Հայաստանում ծխողներն ահռելի քանակ են կազմում եւ տարեկան միջին հաշվով 150 մլն դոլարի ծխախոտ է օգտագործվում։ Այն դեպքում, երբ ՀՀ առողջապահության տարեկան բյուջեն կազմում է ընդամենը 25 մլն դոլար։
Ծխում է բժիշկը, ինժեները, ուսուցիչը, ծխում են բոլոր բնագավառների աշխատողները։ Զարմանալի է, բայց փաստ, որ ծխող է երիտասարդության ճնշող մեծամասնությունը։ Շատերն աշխատանք էլ չունեն, հանապազօրյա հաց չեն կարողանում վաստակել, սակայն ծխում են, ծխում՝ ինչ պատահի, նյութական կորստի հետ մեկտեղ կորցնելով նաեւ առողջությունը։ Երբ զրուցում էի ինձ վաղուց ծանոթ գյուղացի երիտասարդների հետ, պարզվեց, որ գյուղի բոլոր տղաները ծխում են։
-Ի՞նչն է պատճառը, որ այդքան մեծ մասսայականություն է վայելում ծխելը,- հարցրի նրանցից մեկին։
-Ուզում են մեծերին ընդօրինակել,- ասաց նա,- սովորում են, հետո էլ մոլուցք է դառնում։
Կարդացեք նաև
-Ես ուզում եմ թարգը տալ,- ասաց տղաներից մեկը,- բայց չեմ կարողանում, շատ եմ փոշմանել, որ ծխել եմ սովորել։
Ավելի սարսափելին այն է, որ այսօր ծխում են նաեւ անչափահաս տղաները, երբեմն նույնիսկ չորրորդ, հինգերորդ դասարանների աշակերտները։
Ասենք թե դպրոցում նրանք քաշվում են, վախի ազդեցության տակ զսպում են իրենց, բա մի՞թե այդ մասին չգիտեն ծնողները, հարազատները, չե՞ն մտածում նրանց առողջության մասին, չե՞ն տեսնում գունատ դեմքերը, չե՞ն լսում հազը, որը սաստկանում է, երբ ծխախոտի տեսակը հաճախ փոխվում է։ Մարդիկ էլ կան, որ ծխում են նաեւ գիշերները, մի ծխախոտով մյուսն են վառում, մոռանալով, որ ծխախոտում պարունակվող խեժերը, նիկոտինը քայքայում են առողջությունը, առաջ բերում սրտանոթային համակարգի խրոնիկական խանգարումներ, թունավորումներ։
Երբ աշակերտներից մեկին մի օր դիտողություն արեցի ծխելու համար, նա պատասխանեց.
-Հապա ինչո՞ւ են մեր ուսուցիչները ծխում, նրանց վնաս չի՞ տալիս, ուսուցիչ կա, որ դասի ժամանակ էլ է ծխում։
Հիշեցի այն տարիները, երբ ուսուցիչներին արգելում էին ծխել՝ նախարարի հրամանով։
Եթե ինչ-որ տեղ, ինչ-որ ձեւով պատճառաբանվում է տղաների ծխելը, ապա, մեր կարծիքով, երբեք չի արդարացվում կանանց, աղջիկների ծխելը, որքան էլ «զարգացած» ու «քաղաքակիրթ» լինեն։ Մինչդեռ այսօր ռեստորաններում, սրճարաններում, զբոսայգիներում, ավտոմեքենաների մեջ, հիմնարկ-ձեռնարկություններում ավելի շատ ծխողները կանայք են, քան տղամարդիկ։ Ծխում են բացահայտ, ծխում են թաքուն, ծխում ցուցադրաբար։
Գիտեմ կանանց, որոնք ամուսինների ծխախոտի ծուխը, հոտը տանել չեն կարողանում։
-Զզվում եմ հոտից, բայց ի՞նչ կարող եմ անել,- ասում է կանանցից մեկը։
Հապա ամուսինը կնոջ հետ համբուրվելիս չի՞ զգում ծխախոտի հոտը, ծուխը, չի՞ զզվում դրանից, մանավանդ եթե ինքը ծխող չէ։
