Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՐԱԾ ՄԵԿ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ

Հունիս 01,1999 00:00
yntrutyun

Գիշերային դիտարկումներ

Ինչպես, հավանաբար, ողջ հանրապետությունում, այնպես էլ Աջափնյակում գտնվող թիվ 014/2 ընտրատեղամասում, ընտրողների հոսքը դադարեցվեց ժամը ուղիղ 20։00-ին։

Դրսում էլ ընտրողներ չկային, որոնց քվեարկությանը մասնակցելու հերթ չհասներ։ Եվս մի 15-20 րոպե անցավ, մինչեւ վերջին ընտրողն իր քվեաթերթիկը բաց թողեց արկղի անցքից ներս ու հետո մի փոքր, կարծես, մեղմվեց օրվա ընթացքում նկատելի թե աշխատանքային եւ թե վերահսկողական լարվածությունը։

Վերջին քվեարկողի՝ արկղին մոտենալիս Հայկոմկուսի ներկայացուցիչը նույնիսկ բացականչեց.

-Բա ասում են՝ հայերս անկարգապահ ժողովուրդ ենք, տեսնում եք ինչ օրինակելի ընտրություն անցկացրեցինք։

Տեսակետի հետ, կարծես, հակված էին համաձայնել բոլորը։ Սակայն, ավելի ուշ, տեղամասային հանձնաժողովում ԱԺՄ-ի ներկայացուցիչը՝ կիրթ վարմունքով տարեց մի կին, որն ամբողջ ընտրական օրն անցկացրել էր քվեատուփի կողքին՝ մեկիկ-մեկիկ ստուգելով քվեաթերթիկները, նկատել տվեց՝ տվյալ ընտրատեղամասում գործի է դրվել ընտրող բերելու պրակտիկան, ինչը, սակայն, կանոնակարգված չէ Վիկտոր Դալլաքյանի գրած Ընտրական օրենսգրքով։ Իսկ բերողները տվյալ տեղամասում եղել են թեկնածուներից մեկի կողմնակիցները, որը մի քանի օր առաջ Աջափնյակում «Միասնության» միտինգի ժամանակ մի պահ կանգնել է Վազգեն Սարգսյանի կողքին, ու բոլորը տեսել են դա։

Եվս մեկ դիտարկում՝ կուսակցությունները բացահայտ առուվաճառքի եւ փոխանակման գործընթացներով են կազմավորել հանձնաժողովները։ Օրինակ, «Հայրենիք» դաշինքը ներկայացնում էր մի «կիսախարոշի, իր ասելով՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, որը նույնիսկ չգիտեր էլ, թե տվյալ ընտրատարածքում «Հայրենիքը» պաշտպանյալ ունի՝ ի դեմս Հովհաննես Թոքմաջյանի։ Ակնհայտ էր, որ նա հակված է պաշտպանել փողատեր թեկնածուներից մեկի շահերը։

Մի խոսքով, թեկուզեւ կուսակցական գծով՝ վստահված անձինք իրականում անկուսակցական թեկնածուների ներկայացուցիչներ էին։

Գրեթե նույնն էր վիճակը նաեւ հանձնաժողովում։

«Շամիրամը» սկզբից իր տեղերը փոխանցել է ԱԺՄ-ին, իսկ հետո որոշել է, թե ավելի լավ է, որ դրանք «Միասնության» ներկայացուցիչները գրավեն, եւ հանձնաժողովի կազմում շտկվել է «վրիպակը»։

