Յուրաքանչյուր ընտրությունից հետո մենք կրկին ու կրկին համեմատում ու ցավով համոզվում ենք, որ նախորդն ավելի ազատ, արդար ու թափանցիկ էր, քան այն, ինչ տեղի ունեցավ այսօր։
Պատճառներից մեկն էլ այն է, որ մենք կամաց-կամաց մոռանում ենք նախորդ ընտրության խախտումների ու կեղծիքների ահռելի չափերը, մինչդեռ այսօրը մեզ հետ է, թարմ ու տպավորիչ։ Եվ նաեւ այն պատճառով, որ ամեն ընտրությունից առաջ ավելի ուժեղ, ականջ պատռելու աստիճան խլացուցիչ են խոսում ազատ, արդար եւ թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց ամեն անգամ մենք համոզվում ենք, որ լսածն այլ բան է, քան տեսածը, կամ՝ մեկ անգամ տեսածը, հազար լսած արժե։
Ես չեմ ուզում գրել, թե ինչպես տեսա, որ 5 հոգով մտել էին քվեախուց, կամ ընտանիքի հայրը քվեարկում էր չորս անձնագրով։ Սրանք արդեն ոչ մեկին չեն կարող զարմացնել, դրանք դարձել են ընտրական նորմ, որը ընտրական օրենսգրքի մաս չի կազմում միայն այն պատճառով, որ մեր օրենքը ընդհանրապես կապ չունի իրական ընտրությունների հետ։
Արմավիրի թիվ 38 ընտրատարածքի Արազապ գյուղում դպրոցի տնօրենը ընտրողի հետ մտնում է քվեախուց եւ բացատրում, որ պետք է ընտրել կրթության վարչության պետին։ Ջանֆիդա գյուղում ընտրողը իրավունք ունի ազատ եւ արդար քվեարկել միայն մեծամասնական ցուցակով։ Համամասնական ցուցակով պետք է քվեարկել միայն «Միասնություն» դաշինքի օգտին։ Համոզված եմ, որ դաշինքն այդ գյուղում 95, թե 100 տոկոս կստանա։ Նույն ընտրատարածքի Սովետական կոչվող գյուղում ժամը 16.30-ի դրությամբ որեւէ ընտրող չէր մտել ընտրատեղամաս։ Գյուղացիները, մոտ 200 հոգի, հավաքվել էին ընտրատեղամասի դիմաց եւ հրաժարվում էին մասնակցել ընտրություններին։ 24 օր առաջ Վարդենիսի Զոդ գյուղում մահամերձ ծեծի է ենթարկվել գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Էդիկ Մարտիրոսյանը։ Գյուղացիները դիմել էին տարբեր ատյաններ, սակայն խոստումներից բացի ոչինչ չէին ստացել։ Մայիսի 30-ին գյուղացիներին համոզելու եւ ընտրություններին մասնակցելու կոչ անելու համար գյուղ է եկել Արմավիրի մարզպետը, սակայն գյուղացիները չեն ենթարկվել նրան եւ հրաժարվել են մասնակցել ընտրությանը։ Մեր գյուղում գտնվելու ժամանակ այնտեղ էր փոխմարզպետ Մեխակ Մխիթարյանը, որ մեկ համոզում, մեկ էլ սպառնում էր խեղճուկրակ գյուղացիներին. «Այսօրով կյանքը չպրծավ, վաղվա մասին չեք մտածում»։ Գյուղացիներից մեկն էլ հենց փոխմարզպետի երեսին շպրտեց. «Մեզ ո՛չ ընտրություն է պետք, ո՛չ էլ պատգամավոր, մենք հող առանց դրա էլ ենք մշակում»։
Կարդացեք նաև
Իմանալով, որ լրագրող ենք, մեզ մոտեցան Էդիկ Մարտիրոսյանի ազգականները. «Ես Էդիկի հորեղբայրն եմ։ Մարզպետը գալիս խոստանում է, թե տղային կբերենք, փոխմարզպետը խոստանում է։ Բայց ոչ մեկն էլ չի բերելու։ Երեք հազար դոլար փող են ուզում։ Որտեղի՞ց տանք էդ փողը։ Ամբողջ գյուղը քամես, այդքան փող չկա։ Կամ էս ձեռքերով աշխատած փողը ո՞նց կուտվի»,- ասում է նա մեզ՝ մեկնելով մեծ ու խոր ճաքերով, սեւացած մի զույգ ձեռքեր։ «Մենք բողոքի ուրիշ ձեւ չգիտենք, էլ ի՞նչ անենք, որ մեր հարցը լուծվի։ Ղեկավարություն էլ չենք ուզում, ինչքան ղեկավար ընտրեցինք, մեր գլխին կրակ ու պատիժ դարձան։ Այսօր նրանց երեխան չվերադարձավ, վաղը իմ երեխան չի գալու։ Բանա՞կ են գնում, թե սպանդանոց»,- ասում է մի ուրիշ սովետականցի։
Ընտրությունները համեմատաբար նորմալ են թիվ 39 ընտրատարածքում, որը ընդգրկում է Արմավիր քաղաքը։ Այս ընտրատարածքում ավտովթարի հետեւանքով լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել պատգամավորության թեկնածու Սուսաննա Հովսեփյանը։ Առայժմ դժվար է ասել. դա պատահականությո՞ւն է, թե՞ միտումնավորության արդյունք։
Թիվ 40 ընտրատարածքում լուրջ միջադեպեր են գրանցվել Հոկտեմբերի ընտրատեղամասում։ Ինչպես մեզ հայտնեց այդ ընտրատեղամասում պատգամավորության թեկնածու Դավիթ Մելիքյանը, քվեաթերթիկները քվեատուփ են լցվում խրձերով։ Երբ իր կինը, որը այդ գյուղում իր վստահված անձն է, փորձել է կանխել, քվեաթերթիկներից մի քանիսը բացել են, եւ դրանց մի մասը քվեարկված են եղել իր օգտին։ «Ես ոչ մի լծակ չունեմ այդ գյուղում ընտրությունների ընթացքի վրա ազդելու։ Եթե այդ կեղծիքները կազմակերպած լինեի ես, ապա իմ կինը չէր բռնի քվեատուփ մեկնած ձեռքը։ Ի վերջո, ես դիմել եմ դատախազություն՝ պահանջելով պատժել կեղծիքների հեղինակներին եւ կազմակերպիչներին»։ Պարոն Մելիքյանը դիմել է նաեւ մարզպետին եւ ԿԸՀ, պահանջելով ներկայացուցիչներ ուղարկել քվեատուփը բացելու պահին ներկա լինելու համար։ «Այնտեղ միայն 50 հատանոց քվեարկված կապեր են»,- ասում է ԱԺ, այժմ արդեն նախկին պատգամավորը։ Թե՛ 38-ում, թե՛ 40-ում շատերը պահանջում են եւ կարծում, որ պետք է նոր ընտրություններ նշանակել։ Ասում են, որ չեղյալ չհայտարարելու դեպքում էլ նախագահը պետք է ցրի այս սկզբունքներով կազմավորված խորհրդարանը։ Բայց արժե, որ մեկ անգամ եւս ինչ-որ մեկին ծեծեն, մյուսի վրա կրակեն, երրորդին վրաերթի ենթարկեն։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկն էլ այդ ընթացքում 2 կգ շաքար ստանա։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