Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Մայիս 31,1999 00:00

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ Երեկ Երեւանի փողոցներում առանձնապես ընտրական տրամադրություն չէր նկատվում։ Բայց հենց մոտենում էիր ընտրատեղամասերին կամ դատարաններին՝ անմիջապես փչում էր շատ ծանոթ՝ ընտրությունների հոտը։ Բողոքող, խառնված ընտրողներ, քաոսային իրավիճակներ. հիմնականում բողոքում էին իրենց ընտրելու իրավունքից զրկելու համար։ Տարածված խախտումներից էին՝ մահացած մարդկանց, անչափահասներին, քաղաքից բացակայողներին, գրանցում չունեցողներին՝ ցուցակներում ընդգրկելը, ինչպես նաեւ գրանցում ունեցողներին ընտրացուցակներում տեղ չտալը։ Չկար մի ընտրատարածք կամ տեղամաս, որտեղ հարյուրավոր խախտումներ ու սխալներ չլինեին։ Թիվ 25 ընտրատարածքում Տեղամասերում խոսում էին Հայնավթմթերման ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վահագն Գրիգորյանի՝ Նավթի Վահագնի, թափած ջանք ու եռանդի մասին։ Մայիսի 30-ին Երեւանի թիվ 25 ընտրատարածքի 0298/25 տեղամասում ժամը 12.30-ի շրջակայքում ընտրատարածք է ներկայացել Քանաքեռ II փողոցի մի բնակիչ, որի ձեռքից ընտրատեղամաս ներս մտնելուց առգրավվել է այցետոմսի տեսքով կազմված քվեաթերթիկի նմուշ՝ 4-րդ համարի տակ քվեարկվող Վահագն Գրիգորյանի ազգանունով։ Այցետոմսի հակառակ երեսին նշված է եղել 1388 թիվը (ցուցակներում վերոհիշյալ բնակչի համարը)։ Դեպքի մասին նույն պահին տեղյակ է պահվել ընտրամասում գտնվող «Յաբլոկո»-ի ներկայացուցիչ Արամ Շեգունցին։ Այս մասին արձանագրություն է կազմվել։ Օրվա կեսին արդեն Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարանում արդեն 400-ից ավելի դիմում-բողոքներ կային։ ԳիԱրՔՄի-ի կողմից առաջադրված թեկնածու Գագիկ Գրիգորյանի նախընտրական շտաբից հայտնեցին, որ մայիսի 18-19-ին թիվ 25 ընտրատարածքի գրեթե բոլոր տեղամասերի ցուցակները ստուգելիս հայտնաբերել են մոտ 640 1900 թ. ծնված «երկարակյացներ»։ Այդ մասին հայտնել են համայնքի ղեկավարին, որից մինչեւ օրս որեւէ պատասխան չեն ստացել։ Իբրեւ թե վերջնական ցուցակ են կազմել, որում ոչինչ չի ուղղվել, պարզապես նույն՝ 1900 թ. ծնվածների անունները, որ հերթական դասավորություն ունեին, ցիրուցան են արվել ցուցակում։ * * * «ԱԻՄ+» դաշինքից ժամը 15.00-16.00-ի արանքում տեղեկացանք, որ Նորքի 5-րդ զանգվածի 19-րդ ընտրատարածքի 132 տեղամասում 20 րոպեով դադարեցվել է ընտրությունը, քանի որ ընտրողների մոտ 40 տոկոսը ցուցակներում հայտնաբերված սխալների պատճառով չէր կարողանում մասնակցել ընտրություններին։ «ԱԻՄ+»-ի ներկայացուցիչներն այդ դեպքից սկսած արդեն մտածում էին ընտրությունները չեղյալ հայտարարելու մասին։ Օրվա զոհը Թիվ 17 ընտրատարածքում առաջադրված թեկնածու «Ցեղապաշտական» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը չհասցրեց անգամ ինքն իրեն ընտրել։ Լուր հասավ, թե ցեղակրոն Շանթին միլիցիոներները «դուբինկաներով» ծեծել են։ Գնացի Շ. Հարությունյանի նախընտրական շտաբ. փակ էր։ Շտապ օգնության հիվանդանոցում էլ չէր։ Տուն գնացի։ Հարեւաններից մեկի տանը