Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՎԱՏ ՏԵՍՆԵԼ

Մայիս 31,1999 00:00
yntrutyun

Որ Արարատի մարզի թիվ 30 ընտրատարածքում գրանցված պատգամավորության 6 թեկնածուներից պայքարը հիմնականում ընթանալու էր «Միասնություն» դաշինքի կողմից երաշխավորված ՀԺԿ անդամ Վիկտոր Իսրայելյանի եւ «Հանրապետական» կուսակցության Արտաշատի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի միջեւ, դժվար չէր կռահել։ Ենթադրում էինք նաեւ, որ ընտրության օրն էլ այստեղ բավականին հետաքրքիր իրադարձություններ կծավալվեն։ Ու չէինք սխալվել։

Երեկ, վաղ առավոտյան, խմբագրությունում ահազանգեր ստացվեցին պատգամավորության թեկնածու Վ. Իսրայելյանի շտաբից, թե իրենց գլխավոր մրցակցի «թիմը» բազմաթիվ կոպիտ խախտումներ է թույլ տալիս։ Անմիջապես մեկնեցինք վերոհիշյալ թեկնածուի շտաբ, որտեղ մեզ ներկայացրին Հենրիկ Աբրահամյանի՝ դեռեւս քարոզարշավից սկսված ու հիմա էլ շարունակվող կոպիտ խախտումները. մասնավորապես քարոզարշավի ժամանակ ապատեղեկատվության տարածումը, Արաքսավան գյուղում ՀԺԿ քարտուղարի հանդեպ մի քանի օր շարունակվող ահաբեկումները, ընտրացուցակներում բազմաթիվ ընտրողների անունների բացակայությունը եւ այլն։

ՀԺԿ Մասիսի տարածքային կազմակերպության քարտուղարը մասնավորապես նշեց, որ Նոր Խարբերդի 2-րդ տեղամասում ցուցակից բացակայում են մեծ թվով մարդկանց անուններ, որոնք բացառապես ծագումով նախիջեւանցիներ են, որ արդեն մի քանի 10-ամյակ բնակվում են Նոր Խարբերդում։ Նա դրա մեջ դիտավորություն նկատեց, նշելով, որ պատգամավորության թեկնածու Վիկտոր Իսրայելյանը նույնպես Նախիջեւանից է, այսինքն իր հայրենակիցների հավանական ընտրյալը։

-Իսկ ինչո՞ւ եք դա համարում Հենրիկ Աբրահամյանի թիմի ձեռքի գործը։

-Որովհետեւ նա մարզպետի եղբայրն է։ Տարածքի բոլոր գյուղապետերը մեր մրցակցի վստահված անձինք են։ Չկա մի գյուղապետ, որ մեր մրցակցի՝ մարզպետի եղբոր, վստահված անձը չլինի։ Հասկանալի է, որ նրանց ներկայությունն ընտրական տեղամասում ազդում է գյուղացիների վրա։

Վիկտոր Իսրայելյանն այստեղ ավելացրեց, որ Նոր Խարբերդի գյուղապետը դիտավորյալ նախիջեւանցիներին ցուցակ չի մտցրել։ «Հանձնաժողովի անդամները՝ նախագահներով, քարտուղարներով, տեղակալներով նրանց մարդիկ են ու գլխավոր դերեր խաղացողները»,- հայտարարեց նա։

