Զանգվածային լրատվության միջոցների Եվրոպական ինստիտուտը (ԶԼՄԵԻ), Հայաստանում խորհրդարանական ընտրություններից 30 օր առաջ (մայիսի 1-ին) սկսեց իր դիտարկումները «ԶԼՄ-ները եւ ժողովրդավարությունը» ծրագրի շրջանակներում։ Սա նրանց կողմից Հայաստանում անցկացվող 4-րդ առաքելությունն էր։
Դիտարկումն անցկացվել է քանակական եւ որակական մեթոդներով։ Ուսումնասիրվել են Երեւանի, Գյումրիի եւ Աշտարակի ութ հեռուստաալիքները, ինչպես նաեւ հանրապետությունում տպագրվող 12 թերթերը։ Քանակական վերլուծությունն իրականացրել է տեղական փորձագետների խումբը՝ Մարկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Որակական վերլուծության են ենթարկվել ԶԼՄ-ների քաղաքական բովանդակությունը, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների հետ զրույցների տվյալները։ ԶԼՄ-ների գործունեությունից Եվրոպական ինստիտուտը գոհ է։ Որոշ խախտումներ գրանցվել են, սակայն դրանք այնքան նշանակալի չեն եղել, որ էապես անդրադառնան ընտրարշավի լուսաբանման վրա։ Պետական լրատվամիջոցները եվրոպացիների կարծիքով կատարել են իրենց պարտքը քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների նկատմամբ։ Դիտարկման արդյունքում պարզվել է, որ ամենաշատը լուսաբանվել են ՀՅԴ-ն, «Միասնություն» դաշինքը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը։
Եվրոպայի մեր բարեկամները դժվարացել են իրենց դիտարկման ընթացքում գտնել անկողմնակալ նմուշներ։ Բայց եւ այնպես, որպես առավել անկողմնակալ գտել են «Առավոտը» եւ «Գոլոս Արմենիին», սակայն այստեղ էլ որոշ կողմնակալություն են նկատել. «Այսպես, «Առավոտ» եւ «Գոլոս Արմենիի» անկախ թերթերը ընդգծված քննադատական վերաբերմունք ունեին ընտրությունների եւ քաղաքական կուսակցությունների նկատմամբ, սակայն նրանց տեսանկյունները տրամագծորեն տարբերվում են։ «Գոլոս Արմենիի» թերթի քննադատությունն ուղղված էր ՀՀՇ-ի դեմ, մինչդեռ «Առավոտի» քննադատության թիրախ էին բոլոր կուսակցությունները՝ բացառությամբ ՀՀՇ-ի»։ ԶԼՄԵԻ-ի ներկայացուցիչներն իրենց նախնական եզրակացության մեջ հատուկ շեշտել էին. «Առավոտի» խմբագիր եւ հանրաճանաչ հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը փաստեց. «Այս ընտրություններին մասնակցող կուսակցություններից եւ ոչ մեկն արժանի չէ տեղ զբաղեցնելու 20-րդ դարավերջի խորհրդարանում»։ Հեռուստաընկերություններից ամենաանկողմնակալն ու օպերատիվը համարվեց «Ա1+» հեռուստաընկերությունը։ Լրատվական հաղորդումները, հատուկ ծրագրերն ու գովազդային հոլովակները միասին հաշված, «Միասնությունը» ստացել է 6 ժամ 15 րոպե, ՀՅԴ-ն՝ 4 ժամ 47 րոպե, հաջորդը՝ Կոմկուսն է՝ 3 ժամ 41 րոպե։ Եվրոպացիները լուսաբանումները հիմնականում չեզոք են գնահատել, թեպետ, նրանց ասելով, ավելի դրական մոտեցում է նկատվել դաշնակցության եւ «Միասնության» հանդեպ։
ԶԼՄ-ների նախընտրական պահվածքը գնահատվեց առավել բարձր, քան նախորդ ընտրությունների ընթացքում։ ԶԼՄԵԻ-ն, իր ասելով, «շահույթ չհետապնդող, ոչ կառավարական, քաղաքական ուղղվածություն ունեցող հետազոտական ինստիտուտ է, որը հայ լրագրողներին ԽՍՀՄ արշինով չափելով, «լավ» գնահատեց, իսկ եվրոպականով՝ ավելի պակաս»։
Կարդացեք նաև
Մ. Ե.