Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՜ն խնդուն է կյանքը

Մայիս 31,1999 00:00
yntrutyun

Նախեւառաջ՝ Երրորդ մասի թիվ 20 եւ 21 ընտրատարածքների մասին, ուր այդքան էլ հետաքրքիր չէր։

Պրոբլեմներ, իհարկե, կային. ընտրողները չէին գտնում իրենց անունները ցուցակներում եւ գնում էին դատարան։ Իսկ մի կոմունիստ տարեց կին հայտնեց, որ դատարաններում ավելի շատ մարդ կա, քան ընտրատարածքներում։ Ցուցակներում չկային ամբողջ փողոցների բնակիչների անուններ, ինչի վերաբերյալ պատգամավորների վստահված անձինք ասում էին, որ սա տվյալ պատգամավորին դեմ քվեարկող ժողովուրդն է, եւ «սրանք էնքան նագլի են, որ, իմանալով, որ ես պատգամավորի վստահված անձ եմ, իմ անունը չեն գրել ցուցակում»։ Իրոք, վստահվածներից մեկի հետ գնացինք քվեարկելու, բայց անունը չգտանք։

Ընդհանուր վիճակը համեմատաբար հանգիստ էր։ Դա՝ ցերեկը, իսկ առավոտյան թիվ 20 ընտրատարածքում հանձնաժողովի անդամներից մեկին «բռնել» են Ալեքսան Հակոբյանի օգտին անօրինական գործողություններ անելուց։

Ասում եմ՝ «համեմատաբար հանգիստ», քանի որ գնացի նաեւ Էրեբունու համայնքի թիվ 10 ընտրատարածք։ Այնտեղի ժողովուրդը շատ ավելի ակտիվ էր։ Երբ ես որոշեցի ներս մտնել եւ դիտել, թե ինչ է կատարվում ընտրատարածքում, քանի որ դիտորդների զահլան արդեն գնացել էր եւ նրանք ննջում էին, հանձնաժողովի նախագահ Է. Բարսեղյանը ինձ հարցրեց՝ ով եմ ես եւ ինչու եմ ինձ լավ զգում, ես պատասխանեցի, որ «Առավոտ» թերթից եմ։ Նա փաստաթուղթ պահանջեց, իսկ ես փաստաթուղթս մոռացել էի։ Նա ինձ դուրս հրավիրեց, քանի որ խանգարում էի դիտորդներին։ Դիտորդներին ես լուրջ չեմ ընդունում, պրն Բարսեղյանը դա հասկացավ եւ շատ բարկացած դուրս շպրտեց ինձ։ Մեր ընդհարումը ծագեց նաեւ նրանից, որ նախագահը չէր ստորագրում նրան ներկայացվելիք արձանագրության տակ՝ խախտումների վերաբերյալ։ Խախտումներից մեկն այն էր, որ քվեաթերթիկներով տուփը պետք է քվեարկման սենյակում գտնվի։ Իսկ թիվ 10 ընտրատարածքում այն կողքի սենյակում էր։

Ստիպված, ես գնացի փաստաթղթիս հետեւից, վերադարձա, փաստաթուղթը ներկայացրի նախագահին, եւ նա ինձ թույլ տվեց ներկա գտնվել ընտրություններին։ Բայց արձանագրությունը չստորագրեց՝ այդպիսի օրենք չկա եւ վերջ։

Իսկ նրանք, ովքեր չէին գտնում իրենց անունները ցուցակներում ավելի ու ավելի էին վրդովվում։ Պատահում էին այնպիսի դեպքեր, երբ մարդիկ բացահայտում էին, որ նրանք ոչ թե իրենց փողոցում են գրանցված, այլ՝ մի երկու փողոց հեռու։ Պատահում էր, երբ ընտրողը՝ չգտնելով իր անունը, գնում էր դատարան եւ ուրախ-ուրախ նորից գալիս ընտրելու («որքա՜ն խնդուն է կյանքը»,- ասում էր հայրիկիս տատիկը եւ ավելացնում՝ «ջա՛ն, Սովետական Միություն»)։

Կային այնպիսի քվեաթերթիկներ, որոնցում աղավաղված էին պատգամավորության թեկնածուների անուն-ազգանունները։ Եվ նրանց օգտին քվեարկված թերթիկները անվավեր էին համարվում։ Կային այնպիսի ընտրողներ, որոնք ցուցակներում իրենց մայրիկի ազգանվան տակ էին նշված. «ես էլ, քույրս էլ, կինս էլ։ Լավ ա, գոնե հորս ազգանունը մորս ազգանունին չեն փոխել, թե չէ հարցերը կլուծեինք»։

Իհարկե, շատ վիրավորական է։

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31