Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԸՆՏՐՎԱԾՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Հունիս 01,1999 00:00
Anahit Adamyan

Որ այս երկրում չկա իշխանություն, այլ կան միայն տարբեր մակարդակի իշխանավորներ, կասկածում էի վաղուց։ Հիմա համոզվեցի, որ այս երկրին պետք էլ չէ իշխանություն։ Ընդ որում՝ ոչ ժողովրդին է պետք իշխանություն, ոչ իշխանությանն է պետք ժողովուրդ։

Մտքովս էլ չէր անցնում, որ այսքան դառն է լինելու այս գիտակցելն ու գրելը։

Որ այս երկրում աղավաղված է իշխանության էությունը, կարծես նույնպես պիտի վաղուց հասկացած լինեի։ Բայց դե միշտ էլ հույսը վերջինն է մեռնում։ Եվ ընդհանրապես անցման հավիտենական բարեփոխումների մեջ թվում էր՝ մի քիչ էլ կարելի է ու պետք է հիշել ժողովրդին։ Ասենք՝ հիշել, որ ցանկացած պետության կառավարման համար պետք են օրենքներ։ Ճիշտ ու աշխատող օրենքներ, ուրեմն՝ խորհրդարան, ուրեմն՝ ճիշտ ընտրություն, խելացի մարդիկ։

Ոչ, համոզվեցի (եւ հավանաբար շատերս համոզվեցինք)՝ այս երկրին պետք է բռնապետ։ Ինչպես էլ իրավաբանորեն ու օրենսդրորեն ձեւակերպվի ու «բացատրվի», պետք է բռնապետ, որովհետեւ մեծ ու մանր իշխանիկների անիշխանությունից գերադասելի է մեկի իշխանությունը։ Պայմանով, որ այդ մեկը գոնե, այդ մեկը անպայման հասկանում է ինչ ու ինչպես անել։ Բայց եւ այդ մեկը պետք է բարոյականություն ունենա եւ չխոսի ժողովրդավարությունից, որովհետեւ եթե պետության ու պետականության կայացմանը այդ ժողովրդավարությունը խանգարում է, աշխարհի պատմությունը օրինակներ շատ է տվել, թե ինչպես են «նահանջում» ժողովրդավարությունից ու վերադառնում ավելի ուժեղ ու կայացած՝ տնտեսապես ու քաղաքականապես։

Բարոյականությունն ընդհանրապես ֆենոմենալ կատեգորիա է, բոլորը ոտնահարում են ու բոլորը ջատագովում են միաժամանակ։ Թվում է՝ բոլորին խանգարում է, ո՞ւմ է պետք, ի՞նչ ժամանակն է, բայց մեկ էլ պարզվում է, որ առանց բարոյականության իշխանության հիմքեր չկան։

Ի՞նչ կատարվեց այս անգամ։ Ընտրություններն, այո, ազատ էին, արդար ու… անթափանց։ Հազարավոր ապրող ընտրողների համար, որոնց անունները ցուցակներում հայտնվելու համար պիտի միջամտեին առաջին ատյանի դատարանները, եւ հազարավոր հանգուցյալների համար, որ ընտրացուցակներում շարունակում են մեր կողքին ու մեզ համար ապրել ու ընտրել։ Պատճառաբանում են, թե ընտրողները մի քանի օր առաջ պիտի գնային ու պարզեին իրենց առկայությունը ընտրացուցակներում։ Ինչո՞ւ։ Եթե ես քաղաքացի եմ եւ Սահմանադրությամբ ինձ տրված է ընտրելու իրավունք, ընտրությունը կազմակերպողի՝ իմա՝ պետության, պարտականությունն է ապահովել իմ իրավունքն իրականացնելը, որովհետեւ դա նախեւառաջ բխում է իր շահերից։ Իսկ եթե այդ շահերն այլ են, ապա իրավական լեզվով դա կոչվում է իրավախախտում, մարդկային լեզվով՝ հանցագործություն, որը պետք է պատժվի։ Եթե ընտրությունների այսօրինակ կազմակերպման նպատակը առաջին ատյանի դատարանները գովազդելն էր, չստացվեց, որովհետեւ այդ դատարանները դիմողների նվազագույն մասն էր տեւական քաշքշուկից հետո (տեղեկանք, դիմում, պատճեն, հերթեր) վերադառնում ընտրատեղամաս։ Եթե ընդհանրապես դիմում էր։

Ուրեմն պիտի հասկանանք, որ մարդկանց տարտղնված հավատը հիմնովին արմատախիլ անելու ճիշտ ճանապարհին ենք։ Մինչեւ հաղթական ավարտ մնում է մեկ-երկու քայլ եւ այդ ժամանակ արդեն ամեն ինչ պարզ ու պայծառ կլինի։ Այսինքն՝ կունենանք ընտրագույնների մի խորհրդարան, որին մենք չենք ընտրել, ընտրել են մեր հանգուցյալ հարազատները, իսկ նրանց միայն բարի խոսքով կարելի է հիշել։ Մի խորհրդարան, որ մեզ՝ ապրողներիս, պարզապես թույլ չեն տվել ընտրել՝ ակներեւաբար որպեսզի ընտրություններն ազատ, արդար լինեն ու ստիպված չլինեն դիմել մեծ կեղծիքների։ Իսկ ընտրաթերթիկների կարուսելը, ընտրակաշառքները, ընտրածեծն ու այլեւայլ մանր-մունր թերությունները բնավ էլ ընտրակեղծիք չեն։

… Ընդդիմություն չունենալը միայն թուլացնում է իշխանությունը։ Թվում էր՝ այնքան հանրահայտ է նաեւ այս ճշմարտությունը, իսկ մենք չհասկացանք։

Եվ թող չթվա, որ ամենասկզբից փորձ է արվում ստվեր նետել խորհրդարանի վրա. եթե նախորդն անվանում էինք իրականում չընտրվածների, այս մեկն ի սկզբանե պիտի անվանվի չընտրածների։ Մենք պարզապես ընտրագյուտ ենք արել՝ օգտագործելով «Մարդը չկա, խնդիր չկա» հանրահայտ կարգախոսը։

Առաջիկա չորս տարում եւս հարկադրված ենք երկրի ղեկին չափազանց մոտ թողնել մարդկանց, որոնք երթեւեկության սեփական կանոններն ունեն։ Եվ ամենազավեշտականը, որ այս ամենը պիտի անվանենք ժողովրդավարական պետության կայացման գործընթաց՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով, երբ անգամ երկրի նախագահն է տարակուսում՝ եթե սա ու այսպես չէ այդ ազատն ու արդարը, ուրի՞շ ինչ կարելի է անել։ Ոչինչ։

Պարզապես միշտ գալիս է սեպտեմբերը։

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930