Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 01,1999 00:00
krtutyun

«Կրթությունը պատիվ է՝ ստացած կրթության պատիվը, մասնագիտության պատիվը, կրթություն ստացած անձի պատիվը»։

Մայրաքաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն տիկին Ռիմա Ալավերդյանի աշխատասենյակի պատին վերոնշյալի հետ կան նաեւ երկու այլ մտքեր, որոնք տնօրենինն են։ Տարիներ առաջ, ըստ տնօրենի, բուհ ընդունվելը շատ ավելի ազնիվ ճանապարհով էր կատարվում։ Նա եւս համաձայն է վերջերս հաճախակի արտահայտվող այն կարծիքների հետ, որ տրամաբանական չէ, երբ երեխան ոչ շատ երկար ընդմիջումից հետո բուհում կրկնում է այն քննությունները, որոնք ամիս ու կես առաջ արդեն հանձնել է դպրոցում՝ ստանալով հասունության վկայական։ Հետո խոսակցությունը դարձավ ավելի կոնկրետ, բուն դպրոցի մասին։ Վերջապես եկել է ժամանակը, որպեսզի ճշտվի դպրոցի առաքելությունը։ Ի վերջո, ինչպես պետությունը, այնպես էլ հասարակությունը ի՞նչ են պահանջում դպրոցից։ Նրանք բոլորն էլ ուզում են զուտ հարյուր տոկոսանոց, բարձր մակարդակի, հայրենասեր սերունդ։ Սրան էլ ավելացնենք այն, որ հասարակությունն էլ (բոլոր ծնողները մեկիկ-մեկիկ իրար գումարած) ուզում է, որ դպրոց ավարտած յուրաքանչյուր ոք հետո պարտադիր դառնա բուհի ուսանող։ Բայց դպրոցի առաքելությունն այն չէ, որ բոլոր ավարտողները բռնեն բուհի ճանապարհը։ Նույնիսկ տեսականորեն դա հնարավոր չէ։ Տարիների դիտարկումները տնօրենին բերել են այն համոզման, որ վերանայման կարիք ունեն դպրոցական շատ հարցեր։ Տասը տարի դպրոցը գիտելիքներ է տալիս աշակերտին, նաեւ՝ դաստիարակում։ Վերջինի դեպքում այսօր խաթարումները շատ են։ Դպրոցի շրջանավարտը բուհ է գնում, նրա դաստիարակության մասին խոսք անգամ չի ասվում։ Հանկարծ բուհը գտնում է, որ ամբողջ տասը տարիները դպրոցի հարկի տակ անտեղի են եղել, կատարած ամբողջ աշխատանքը կասկածի տակ է առնվում։ Վկայականն էլ կարծես թե դառնում է անցագիր։ Դասախոսները գտնում են, որ դպրոցը չի տվել այն, ինչ պետք է։ Բայց դասախոսը նեղ մասնագետ է։ Եթե ստվեր են գցում դպրոցի տվածի վրա, ուրեմն թող բարի լինեն մտնեն դպրոց եւ դասավանդեն։ Կարծես թե անուղղակիորեն արժեզրկվում են նաեւ մեր գնահատականները։ Չմոռանանք, որ ուսուցիչը պարապում է 25-30 հոգու հետ՝ չնչին ու նվաստացուցիչ աշխատավարձով։

Այլ վիճակում է գտնվում այն դասախոսը, որ ունի դիմորդներ։ Ինչ պարտադիր է, որ բոլորը բուհ գնան։ Կրկնելով իրեն՝ տնօրենը ավելացրեց.

– Բայց քանի որ կրթություն ստանալու (իսկ ես կասեի՝ ավելի ճիշտ փաստաթուղթ ունենալու) ցանկությունը համարյա բոլորի մոտ կա, ուրեմն թող բոլորն էլ գնան առանց քննության եւ սովորեն մինչեւ հունվար ամիսը։ Սակայն բոլորն էլ թող վճարեն, որը նպատակաուղղվի պետության հարստացմանը, եւ ոչ թե՝ դասախոսի։ Հունվարին արդեն դասախոսը կարող է ճշտել, թե ինչ է տվել այդ ուսանողին, իր հաղորդած գիտելիքների որ մասն է տեղ հասել։

