Լրահոս
Օրվա լրահոսը

Կոսովոյի առասպելը

Հունիս 01,1999 00:00
kosovo

Ինչո՞ւ են սերբերը հանդուրժում այս ամենը։ Ինչպիսի՞ աննյութական գաղափարի համար։ Կոսովոյի առասպելը մասամբ հիմնված է պատմական փաստի վրա, որ 1389 թ. հունիսի 28-ին Կոսովոյի դաշտում ահեղ մարտ է տեղի ունեցել՝ սերբերի ու օսմանլիների միջեւ։

Անհայտ ժողովրդական բանաստեղծը պատմում է, որ մարտից առաջ իշխան Ղազարին այցելել է հրեշտակապետը հետեւյալ հարցով. ցանկանում է երկրայի՞ն իշխանությունը, թե՞ երկնայինը։ Ղազարը նախընտրում է երկնայինը։ Դա առանցքային պահն է, բիբլիականը, նորկտակարանայինը… Երկրայինն անցողիկն է, երկնայինը՝ հավիտենական։ Տիեզերքն ուղղահայաց է ձեւավորված։ Մարդ արարածն այս աշխարհում միայն մի հոգս ունի, մի խնդիր՝ փրկել իր հոգին։ Ուստի, ապագա սուրբ իշխանն ընդունում է միակ ճիշտ որոշումը, օրինակ վերցնելով Քրիստոսից։ Կզոհաբերի ինքնզինքը, սակայն նաեւ մի մեծ բանակ։

Հետագա բեմագրությունը նույնպես նորկտակարանային է։ Կոսովոյի ճակատամարտի նախօրյակին իշխանի ընթրիքն է՝ Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի նման։ Ինչպես Քրիստոսը, այնպես էլ Ղազարը ակնկալում է Հուդային, եւ, իհարկե, սխալվում է։ Միլոշ Օբիլիչը, որը մատնանշված է որպես Հուդա, վաղը սպանելու է թուրքական սուլթան Մուրատին… Առավոտյան, մարտից առաջ, ողջ սերբական բանակն ընդունում է Սուրբ Հաղորդությունը։

Եվ ոչ մեկը չի ցանկանում բացակայել, խուսափել իր՝ զոհի ճակատագրից։ Պատմության տեսանկյունից այնքան էլ պարզ չէ, թե ով է շահել մարտը։ Միլոշ Օբիլիչը սպանել է թուրքական սուլթան Մուրատին, իշխան Ղազարը գերի է ընկել ու տեղն ու տեղը գլխատվել։ Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերի ղողանջները հայտնել են, սակայն, քրիստոնեական զորքի հաղթանակը։ Սակայն այդ պատմական փաստերը համարյա թե էական չեն…

Ղազարի զոհողությունը Կոսովոյում, քրիստոսանման բեմագրությամբ, դարձել է, ինչպես դա այսօր է ասվում, սերբական ազգային գիտակցության մասը։ Այդ գիտակցությունն ընդարձակ է։ Այն միայն ազգային չէ, այլ՝ նաեւ կղերական։ Ավելին, երկրորդն ավելի ուժեղ, ավելի վճռորոշ «բաղադրիչն» է հենց այդ գիտակցության։ Քանի որ, եթե տիեզերքն ուղղահայաց չի ձեւավորված, ապա չկա ոչ քրիստոնեություն, ոչ էլ Քրիստոս։ Դա հաճախ անտեսվում է։ Իսկ այս դարում հզոր ջանքեր են թափված, որպեսզի Կոսովոյի առասպելն արժեզրկվի հորիզոնական մեկնաբանությամբ։ Իբր Ղազարի երկմտանքի պատմվածքը, թե ո՞ր իշխանությունը նախընտրի, միայն հոգեբանական ռացինալացում է, ժողովրդի խեղաթյուրում, քիչ թե շատ խոհեմ ռազմավարի կողմից, որին պարզ է, որ վաղվա մարտը գուցե տանուլ կտա։ Մի խոսքով, Ղազարի քարոզչական խորամանկությունը հենց այս դարաշրջանի ոճով։

Բայց, եթե այդպես եղել է, ապա ինչպես է ստացվել, որ հարյուրավոր ու հարյուրավոր տարիներ է գերապրել, որ այսօր էլ կենդանի է, եւ, ավելին, ղեկավարում է վարքը մի ողջ ժողովրդի, որը այսօր երես առ երես է կանգնած մինչեւ օրս չտեսնված բիրտ ուժի դեմ, եւ մինչեւ օրս չտեսնված բարբարոսության… սասանյանները, օսմանլիները, ՆԱՏՕ-ն… հազիվ թե տարբերություն կա հիմնական բարբարոսական դիրքորոշման մեջ…

Ըստ Կոսովոյի առասպելի, սերբերը կորցրեցին կայսրությունը հենց Կոսովոյում։ Այդ ահեղ մարտից հետո. ինչը, այնուամենայնիվ, լրիվ չի համապատասխանում պատմական փաստերին։ Ըստ պատմաբանների, պարսպապատ Սմեդերեւո քաղաքի անկումը 1459 թ. սերբական միջնադարյան պետության վերջակետն է։

Ռացիոնալ մեկնաբանությունները, սակայն, միայն փչացնում են ընդհանուր պատկերը, եւ քողարկում են Կոսովոյի առասպելի էությունը, որը սկզբից մինչեւ վերջ հիմնված է քրիստոնեության ու քրիստոնեական արժեքների վրա։ Որովհետեւ, եթե տիեզերքը ուղղահայաց է ձեւավորված, եթե ամեն մի մարդու հիմնական խնդիրն է փրկությունը սեփական հոգու, որը ծնված օրից իսկ ծանրաբեռնված է նախահայրական մեղքով, իսկ հետագայում էլ սեփական մեղքերի բեռով, ապա անհրաժեշտ է դիմանալ, հանդուրժել, խաչը կրել, եւ ստեղծագործել։ Միջնադարյան քրիստոնեական սերբական գիտակցությունը ստեղծել է հուշակոթողի գաղափարը։ Այս աշխարհը, գիտենք, անցողիկ է։ Փողը, եթե ձեռք ես բերել, արժե ներդնել ինչ որ մնայուն բանի մեջ։ Կառուցիր եկեղեցի, նկարազարդիր նրա պատերը… թե պակաս ունեւոր ես կառուցիր աղբյուր, եթե անգամ դա չես կարող անել՝ այգի տնկիր, եթե դա էլ է անմատչելի քեզ համար՝ գոնե մի ծառ…

Այս քրիստոնեական հասկացողության հետեւանքներ են բազմաթիվ հուշակոթողները՝ եկեղեցիները, մատուռները, վանքերը, որոնք կառուցված են այդ՝ սերբական պատմության նախակոսովյան ժամանակահատվածում։ Կոսովոյի եւ Մետոխիայի (Կոսմետի՝ ըստ կոմունիստական եզրաբանության, մինչդեռ առնաութներն, իսկ այսօր էլ ՄԱԿ-ը, նույնպես խոսում են միայն Կոսովոյի մասին, տարածքային իմաստով) բուն տարածքը լի է այդպիսի հուշակոթողներով։

ԲՐԱՆԻՍԼԱՎ ԴԻՄԻՏՐԻԵՎԻՉ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930