Հիմա դառնանք բուն ընտրական պրոցեսին մեկ, առանձին վերցրած, թիվ 014/2 ընտրատեղամասում։ Քվեարկության արդյունքների ամփոփումն Ընտրական օրենսգիրքը թեպետ դետալացրել է, սակայն սահմանել է խիստ «ջանջալ» գործընթաց։ Այս ընտրությունն աննախադեպ էր նաեւ նրանով, որ 21 ընտրամիավոր էր մասնակցում եւ մեկիկ-մեկիկ քվեատուփից հանելով նրանց ձայները «կրող» թերթիկները, հարկավոր էր դրանք տեսակավորել։ Իսկ եթե սրան էլ գումարվում է անկազմակերպվածությունը կամ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի եւ քարտուղարի դանդաղկոտությունը, ինչը տվյալ ընտրատարածքում առկա էր, ապա՝ լավագույն հեռանկարները չէ, որ սպառնում են 12 ժամվա ընթացքում արդյունքները հայտարարելու առումով։ Հիմա ներկայացնենք համամասնական քվեարկության արդյունքները, որից պարզ կդառնա, թե որքան ձայն է փոշիացել փոքր կուսակցությունների հանգանակում։

Միասնություն- 445

Իրավունք եւ միաբանություն-201

ԱԺՄ- 146

ՀՅԴ- 91

Արժանապատիվ ապագա- 61

ՀԿԿ- 57

Հայրենիք- 36

Հզոր հայրենիք-24

Կոմսոցուժեր- 20

ԱԻՄ- 20

Օրինաց երկիր-16

Ազատություն- 15

ՀՀՇ- 11

Սոցուժեր եւ մտավորականներ- 9

ՀՌԱԿ- 7

ՀԴԿ- 7

Շամիրամ- 5

Առաքելություն- 5

Ազատ Հայք- 3

Ազգային պետություն- 3

Երիտկուս- 1

Տեղամասում քվեարկությանը մասնակցել է մոտ 1280 ընտրող։ Այնպես է ստացվում, որ մոտ 500 ձայն փոշիանում է՝ բաժին ընկնելով 5% չհաղթահարող միավորներին։ Իսկ դա բավականին պատկառելի տոկոս է դառնալու հանրապետությունով մեկ՝ որոշակի համամասնություններով բաժին ընկնելով առաջանցիկ ընտրամիավորներին։

Հետաքրքիր մեկ իրողություն եւս։ Թեպետ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը տեղամասում ստացել էր 201 ձայն, սակայն նրա պաշտպանյալ Աղասի Արշակյանին ընդամենը 78 քվե էր բաժին ընկել։ Իշխանյան Ավետիքին տրվել է 178, «Միասնության» ներկայացուցիչ Արմեն Հակոբյանին՝ 147, Աղվան Վարդանյանին՝ 144, Հովհաննես Թոքմաջյանին՝ 61, Խորեն Թռչունիչին՝ 38 ձայն։

Չգիտես ինչ տրամաբանությամբ, դեռեւս գիշերով, տվյալ տեղամասում ընդամենը 5-րդ տեղը գրաված Հարութ Փամբուկյանի (131 ձայն, չշփոթել Ձախ Հարութի հետ) կողմնակիցները տարածում էին, թե նա հաղթել է։ Այդ հիմքով էլ եղավ մի պահ, որ թեկնածու Մանվել Միքայելյանը (287 ձայն) մի պահ որոշեց «հետ կանչել» իր վստահված անձանց եւ հանձնաժողովի քարտուղարին, որը ներկայացնում էր նրա շահերը, կարծելով, թե խաղը տանուլ է տրված դեռեւս լույսը չբացված։

Իսկ լույսը բացվելիս, 6։15, հանձնաժողովը դեռեւս ձեռքի տակ տվյալ չուներ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ. Գ. Սակայն պարզվում է, որ լույսը բացվելուց հետո էլ, այս ընտրատարածքի արդյունքները, որոնք ներկայացված են վերեւում, այդպես էլ պաշտոնապես չեն հայտարարվել։ Կեսօրին մոտ այնտեղ են եղել մարզային ընտրական հանձնաժողվի անդամները եւ արձանագրել, որ օրենքով պահանջվող 12 ժամում արդյունքները չեն հայտարարվել։ Իսկ հարեւան՝ 02/015 ընտրատեղամասում, հանձնաժողովն ինքն է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ էլի չի տեղավորվել օրենքով սահմանված 12 ժամվա մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930