Լրահոս
Օրվա լրահոսը

HAY, EVROPARLIAMENT

Հունիս 01,1999 00:00
eahk

Ի տարբերություն 1995, 96 եւ 98 թթ. ընտրությունների, որոնք ԵԱՀԿ դիտորդները գնահատել էին որպես «ազատ, բայց ոչ արդար», մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունները որակվեցին արդեն որպես «հանդուրժողական, բայց ոչ թափանցիկ»։

ԵԱՀԿ դիտորդները՝ հաշվի առնելով մեր ազգային ամոթխածությունը եւ սերը առ ամեն ոչ թափանցիկը, հայտնեցին, որ հունիսի վերջին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելու հարցը։ Այս հաճելի լուրի հեղինակները ԵԱՀԿ ներկայացուցիչ Հեննիկե Գելդերբլոմ-Լանքովթը, Ժողովրդական հաստատությունների եւ Մարդու իրավունքների հայաստանյան գրասենյակի ղեկավար Նիկոլայ Վուլչանովն ու ԵԱՀԿ առաքելության ղեկավար տիկին Թինսբորն էին, որոնք էլ երեկ ներկայացրին իրենց դիտարկումների արդյունքները։ Նախ՝ նրանց տեսողությունը ֆիքսել էր, որ այս ընտրությունները 95, 96 եւ 98 թթ. ընտրությունների համեմատ մի քայլ առաջ են գնացել եւ «արձանագրվել են բարելավումներ»։ Դիտորդները տխրել էին, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին պետական հեռուստաժամեր չէին տրվել, բայց ամեն ինչ կորած չէր. որեւէ սահմանափակում չի եղել վճարովի եթերաժամերում։ Ամենակարեւոր առաջընթացը, ըստ այս եվրոպացիների, այն էր, որ Հայաստանում «հարգվել են միություններ եւ դաշինքներ կազմելու ազատական իրավունքները»։

Դիտորդները, հավանաբար, տեղյակ չեն, որ անկախ ամեն ինչից՝ հայ ժողովրդի փրկությունը հենց միասնության (եւ դաշինքների) մեջ է։ Դիտորդները պնդում էին նաեւ, որ որեւէ քաղաքական ճնշումներ իրենք չեն նկատել։ Անգամ դրանց մասին չեն լսել։ Նրանց հաճելի էր, որ նախկինում կասեցված կուսակցությունը նույնպես մասնակցում է ընտրություններին, իսկ կուսակցությունների եւ պատգամավորության թեկնածուների գրանցման ընթացքը շատ հանդուրժողական էր, բայց ոչ թափանցիկ (լա՜վ, էլի – Լ. Ա.)։ Ուրիշ բան, որ կուսակցություններն ու թեկնածուները, անգամ քաղաքացիները, «կարողացան քարոզչությունը տանել բացեիբաց, առանց ահաբեկչության»։ Այստեղ արձանագրենք, որ հայերենի չիմացությունը մեր սիրելի դիտորդներին թույլ չի տվել լսել կամ կարդալ ականջի եւ աչքի համար ոչ հաճելի լուրեր ծեծկռտուքների, ահաբեկչությունների եւ նման այլ նախընտրական ատրիբուտների մասին։

Ինչ վերաբերում է ընտրությունները բոյկոտած կուսակցություններին եւ ընտրողներին, ապա ԵԱՀԿ դիտորդները այստեղ էլ են առաջնորդվում «Վատը լավ եմ տեսնում ես» սկզբունքով. անկախ նրանից, թե ինչու են կուսակցությունները բոյկոտում ընտրությունները, ամեն դեպքում «ի վիճակի են եղել արտահայտելու իրենց կարծիքը»։ Այլ բան է, եթե ի վիճակի չլինեին։

Ճիշտ է, ընտրացուցակներում կան անթիվ-անհամար անճշտություններ, ընտրատեղամասերում հայտնվել են չլիազորված անձինք, ընտրական հանձնաժողովների կազմավորումն ու ձեւավորումը «թափանցիկ» չէր, բայց, ա՛յ, Ընտրակա՜ն օրենսգիրքը որոշակիորեն կատարելագործվել է։

Եվ սա լավ է- «very good»։ Դիտորդներին լուրջ մտահոգություն պատճառողը զինվորականների «ռազմականացված» քվեարկությունն էր։ Այն, որ ցուցակները օրենքով նախատեսված կարգով չեն թարմացվել, տասնյակ հազարավոր մարդկանց ընտրելու սահմանադրական իրավունքը ոտնահարվել է, մեր դիտորդները սրանում «որեւէ քաղաքական դիտավորություն» չեն տեսել։ Եզրակացնել, թե նման խախտումները կարող էին անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա, դիտորդները չցանկացան կամ չկարողացան. նրանց կարծիքով այս հարցին կարող են պատասխանել միայն Հայաստանի դատարանները։ Հարցերին պատասխանելու իմիտացիայի ինստիտուտը, որքան հասկացա, հարգի է նաեւ եվրոպացիների մոտ։ «Ի՞նչ կարգի խախտումների դեպքում ընտրությունները ոչ արդար կհամարեիք», կամ «Չե՞ք պատրաստվում Հայաստանից ներողություն խնդրել նախորդ տարիների ընտրությունների մասին ոչ արդարացի եզրակացությունների համար» եւ նման այլ հարցերի դիտորդները պատասխանում էին շատ երկար եւ անորոշ։

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակման ուշացումը վերագրվեց տեխնիկական պատճառներին եւ ըստ դիտորդների՝ սասանեց ընտրողների հավատը ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Բայց, ոչինչ, «1999 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մի քայլ են դեպի ԵԱՀԿ հանձնառությունների կատարում։ Մենք պնդում ենք, որ նոր խորհրդարանն ու իշխանությունները անդրադառնան թերությունների շտկմանը»։

Այսքանից հետո, երբ մարդիկ այսքան լավ ու բարի եզրակացությունների են հանգել, երբ ուզում են մեզ լավություն անել՝ քննարկել Եվրախորհուրդ մտնելու Հայաստանի ցանկությունը, մի՞թե մեր մեջ կգտնվեն երախտամոռներ ու կփորձեն նրանց հակառակում համոզել ու այս ամբողջ նախընտրական ծախսը ջուրը գցել։ Բա մեզ սազում է՞։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930