Երբ մայիսի 30-ին, ժամը 17-ի կողմերը բանից անտեղյակ հայտնվեցի «Միասնություն» դաշինքի շտաբում, օդում ակտիվորեն թեւածում էր խուճապը։ Սկզբից այն տպավորությունն էր, թե խուճապի հիմնական պատճառը տարբեր տեղամասերում տեղի ունեցած միջադեպերն էին։
Սակայն քիչ անց պարզվեց, որ խոսքը այն միջադեպերի մասին է, որոնք համատարած էին բոլոր տեղամասերում. ընտրացուցակների սխալները, ընտրազանգվածի մի զգալի մասին պարզապես զրկում էին ընտրելու իրավունքից։
Շտաբի համանախագահ Արմեն Խաչատրյանը լարվածությունից քրտնած՝ հետեւելով «Հայլուրի» հաղորդագրություններին, ջղային նետեց. «Մի՞թե այս երկրում գոնե մի անգամ մի բան կարգին չի լինելու»։
Երբ այս կապակցությամբ փորձեցի ճշտել, թե ընտրազանգվածի քչությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների վերջնական պատկերում «Միասնության» տոկոսաչափի վրա, դաշինքի մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե տոկոսային հարաբերությունների փոփոխությանն է վերաբերում, այլ խորհրդարանի համեմատական լեգիտիմության հարցին։ Այսինքն՝ ընտրողների 20-30 տոկոսի ձայներով ընտրված խորհրդարանը, որքան էլ առանց խախտումների անցնեն ընտրությունները, միեւնույն է, ինքն իրեն լիարժեք լեգիտիմ չի կարող զգալ։
Կարդացեք նաև
Ավելի ուշ, ժամը 19.00-ի կողմերը, երբ արդեն դաշինքի ներսում վերջնականապես համոզվել էին, որ իրենց տղաները Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ նույնիսկ կողմնակի մասնակցություն չեն ունեցել, լարվածությունը սկսեց ընկնել։ Հեռավոր շրջանների գյուղերից եկող հաղորդագրություններն արդեն իսկ հայտնում էին, որ ընտրազանգվածը որքան էլ ցուցակներում չլինի, այնուամենայնիվ, մասնակցությունը մոտենում է 50 տոկոսի սահմանագծին, ինչը վերոնշյալ համեմատական լեգիտիմության տեսության առումով բավական դրական ցուցանիշ է։ Հանգստացած միասնականները սկսեցին հիմա էլ իրենց տանջել այն հարցով, թե ի վերջո ո՞վ է վերոնշյալ «ֆոկուսի» հեղինակը։ Ավելի ուշ շտաբի համանախագահ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ընտրություններն անցկացնելու անպատրաստվածության մեջ մեղադրեց կառավարությանը։ (Ա. Մարգարյանի հետ հարցազրույցը՝ վաղվա «Առավոտում»)։ Եվ որքան էլ տողերիս հեղինակը թե՛ նրա հետ զրույցի ժամանակ, թե՛ դաշինքի մյուս անդամներին հարցուփորձ անելով, փորձում էր կոնկրետացնել, թե ով է շենք առ շենք, մուտք առ մուտք, բնակարան առ բնակարան, ցուցակներից միտումնավոր անհետացրել ընտրողների երեւի թե 10 (՞) տոկոսին, այդպես էլ չլսեց կոնկրետ անուն։ Համենայնդեպս, ակնհայտ էր, որ սա մի թաղապետի կամ մի կուսակցության խելքի բանը չէր։
Ժամը 21-22-ը շտաբում սկսեցին ոգեւորության բացականչությունները։ Արդեն որոշ տեղերից հաղորդագրություններ էին ստացվում այն մասին, որ «Միասնությունը» համամասնականով ավելի շատ ձայն է ստացել (տոկոսային հարաբերությամբ), քան սպասում էին։ Ոգեւորությունը րոպե առ րոպե աճում էր։ Քիչ անց եկավ Վազգեն Սարգսյանը։ Դաշինքի ղեկավարությունը սկսեց տոնել առաջիկա հաղթանակը։ Ժամը 24.00-ի դրությամբ «Միասնության» գրեթե ողջ ղեկավարությունը բավական հաջող գինովցած էր։ Ուրախալի լուրերը սկսեցին ավելի հաճախակի ստացվել, այս անգամ՝ ոչ միայն համամասնականի, այլեւ՝ մեծամասնականի առումով։ Կեսգիշերից երկու ժամ անց արդեն հայտնի էին մեծամասնականով ընտրված արդեն մեկ տասնյակից ավելի պատգամավորների անուններ։ Եվ թեպետ ոչ ոք չէր հաստատում այս կամ այն թեկնածուի ընտրվելու լուրը, բայց «ոնց որ անցել է» պատասխանի ուրախալի տոնից արդեն ամեն ինչ պարզ էր դառնում։ Միջանցքում հավաքվածները իրար անեկդոտներ էին պատմում, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին ընտրություններին։ Այդ ժամանակ ներկաներից մեկը պատմեց ամենայն հայոց վերջին ընտրությունների թերեւս ամենահաջող անեկդոտը. մի օր, նույն ընտրատարածքում քվեարկվող եւ Խաչատուր Սուքիասյանի ամենաուժեղ մրցակիցը համարվող Գագիկ Բեգլարյանը քնից արթնանում է եւ տեսնում, որ իր տան բակը Սուքիասյանի կողմնակիցները արագ-արագ ասֆալտապատում են….
Ժամը 3.00-ին «Միասնություն» դաշինքի շտաբը սկսեց դատարկվել։ Հոգնած, մի թեթեւ էլ խմած, արդեն՝ գրեթե պատգամավորները, սկսեցին ցրվել իրենց տները։
Երեկ առավոտյան խանդավառության գիշերային տեմպը պահպանվում էր։ Եվ թեպետ ակադեմիայի միջանցքում գիշերը կարելի էր լսել «մեր սպասածից ավելի շատ է», «համարյա 65 տոկոս» արտահայտությունները, առավոտյան պարզվեց, որ խոսքն առայժմ գնում է 53 տոկոսի մասին։ Վահրամ Բրուտյանն այս կապակցությամբ ասաց, որ չի բացառվում, որ Երեւանի եւ մի շարք շրջանների տեղամասերից սպասվող թվերի արդյունքում «Միասնության» տոկոսը ավելի բարձր ցուցանիշի վրա կանգ առնի։
Ինչեւէ, ակնհայտ է, որ խորհրդարանի մեծամասնությունը կազմելու է «Միասնություն» կամ «Միասնություն +» դաշինքը։ Ակնհայտ է նաեւ, որ այս ուժը կազմելով խորհրդարանի 2/3-ը, ցանկացած պահի կարող է լուրջ հակակշիռ հանդիսանալ նախագահական իշխանության համար։ Չնայած այս հանգամանքին, դաշինքի ղեկավարները պնդում են, որ իրենց հիմնական գործառույթը լինելու է նախագահի հետ համագործակցությունն ու նրան սատարելը։ Իսկ դա արդեն ժամանակը ցույց կտա։
Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