Իսկապես, մենք «էն գլխից» մի տեսակ վարժված ենք դեֆիցիտի։ Նախկին հարվածային հնգամյակներին, երբ թեւքերս քշտած «պայծառ ապագա» էինք կառուցում, մեզ համար սովորական բան էր լայն սպառման ապրանքների պակասը։
Այս երեւույթի շնորհիվ նույնիսկ «Սալյուտ» մակնիշի սիգարետները «տակից» էինք գնում։ Հիմա էլ, երբ իրավական պետություն ենք կառուցում, սովորական է դարձել փողի պակասը։ Ասում են, թե այս դեֆիցիտը բնական է ու նորմալ։ Շուկայական հարաբերությունների պայմաններում։ Եվ ես անկեղծորեն հավատում եմ, որ լավ է, երբ ապրանք կա, իսկ փող՝ ոչ… Մի խոսքով, ես բնական եմ համարում, երբ ինչ-որ բան պակասում է մեր կյանքում։ Բայց, այ, հիմա մեզանում գոյություն ունի մի դեֆիցիտ, որն ինձ համար հասկանալի չէ։ Սա կապ չունի ոչ շուկայական հարաբերությունների, ոչ էլ՝ փողի հետ։ Չնայած որոշ չափով սոցիալական երեւույթ է։ Դե, հիմա ամեն ինչ սոցիալական կամ քաղաքական ենք համարում։
Աստծո ամեն օր մեր վարդագույն մայրաքաղաքում ցուցահանդես է բացվում։ Գեղարվեստական։ Ավելի ճիշտ՝ կերպարվեստի։ Գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կիրառական արվեստ… Դրանք այնքան շատ են, որ քանակի առումով չեն զիջում անգամ Փարիզում բացվողներին։ Այս փաստը բերկրանքով ու հպարտությամբ է լցնում սիրտս։ Հիշյալ կարգի ցուցահանդեսների առատությունը ապացուցում է, որ մշակույթի առումով մեր Երեւանը ինչ-որ հետ ընկած տեղ չէ այս արեւի տակ։
Մենք ինչքան ասես նկարիչներ եւ հարակից գործերով զբաղվողներ ունենք։ Այս առումով հատկապես վերջին տասնամյակներում դեֆիցիտ չենք զգացել։ Եվ, ընդհանուր առմամբ, ինձ դուր է գալիս, որ մեզանում շատ են նկարչությամբ զբաղվողները։ Դրա մասին վկայում են ոչ միայն իրար հաջորդող ցուցահանդեսները, այլեւ «Վերնիսաժը»։ Երբ դիտում ես առեւտրա-մշակութային այս օբյեկտը, համոզվում ես, որ միայն «Խոր Վիրապն ու Արարատը» թեմայով նեղ մասնագիտացված հարյուրավոր գեղանկարիչներ ունենք։
Կարդացեք նաև
Ինձ, այո, ուրախացնում է նկարիչների քանակը։ Դե, պատահում է, որ քանակը որակ է տալիս։ Ինչպես՝ սպորտում։ Եւ մեկ էլ տեսար «Խոր Վիրապ» նկարողներից մեկն ու մեկը դարձավ համաշխարհային դեմք։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ հրաշալի կլինի, եթե մենք թեկուզ մեկական Վան Գոգ, Սեզան, Պիկասո աճեցնենք մեր լեռնաշխարհում։ Նախ, ոնց որ պետք է գլուխ կգովենք, թե «մերն ուրիշ է»։ Բացի այդ, կծախենք հայ վանգոգների, սեզանների կտավները ու թագավորի պես կապրենք։ Դե, Վան Գոգի նկարներից մեկը մի քանի տարի առաջ ծախվեց 55 միլիոն դոլարով։ Իսկ բոլորովին վերջերս «Սոտբիի» աճուրդում Սեզանի նատյուրմորտը, ուր ընդամենը մի կճուճ էր ու երկու-երեք կիլո տանձ ու խնձոր էր պատկերված, առան 60 միլիոնով…
Տեսնո՞ւմ եք, ինչ շահավետ է հանճարեղ նկարիչներ ունենալը։ Նրանք կնկարեին, իսկ մենք կվաճառեինք կտավները։ Տարեկան տասը կտավ էլ միջազգային շուկա հանեինք, պետական բյուջեն դեֆիցիտ չէր ունենա։ Իսկ ամենակարեւորը՝ իսկի կարիք էլ չէր զգացվի մեր արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարգացնելու։ Եվ մեր կառավարությունը, անձամբ ՀՀ նախագահը, կազատվեր տարիներ ի վեր իրեն տանջող խրոնիկական գլխացավանքից…
Իսկ մինչ այդ, ինձ մի հարց է մտահոգում։ Ախպեր, ինչու մեր ցուցահանդեսներում անդորր է, ու այնպիսի լռություն, որ լսվում է անգամ հայկական ճանճերի տզզոցը։ Աղմուկով, շամպայնի բաժակների ախորժաբեր չխկչխկոցներով, նկարիչների ընտանիքների անդամների, հարազատների հիացած բացականչություններով կատարվող բացումներից հետո, փաստորեն, ոչ ոք չի մտնում լուսավոր սրահները։ Ոմանք կարող են փնթփնթալ, թե լավ է, որ չեն մտնում, որովհետեւ այնտեղ «նայելու բան» չկա։ Եվ ներկոտած կտավներից այցելուն կարող է շփոթվել, բայց գեղագիտական հաճույք չստանալ։ Բայց, սիրելի փնթփնթաններ, ոչ բոլոր ցուցահանդեսներն են այդպիսին։ Կան այնպիսիները, որ կարող են ծառայել բնակչության գեղագիտական ճաշակի զարգացմանը։ Օրինակ, Ազգային պատկերասրահի թեմատիկ ցուցահանդեսները։ Բայց նույնիսկ սրանց բնորոշ է այցելուների դեֆիցիտը։ Թե ինչու, օրինակ, մեր դպրոցներն իրենց աշակերտներին չեն բերում այստեղ, չեմ հասկանում։ Չէ որ սա առանձնապես ծախսերի հետ չի կապված…
Ի դեպ, հանկարծ չմտածեք, թե ուզում եմ քննադատել միայն Կրթության նախարարությանը։ Ո՛չ։ Այս հարցում, հավանաբար, իր անելիքներն ունի նաեւ Մշակույթի նախարարությունը, որի ղեկավարը իր ժպտերես ու գոհունակ կերպարանքով հաճախ զարդարում է ցուցահանդեսների բացման արարողությունները։ Բայց թե դրանից հետո ցուցասրահները թափուր են մնում, նրան քիչ է մտահոգում։
Հո նման միջոցառումները «պրոտոկոլի» համար չեն արվում…
ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