր նախագահն ինչ-որ պահի, ինչ-որ ուժերի ազդեցության տակ բարդույթավորվել է եւ ասում է՝ ինձ ոչ լեգիտիմ են համարում եւ եթե վաղը լեգիտիմ պառլամենտ լինի, իմ գործը դժվար է լինելու», դ) արդար ընտրությունները ձեռնտու չեն նաեւ վարչապետին եւ էլի ոմանց։

«Ո՜վ մարդկային արդարություն, թող ես…» ոճով պրն Հայրիկյանը գոչեց. «Երբվանի՞ց մենք դարձանք մարադյորների ցեղախումբ, որ մարդկանց իրավունքները ոտնահարելու քաղաքական սպանությունների ճանապարհով պիտի աթոռի ձգտենք։ Մենք ոչ թե գողականների, այլ մարադյորների, դիակապտողների պառլամենտ ենք ունենալու»։ «Ես ուզում եմ, որ Հայաստանը դառնա Եվրախորհրդի, ավելին՝ Եվրամիության անդամ, բայց եթե դիտորդները ինչ-որ բան խորը չեն պատկերացնում, նրանց կարծիքն ինձ համար կողմնորոշիչ չէ»։ Նախագահի խորհրդականի պաշտոնից պրն Հայրիկյանը, փաստորեն, անդառնալիորեն հրաժարվել է, իսկ հանձնաժողովներում «աշխատել է եւ դեռ կաշխատի»։ ԿԸՀ-ն, ըստ Հայրիկյանի, իր ողջ կազմով պետք է հեռացվեր՝ խախտելու համար Ընտրական օրենսգիրքը։ «Թե ինչո՞ւ են էսօր ձգձգում արդյունքների հրապարակումը, չգիտեմ։ Սրանով էլ են կասկածի տակ դրվում արդյունքները»։

Բայց եթե վարվենք այնպես, ինչպես Հայրիկյանն է առաջարկում, ամեն ինչ չէ, որ կարելի է կորած համարել. «Նախ՝ ընտրությունները հայտարարվում են անվավեր, ԱԺ հին կազմը գումարում է նիստ, եւ ընդունվում է ցուցակների ձեւավորման ԱԻՄ-ի առաջարկած տարբերակը, նախագահն արագ ստորագրում է, եւ մենք գնում ենք ընտրությունների։ Երկրորդը՝ գնում ենք ՍԴ, այնտեղ ես հեշտությամբ ապացուցում եմ, որ քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարված են»։ Իսկ ՍԴ-ի առջեւ նրա կազմակերպելիք բազմահազար միտինգների աղմուկից միայն կխանգարվեն արդեն նոր ԱԺ-ի աշխատանքները։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930