Մայիսի 30-ին կայացած ընտրությունները սառը ցնցուղի դեր են խաղացել գրեթե բոլոր ընտրական միավորումների ու կուսակցությունների համար։ Ամեն ինչ հաշվարկված էր ջախջախիչ հաղթանակ ձեռք բերելու համար։ Հաշվարկված էին անգամ ձայները, հաշվարկված էր ընտրական հանձնաժողովների «մերային» գործունեությունը։
Սակայն, ըստ երեւույթին հաշվարկված չէին շատուշատ խոչընդոտներ, որոնք արհեստականորեն (թե՞ գուցե հակառակը) դրվեցին ընտրական միավորումների ընտրազանգվածի ուսերին։ Երեկ մենք այցելեցինք «Իրավունք եւ միաբանություն» նախընտրական շտաբ, ուր եւ զրուցեցինք շտաբի անդամ, ԿԸՀ-ում դաշինքի ներկայացուցիչ Սեդրակ Վարդանյանի հետ (ԱԺ պատգամավորության թեկնածուները «հանգստանում» էին- Ռ. Մ.)։
– Պրն Վարդանյան։ Փաստորեն ավարտվեցին ընտրությունները։ Կուզեի իմանալ Ձեր նախնական տպավորությունները։ Արդյոք սպասո՞ւմ էիք ընտրությունների կազմակերպման նման ընթացք։
– Վերջին 10 տարում այդպիսի անկազմակերպ ընտրություններ տեղի չէին ունեցել։ Խոսքը վերաբերում է մինչեւ քվեարկության պահը, առաջին հերթին՝ ընտրողների ցուցակների կազմմանը, որտեղ բազմաթիվ դեպքեր ինքս եմ արձանագրել։ Մարդիկ 10 տարի գտնվել են ցուցակում, բայց երեկ չգիտես ինչու ցուցակից բացակայում էին։ Կային այսպիսի դեպքեր էլ, երբ քվեարկությունից 2-3 օր առաջ նրանք եղել են տեղամասում փակցված ցուցակներում, իսկ քվեարկության օրը… հանվել են ցուցակից։ Եվ դատարանի ճանապարհն էլ նրանք դժվարանում էին գնալ, քանի որ այն բավականին հեռու էր, եթե հաշվի առնեինք նաեւ ժամանակը։ Մարդիկ կային, որ եկել էին ժ. 19.00-ից հետո եւ ֆիզիկապես չէին հասցնի գնալ դատարան՝ տեղեկանքներ վերցնելու։ Ընտրական բազմաթիվ տեղամասերում հարմարավետ պայմաններ չէին ստեղծված ե՛ւ հանձնաժողովի անդամների, ե՛ւ դիտորդների, ե՛ւ վստահված անձանց համար, որպեսզի տեսանելի լինեին քվեախցիկը, ստորագրությունների մատյանները, քվեատուփը… Որոշ թեկնածուների վստահված անձինք մեծ քանակությամբ ավտոտրանսպորտ էին «մոբիլիզացրել» եւ ընտրողներին բերում էին տեղամաս։ Կուտակումները դրանով էին պայմանավորված։ Այդտեղ էլ ուղղություն էին ցույց տալիս ընտրողներին…
Կարդացեք նաև
– Այսինքն, քարոզչությո՞ւն էր տեղի ունենում…
– Այո, ինչպես Արաբկիրի թիվ 4 տարածքում։
– Ձեր շտաբի ներքին տվյալներով մոտավորապես ինչքա՞ն էին խախտումները եւ ի՞նչ բողոքներ եք փաստացի ուղարկել ԿԸՀ, ՄԸՀ…
– Մեծամասնական ընտրակարգով առաջադրված տարածքներում մեր կողմից արձանագրված խախտումները հանձնաժողովների նախագահների կողմից չէին գրանցվում մատյաններում։ Մենք խախտումների արձանագրությունները ներկայացրել ենք ՄԸՀ, միեւնույն ժամանակ ժ. 19.45-ին ԱԺ պատգամավորության թեկնածու Հրանտ Խաչատրյանը, ինչպես նաեւ «Միասնության» թեկնածու Նարինե Դիլբարյանը հայտարարություն ներկայացրին ՄԸՀ, որով պահանջում էին դադարեցնել ընտրությունների ընթացքը, որովհետեւ այն մթնոլորտում, որով ընթանում էին ընտրությունները, հնարավոր չէր շարունակել…
– Պրն Վարդանյան, անկախ վերջնական արդյունքներն իմանալուց, ի՞նչ եք կարծում. «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը հանդես կգա՞ քաղաքական հայտարարությամբ կամ ի՞նչ քաղաքական միջոցառումներ են սպասվում։
– Ինչ վերաբերում է ընտրությունները չեղյալ հայտարարելուն, քանի դեռ մենք ամբողջական ինֆորմացիա չունենք մարզերից, դեռեւս չենք կարող որոշել մեր առաջիկա քայլերը։ Իմ կարծիքով, Երեւանի այն տարածքներում, որտեղ եղել են մեր թեկնածուներն առաջադրված, մենք պահանջելու ենք, որ այնտեղ չեղյալ համարվեն ընտրությունները։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