Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍՎԵՑ ՕՋԱԼԱՆԻ ԴԱՏԸ

Հունիս 01,1999 00:00
ojalan

Երեկ առավոտյան Թուրքիայի Իմրալի կղզում գտնվող բանտի կինոդահլիճում սկսվեց Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր եւ նախագահ, քրդական ազատագրական շարժման առաջնորդ, Թուրքիայում քրդերի անջատողական պայքարի ղեկավար Աբդուլլահ Օջալանի դատավարությունը։

Թուրքիայի թիվ մեկ ահաբեկչին դատելու համար բառացիորեն ոտքի է կանգնեցվել երկրի անվտանգության ամբողջ համակարգը։ Իմրալի կղզուն ամենամոտ քաղաքի՝ Մուդանիայի բոլոր ճանապարհներին անցակետեր են տեղակայված, եւ քաղաք կարելի է մտնել միայն հատուկ անցաթղթերով։ Մարմարա ծովում շուրջօրյա հսկում են ոստիկանական կատերները, օդում՝ ուղղաթիռները։ Դատական նիստի մասնակիցները, այդ թվում նաեւ ներկա լինելու իրավունք ստացած լրագրողները, ամենամանրակրկիտ կերպով ստուգվում են։ Անվտանգության ծառայության կողմից վերցվել են նրանց մատնահետքերը, արգելվել է ունենալ մետաղյա իրեր, զարդեր, տեսախցիկներ։ Լրագրողներին չի թույլատրվել վերցնել նույնիսկ ծոցատերեր ու գրիչներ՝ դրանք բաժանվել են դատարանի դահլիճում։

Այնուամենայնիվ, դատավարության առաջին օրվա մասին պատմող տարբեր գործակալությունների հաղորդագրություններում նշվում է, որ քրդերի առաջնորդի ձայնը հանգիստ էր, եւ նա որեւէ նյարդայնություն չէր ցուցաբերում։ Այդ նույն հանգիստ ձայնով 15 տարի ընթացող թուրք-քրդական հակամարտության հոգեւոր հայրը հայտնեց, որ կիսում է մարտական գործողություններում զոհված զինվորականների ընտանիքների վիշտը եւ ներողություն է խնդրում։ Նա հայտնեց, որ եթե դատարանը պահպանի իր կյանքը, պատրաստ է «ծառայել Թուրքիայի պետությանը խաղաղության ու եղբայրության համար»։ Օջալանը հայտարարեց, որ երեք ամիս տեւած նախաքննության ընթացքում չի ենթարկվել ֆիզիկական եւ այլ ճնշումների։

Չնայած Օջալանի մեղայական ելույթին դատախազները, ինչպես եւ սպասվում էր, ներկայացրեցին հայրենիքին դավաճանելու եւ պետության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեղադրանքը եւ պահանջեցին մահապատիժ։

1995 թ. սկսած, Թուրքիայի վարչապետներից յուրաքանչյուրը՝ Թանսու Չիլերը, Մեսութ Յըլմազը, Նեջմեթին Էրբաքանը քրդերի առաջնորդին բռնելու մեկական փորձ էր կազմակերպում, սակայն ֆորտունան ժպտաց միայն Բյուլենթ Էջեւիթին։ Այս տարի փետրվարի 15-ին Քենիայում Աբդուլլահ Օջալանն ընկավ թակարդը, որը նրա համար պատրաստել էին թուրքական հատուկ ծառայության «Վագրերը» (այդպես է կոչվում օպերացիան իրականացնող ստորաբաժանումը)։ Ի դեպ, վարչապետ Էջեւիթը մեծապես պարտական է Օջալանի ձերբակալմանը, որի շնորհիվ իրեն հաջողվեց կտրուկ բարձրացնել սեփական վարկանիշը եւ հաջողության հասնել ընտրություններում։

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930