Մեր զրույցն ընդհատեց Մրգավետի ընտրատարածքում Վ. Իսրայելյանի վստահված անձ Հրաչ Հակոբյանը, որը եկել էր ասելու, թե տեղամասի շենքի պատին փակցված մեծամասնական քվեաթերթիկի նմուշում կոպիտ սխալ է թույլ տրվել, որով ժողովրդին դիտավորյալ շփոթության մեջ են գցում՝ ցուցակում թվով 4-րդ թեկնածուի (Վիկտոր Իսրայելյանի) անվան դիմաց գրված է` «քաղաքացիական նախաձեռնություն»։ Անմիջապես մեկնեցինք Մրգավետ ու համոզվեցինք, որ ապատեղեկատվությունը, իրոք, առկա է։ Հետաքրքրվեցինք, թե այստեղ ինչպես են անցնում ընտրությունները։ Միանգամից ասենք՝ տնավարի։ Սենյակը, որտեղ կատարվում էր քվեարկությունը, լիքն էր մարդկանցով, որոնք, հասկանալի է, փակում էին վստահված անձանց տեսադաշտը։ Ի դեպ ասենք, որ շատ տարօրինակ թվաց, որ այդ վստահված անձինք էլ մի տեսակ իներտ ու անտարբեր էին։ Բացառություն էր կոմկուսի ներկայացուցիչը՝ Աշոտ Մանուկյանը։ Նա պատմեց հետեւյալը. «Ուժային մեթոդներ են կիրառվում, մարդիկ գալիս են նախապես ցուցում ստացած, ու չենք կարողանում նրանց բացատրել, թե ինչպես պետք է ճիշտ քվեարկեն։ Հաճախքվեաթերթիկները լրացնում են սեղանների մոտ՝ հանձնաժողովների անդամների աչքի առջեւ։ Մի քանի անգամ ընտրողը ներս է մտել քվեաթերթիկի նման ինչ-որ թերթիկով, որում արդեն ձայնը տրված էր Հենրիկ Աբրահամյանին։ Փորձեցի վերցնել այդ թղթերից մեկը, սակայն գյուղապետը, որ Հենրիկ Աբրահամյանի վստահված անձն է, խլեց այն ու պատռեց»։

Ի դեպ, գյուղապետ Գեւորգ Գեւորգյանը (նա հանձնաժողովի նախագահի եղբայրն է) տեղամասում իրեն զգում էր որպես տանտեր։ Մեր հարցերին նա էր պատասխանում, ցուցումներ էր տալիս հանձնաժողովի անդամներին, հարցեր լուծում՝ այդ աստիճանի ազատ ու ինքնավստահ էր։

Մեր աչքից չվրիպեց, որ ընտրողները զանգվածաբար խցիկ էին մտնում 2-3 հոգով։ Երբ հարցրինք, թե ինչու հանձնաժողովի անդամները դա չեն կանխում, հնչեց հին ու ծեծված պատասխանը. «Նրանցից մեկը լավ չի տեսնում՝ մյուսներն օգնում են»։ Այս առիթով պատկերավոր արտահայտվեց «Օրինաց երկրի» վստահված անձ, Մրգավետի բնակիչ Արմենակ Բադալյանը. «Առավոտից պայքարում եմ, որպեսզի խմբով չմտնեն քվեախցիկ։ Հանձնաժողովի անդամներն են նրանց աջակցում։ Ի՞նչ պատահեց, որ այսօր սկսեցին լավ չտեսնել։ Մեր գյուղը պիտի դարձնենք կույրերի միավորում»։

Իսկ խախտման ամենափայլուն օրինակը, որին անկասկած մասնակցել էր հենց հանձնաժողովը, դրսում մի տարեց մարդու մոտ մեր գտած թերթիկն էր, որը նա ներկայացրեց որպես հանձնաժողովից ստացած հիշեցում։ Այնտեղ բառացիորեն գրված էր հետեւյալը. «Հարգելի ընտրող։ Մայիսի 30-ին Ազգային ժողովի ընտրություններին Դուք քվեարկելու եք երկու քվեաթերթիկով։ Կոչ ենք անում քվեարկել քվեաթերթիկում առաջին համարի պատգամավորության թեկնածու Աբրահամյան (Ջոնիկ) Հենրիկի, իսկ մյուսով՝ «Միասնություն» դաշինքի օգտին։ Վստահված անձանց հանձնախումբ»։

Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31