Չնայած կան տղամարդիկ, որոնք ոչ միայն դեմ չեն, որ իրենց կինը ծխում է, այլեւ երբեմն էլ նպաստում են դրան։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ ծխելը խիստ բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն կանանց առողջության, այլեւ հղիության ժամանակ պտղի զարգացման վրա։ Ինստիտուտներից մեկում աշխատում էր երիտասարդ մի կին։ Հղի էր, սպասում էր երկրորդ երեխային։ Իսկ առաջին երեխան վատառողջ էր ծնվել։ Բժիշկները նրան ասել էին, որ դա ծխելու պատճառով է։ Այդ բոլորից հետո նա շարունակում էր ծխել հղի ժամանակ։ Աշխատանքային ընկերների խորհուրդները չէր լսում։ Մի օր էլ տղամարդկանցից մեկը որտեղից-որտեղ բերեց եւ պատին փակցրեց մի պլակատ, որի վրա պատկերված էր հղի կնոջ ուրվագիծը՝ ծխախոտով խաչ քաշված մարմնի վրա։ Նա նայեց այդ նկարին, զայրացած դուրս եկավ սենյակից… ու շարունակեց ծխել։ Ծնվեց երկրորդ տղան, ցավոք, թույլ եւ մինչեւ օրս ինքն էլ, երեխան էլ տանջվում են…
Իսկ թե որքան է այդպիսի երեխաների թիվը, թող հետազոտությունները պարզեն եւ մի անգամ եւս ցույց տան ծխախոտի վնասները կանանց համար։ Մեր կարծիքով, միանգամայն անընդունելի է, երբ ծխում են մատաղ սերնդի, երիտասարդության դաստիարակությամբ զբաղվող ուսուցիչները, կին դասախոսները, մանավանդ դպրոցների կին տնօրենները։
Ինչպե՞ս կարող է կին տնօրենը դիտողություն անել ծխող աշակերտին, երբ ինքը ծխող է, թեկուզեւ երբեմն խուսափում է աշակերտների ներկայությամբ ծխելուց։ Վերջապես կինը գեղեցիկ է կանացիությամբ, քնքշությամբ։ Իսկ ծխախոտը նրան դարձնում է վուլգար, վանող, զրկում կանացիությունից։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխելը ոչ միայն վնասակար է ծխողների, այլեւ նրանց համար, ովքեր չեն ծխում։ Անցնելով թոքերի միջով, ծուխն արտաշնչմամբ դուրս է գալիս, թունավորում օդը եւ ավելի վտանգավոր դառնում։ Այն շնչում են նաեւ չծխողները կամ, այսպես կոչված, պասիվ ծխողները։
Այդ պատճառով տարեկան 35 հազար մարդ հիվանդանում եւ մեռնում է քաղցկեղից կամ այլ հիվանդություններից։ Դա պետք է լավ հասկանան ծխողները եւ հատկապես կանայք՝ ապագայի մայրերը։ Այսօր ամբողջ աշխարհը պայքարում է ծխելու դեմ, առանձին տեղերում ծխողների համար նույնիսկ տուգանքներ են սահմանված։ Սոչին դեռեւս 30 տարի առաջ հայտարարված էր չծխողների քաղաք, բազմաթիվ քաղաքների ռեստորաններում արգելվում է ծխելը։
Իսկ մեզ մոտ ծխողների թիվը, հատկապես երիտասարդ կանանց ու աղջիկների շրջանում, գնալով մեծանում է, դադարում մոդա լինելուց։ Այդ ամենի համար անհանգստանալը քիչ է, այն կանխելու համար պետք է գործնական քայլերի դիմել։
ԿԱՌԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Որքան կտրուկ, խիստ, տեղ-տեղ՝ նահապետական եւ տեղ-տեղ՝ միամիտ են մեր հոդվածագրի մտքերը, այդուհանդերձ, դրանք նաեւ խիստ օգտակար են եւ գրեթե համահունչ Առողջության համաշխարհային կազմակերպության հակածխախոտային ծրագրի դրույթներին։