հավաքվել էին դեպքի ականատեսները, լրագրողներ ու Սաթիկ տոտան, որը Մատրոսովի խիզախությամբ փրկել էր Շ. Հարությունյանին։ Ականատեսների վկայությամբ երկու «JEEP» (մեծ եւ փոքր) եւ մեկ BMW մակնիշի մգացրած ապակիներով մեքենաներով մարդիկ են եղել ծեծողները։ Շ. Հարությունյանի քույրը՝ Սյուզին, պատմեց հետեւյալը. «Առավոտյան միջադեպ է եղել շտաբի մոտ. ինչ-որ մարդիկ Շանթենց մեքենայի վրա են քշել, քաշել-գցել են Շանթին ու երկու հոգով ժողովրդի աչքի առաջ ծեծել են։ Ասում են՝ ծեծողները դատախազության աշխատակիցներ են եղել։ Հետո կռիվը շարունակվել է տան՝ շենքի մոտ։ 57-57 Ժի (՞- Ս. Ս.) համարով BMW եւ երկու «JEEP» մեքենաներով մարդիկ են եղել։ Ասում են՝ BMW-ովը դատախազության քննիչ էր։ Ականատեսների հավաստմամբ՝ ծեծողների մեջ ճանաչել են Ռաֆիկ Պետրոսյանի որդիներից մեկին (Ռ. Պետրոսյանը նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու է- Ս. Ս.)։ Անընդհատ միլիցիոներներ էին շրջում։ Ծեծողները նաեւ օդում կրակել են, փամփուշտները կան մեզ մոտ։ Դուբինկաներով ու ոտքերով խփում էին. Շանթի ընկերներից մեկի գլխին ատրճանակի կոթով են խփել եւ լուրջ վնասվածք է ստացել։ Շանթին հարեւաններն են փրկել. Սաթիկ տոտան՝ հարեւանուհին, տեսնելով, որ Շանթին գետնին գցած հարվածում են՝ պառկել է վրան ու փրկել։ Հետո ընկերները Շանթին մի կերպ փախցրել են»։ Սյուզին էլ չգիտեր՝ որտեղ է Շանթը։ Սաթիկ տոտան ու մյուս կանայք պատմում էին, որ ծեծողները «ամենավերջին հայհոյանքներն էին ասում ու ծեծում. էդ հաստավիզներից մեկը պիստալետը հանեց, ժողովրդի վրա պահեց՝ եթե մեկը մոտենա՝ կկրակենք։ Տղամարդիկ չմոտեցան՝ վախեցան։ Միլիցեքը քամակները հլորեցին-գնացին։ Ծեծողները գոռում էին. «Մենք քեզ շուտ էինք ասել՝ թեկնածությունդ հանիր»։ … Բուղաներով, գալստուկներով հաստավիզներ էին. հաստատ վերխուշկեքն են ուղարկել…»։ Սաթիկ տոտային էլ էին փրկելու ընթացքում մի քանի հարված հասցրել։ Հարեւանուհիների վկայությամբ, Շանթ Հարությունյանի ընկերներից մի քանիսին ծեծողները քաշել-մտցրել են իրենց մեքենաներն ու տարել։ Ո՞ւր՝ հայտնի չէ։ «Նեմեց Ռուբոն Լյովիկ Եզեկյանի համար է աշխատում» Այս կարծիքին էին Երեւանի թիվ 3 ընտրատարածքի 30/3 ընտրատեղամասի վստահված անձանցից շատերը։ Մեծամասնական ընտրակարգով նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Լիզա Պալյարովայի վստահված անձ Հասմիկ Դավթյանն ասաց. «Մարդիկ գալիս են ընտրելու, արդեն գիտեին՝ որն է իրենց անձնավորությունը ու սուսիկ-փուսիկ անցկացնում են ներս։ Անընդհատ խառնաշփոթ են ստեղծում տեղամասում։ Հանձնաժողովում նախատեսում են Եզեկյան Լյովային անցկացնել։ Մեքենաներով բերում են մարդկանց, ասում են՝ Եզեկյան Լյովան պիտի անցնի»։ Ընտրատեղամասի շուրջն անվերջ արտասահմանյան մակնիշի մեքենաներ էին պտտվում, կասկածելի մարդիկ շրջում մոտակայքում, մտնում տեղամաս՝ կարճ ժամանակով։ Բողոքներից մեկի արձանագրության մեջ նշված էր հետեւյալ փաստը. մայիսի 30-ին ժամը 11.30-ից 14.30-ի սահմաններում թիվ 3 ընտրատարածքի 4-րդ տեղամասում 023 LU 01 սեւ վոլգա մակնիշի մեքենայի վարորդը