Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»

Հունիս 01,1999 00:00
Vazgen sargsyan

Դեռեւս ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի չեն, բայց ակնհայտ է, որ «Միասնություն» դաշինքը գրավելու է ապագա խորհրդարանի մեծամասնությունը, գուցեեւ՝ 2/3-ը։

Առաջին հարցը, որ քննարկելու է խորհրդարանը, լինելու է նոր կառավարության ծրագրի քննարկման հարցը։ Այս առումով, ըստ երեւույթին, առաջիկա 15-20 օրերին թիվ 1 հարցը, որ անհանգստացնելու է հանրապետության քաղաքական գործիչներին եւ հասարակ մահկանացուներիս զգալի մեծամասնությանը, այն է, թե ո՞վ է լինելու մեր նոր վարչապետը։

Իհարկե, կարելի է ենթադրել, որ ՀՀ նախագահը որպես նոր վարչապետի թեկնածու կարող է առաջադրել Արմեն Դարբինյանի թեկնածությունը, բայց սա ակնհայտորեն չի պաշտպանվի խորհրդարանական մեծամասնության կողմից, եւ դժվար թե այդ թեկնածուին ծափահարի հանրապետության բնակչության զգալի մեծամասնությունը։ Արդեն իսկ քաղաքական շրջանակներում որպես վարչապետի հավանական թեկնածուներ սկսել են հնչել Խոսրով Հարությունյանի եւ Վազգեն Սարգսյանի անունները։ Եթե առաջինի թեկնածության հարցի բարդությունը նախագահի կողմից առաջադրվելու հավանականության մեջ է, ապա Պաշտպանության նախարարի հարցում ավելի շատ բարդություն կարող է առաջանալ վերջինիս կողմից չհամաձայնվելու կապակցությամբ։

Երեկ հաջողվեց այս առումով հարց ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։

– Պարոն նախարար, փաստորեն ձեր դաշինքը կձեւավորի խորհրդարանի մեծամասնությունը եւ ակնհայտ է, որ վարչապետի թեկնածությունը քննարկվելու է հիմնականում «Միասնության» հետ։ Դաշինքն արդեն ունի՞ իր նախընտրած թեկնածուն։

– Դեռեւս վարչապետի թեկնածություն կոնկրետ չի քննարկվել։ Նախագահը դեռ որեւէ մեկին չի առաջարկել. թերեւս այսօր-վաղը, երբ ավելի հստակ կդառնան ընտրությունների արդյունքները։ Նախագահը հակված է քննարկելու քաղաքական մեծամասնության հետ վարչապետի թեկնածությունը։ Ում որ կառաջարկի նախագահը՝ մեկ կամ երկու մարդու, երեք մարդու, մենք պատրաստ ենք լուրջ քննարկել եւ գտնել լուծումներ։

– Իսկ եթե քննարկվի Ձեր թեկնածությունը, կհամաձայնվե՞ք։

– Ես մեկ անգամ արդեն ասել եմ. ես զինվոր եմ։ Ես իմ տեղում ինձ շատ լիարժեք եւ ճիշտ եմ զգում։ Բայց եթե այնպես ստացվի, որ քննարկվի նաեւ իմ թեկնածությունը որպես ելքերից մեկը. ես զինվոր եմ, նախագահի հրահանգը կկատարեմ, դաշինքի հրահանգը կկատարեմ… Բայց ասվածը հավանականության տեսության մեջ է, ոչ թե… ուղղակի պատասխանում եմ ձեր հարցին։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930