Այս պարագայում եւս ուսանողական լսարանը պետք է լրացնեն միայն լավագույնները։ Տնօրենը գտնում է, որ նրանք էլ թող վճարեն։ Բերեց Ամերիկայի օրինակը, որտեղ բուհերում առաջին տարին վճարում է ուսանողը, 2-րդ կուրսը գերազանց ավարտողը՝ վճարի կեսը։ Իսկ հաջորդ կուրսերում, եթե պահպանում են գերազանց առաջադիմություն, արդեն պետությունն է վճարում ուսման համար։ Ուսանողը դառնում է արժեք, արժեւորվում, որովհետեւ այդ երկրին պիտանի մասնագետ է պետք։

Այդ՝ հեռավոր Ամերիկայում, որտեղ ասում են իբր թե արդարություն կա։

Իսկ մեզ մոտ, տեսնես, ամեն մի ուսանող չի՞ փորձի դառնալ գերազանցիկ՝ «անպայման իշխանուհի» հայտնի տարբերակի ձեւով։

Ճիշտ մոտեցման դեպքում կարդարացվի ստացած կրթությունը, այն կդառնա միջոց, դաստիարակության լավագույն միջոց. երկուսի զուգակցության պահանջը կա։

Այսպես զրուցելով՝ «գնացինք-հասանք» նախնադար։ Այն ժամանակ գաղափար չունեին կրթության մասին։ Բայց մարդիկ միասին որսի էին գնում, միասին պայքարում էին չար ուժերի դեմ, փորձում էին միասին իրենց համար ապաստարաններ ստեղծել։ Գուցեեւ կառուցել։ Իսկ դրանք ինքնաբուխ դաստիարակության տարրեր էին։

Փորձեցինք խոսք բացել հոգաբարձուների մասին, որի կարիքը դպրոցը զգում է։ Տնօրենը դա զրույցի այլ թեմա համարեց, բայց եւ նշեց, որ մենք՝ հայերս, մեր իրականության մեջ պետականորեն մտածող անհատներ ենք ունեցել։ Մանթաշովը, ով գիտե որտեղ էր սովորել, կրթություն ստացել։ Նա գումար էր ներդնում, որ մասնագետը հետագայում իր մոտ վերադառնա։ Թեկուզ եւ այդ գործունեության մեջ նեղ շահադիտականը աչքի է զարնել, բայց ազգի համար դա օգտակար է եղել։ Եվ ոչ մեկն էլ այն ժամանակ նրանց այնտեղ՝ հեռավոր արտասահմանում, չեն էլ հարցրել, թե ինչքան է քո վկայականի միավորը։

Այս մտքերը նաեւ ցանկություններ են, նաեւ՝ առաջարկություններ։ Ի վերջո, դպրոցի դերը, վարկը, կոչումը բարձրացնելու ցանկություններ։ Եվ եթե դրանք իրականություն դառնան, այսօրվա տասներորդցին դժվար թե առնչվի դրանց հետ։ Մեր երկրում օգտակար առաջարկությունները սկզբնական շրջանում խիստ կասկածով են ընդունվում եւ կյանքի ուղեգիր են ստանում խիստ ուշացումով։ Մտածելով, որ գուցե եւ այդ գործընթացին մասնակցեն այն աշակերտները, ովքեր մեկ ուսումնական տարի եւս սովորելու են դպրոցում։ Այդ իսկ պատճառով փորձեցինք զրուցել մի խումբ իններորդ դասարանցիների հետ։ Երեխաները նույնիսկ չգիտեին, թե այդ հարցերի վերաբերյալ ինչպիսին է իրենց տնօրենի կարծիքը։ Գագիկ Ղազարյանը կարծում է, որ հասունության վկայականի «գերազանցը» իր ուսուցչի գնահատականն է եւ բուհում չպետք է կասկածեն։ Դա վիրավորական է։ Եթե կասկած կա, ուրեմն թող բավարարվեն ստուգարքով։ Իսկ Անուշ Աղամալյանն էլ ավելի ամրապնդեց դասընկերոջ ասածը։ Ուսուցիչը շատ ավելի լավ է ճանաչում իր աշակերտին, իսկ դասախոսը աշակերտին հանդիպում է միայն քննության ժամանակ։ Նման դեպքում հնարավոր են նաեւ անհաջողություններ, որոնք կարող են ճակատագրական լինել։

Նրանք կարծիք հայտնեցին նաեւ «Քաղաքացիական կրթություն» նոր առարկայի մասին, նշեցին դրա օգտակարությունը՝ առանձնապես տնտեսագիտական գիտելիքների հարստացման գործում։

ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930