մարդկանց մեքենայով բերում էր եւ ագիտացիա էր անում ընտրատեղամասի մոտ՝ 3-4 մետր տարածության վրա, որպեսզի ընտրեն Լեւոն Եզեկյանին եւ «Հզոր Հայրենիքին»։ Երեւույթը կրկնվել է պարբերաբար՝ վերոհիշյալ ժամերի ընթացքում։ «Հզոր Հայրենիքի» 15-20 անդամներ դրսում՝ ընտրատեղամասի շրջակայքում, ընտրողների շրջանում ագիտացիա էին տանում՝ նշելով Լ. Եզեկյանի քվեաթերթիկի համարը։ Նույն տեղամասում նկատվել եւ արձանագրվել է 2 կոպիտ խախտում եւս՝ հանձնաժողովի նախագահը եւ տեղակալը նախորդ օրը, անթույլատրելի ժամերի, 2 անգամ լքել են տեղամասը, եւ երկրորդ՝ վստահված անձանցից մեկը նկատել է, որ տեղամասից քվեաթերթիկներ են դուրս հանվել։ Ճիշտ է, վերադարձվել են, այն էլ՝ ոչինչ չլրացված վիճակում, բայց հետաքրքիր է եղել հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունը փաստի առիթով՝ «Խթը-ի աշխատողներն էին տարել, քվեաթերթիկների հաստությունն էին որոշում»։ Երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում տեղամասում հայտնվեցին 2 կասկածելի երիտասարդներ։ Մեկը՝ կարճահասակ, մեկը՝ չափից դուրս թիկնեղ ու բարձրահասակ։ Հանձնաժողովի անդամներից մի քանիսը, որ ավանաբնակ էին, ճանաչեցին. «Մեկը՝ համայնքապետի՝ Նեմեց Ռուբոյի (համայնքապետ Ռուբեն Հայրապետյանի- Ս. Ս.) թիկնապահն է, մյուսը՝ հորեղբոր որդին»։ Տեղամասի վստահված անձինք գրանցվել էին դեռ առավոտյան։ Իսկ այս 2 երիտասարդները (մեկը ներկայացավ «Առաքելություն» կուսակցությունից, մյուսը՝ «Սոցուժերից»), համառորեն համոզում էին մնալ քվեաթերթիկների արկղը բացելու պահին։ Վկայականներ էլ ունեին։ Հանձնաժողովի որոշ անդամներ ու մի քանի վստահված անձինք՝ հատկապես մեկը, որ «Երիտասարդական» կուսակցությունից էր, դեմ չէր, նույնիսկ պնդում էր, որ այդ 2 կասկածելիները մասնակցեն թերթիկների հաշվառմանը։ Թույլատրվեց (սահուն ձեւով), բայց կարճ ժամանակ անց քիչ առաջ համառություն ցուցադրող երիտասարդներն աննկատելի լքեցին սրահը։ Վստահված անձինք եւ հանձնաժողովի մի քանի անդամներ համոզված էին, որ նրանք դեռ կվերադառնան։ Ժամը 10.45 րոպե էր եւ հանձնաժողովի նախագահի օրենքի չիմացության եւ դանդաղաշարժության պատճառով դեռ արկղը չէր բացվել։ «ԱԻՄ+»-ն է ճի՞շտ, թե՞ ՀՀ նախագահը «ԱԻՄ+» դաշինքն էլ միացավ ընտրությունները չեղյալ համարելու կոչով հանդես եկող կուսակցություններին։ Դաշինքի նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ հայտարարություն է հղել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պրն Սահրադյանին։ ԱԻՄ-ականները արդեն համոզված են, որ ընտրացուցակների անկատարության կամ դրանց չգոյության մասին իրենց պնդումները իրականությանը լրիվ համապատասխան էին, եւ ընտրողների 10-30%-ը դուրս են մնացել ցուցակներից եւ այդ ամենը դիտավորություններ են՝ հատուկ ծրագրավորված։ «ԱԻՄ+»-ը դիմել է ԿԸՀ-ին՝ կոչ անելով առանց քվեարկության արդյունքներն ամփոփելու անվավեր հայտարարել այս ընտրությունները եւ դիմել ՀՀ նախագահին՝ արտահերթ ընտրությունների մասին հրամանագրով հանդես գալու կոչով։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել