Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքակիրթ» խախտումներ

Մայիս 31,1999 00:00
yntraxaxtum

Ընտրությունից ընտրություն «քաղաքակրթվում» ենք. բացահայտ բռնությունները, քվեատուփեր խրձերով քվեաթերթիկներ լցնելը, քվեատուփեր գողանալն ու իրար ծեծելն այլեւս մոդա չեն։ Հո բռի կովկասցի չե՞նք մնալու։

Եվրախորհուրդ մտնելու խնդիր կա, հո սեւերես չե՞նք մնալու, արդար ու ազատ ընտրությունների մասին մեծ ու փոքր չինովնիկների խոստումները հո գետնով չե՞նք տալու։ Հեշտ ու հանգիստ մի ճանապարհ կա. պարզապես կարելի է այնպես անել, որ նույնիսկ ամենալավատես ու պարտաճանաչ քաղաքացին հոգնի իր քաղաքացիական պարտքը կատարելու համար կռիվ տալուց ու թքի հեռանա։ Գերիշխող տրամադրությունն երեկ այսպիսին էր, իսկ գերիշխող բառը՝ ընտրացուցակ։ Այդ բաղձալի ցուցակում խի՜ստ «պատահմամբ» չէին հայտնվում հենց այն մարդիկ, ում ընտրությունը տվյալ ընտրատարածքի «աստծո ընտրյալի» սրտով չէ։

Հենց նման բնույթի էին երեկ հնչող ահազանգերի գերակշիռ մասը, ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի նստավայրը, ուր երեկ որոշել էինք հերթապահել, այս առումով ամենեւին էլ ինքնատիպ չէր։ Դաշնակցության մարզային կառույցներից հնչող ահազանգերի լեյտմոտիվը ընտրացուցակային «ռազբիրատներն» էին։ Ընդ որում՝ դաշնակցական շտաբներում բողոքավորների կուտակումներից «մանթրաշ» դաշնակցականներն առավել հակված էին մտածելու, որ եղածն իրենց դեմ կազմակերպված դավադրություն է։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ժողովրդի տրամադրությունը «տնտղած» ուժերը ընտրացուցակներից դուրս էին թողել դաշնակցության համակիրներին՝ երեկվա օրը պարտադրելով անցկացնել ընտրատարածք-դատարան-ընտրատարածք ճանապարհին։ Ընտրացուցակից 200 դուրս մնացածի մասին էր ահազանգը Կոտայքից (թիվ 59 ընտրատարածք), ուր ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու է առաջադրված Պետրոս Մեղրյանը, եւ նույնքան էլ՝ Գառնիից (թիվ 60 ընտրատարածք, ՀՅԴ-ի թեկնածուն՝ Վարդան Պետրոսյանը)։ Նրանց 100-ով գերազանցում էին Արմավիրի ընտրողները, ավելի ճիշտ՝ այդ իրավունքից զրկվածները, ինչպես հաղորդել էին թիվ 39 ընտրատարածքից, ուր առաջադրված է դաշնակցական Ռուբեն Հովսեփյանը։ Համանման ահազանգեր էին հնչում նաեւ մայրաքաղաքի ընտրատարածքներից. թիվ 24 ընտրատարածքի ընտրողների 30 տոկոսը, ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ընտրաշտաբից ստացած տեղեկության համաձայն, չկար ընտրացուցակներում։ Ընդ որում՝ ընտրողների մեծ մասը մինչեւ մայիսի 25-ը ցուցակներում եղել են եւ «անհետացել» հենց ընտրության օրը։

Այս տեսակետից հետաքրքիր էր թիվ 45 դպրոցում տեղակայված 0116/10 ընտրատեղամասից ստացված ահազանգը։ Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ-ից վստահված անձ Արտաշես Անանյանը, ցուցակներում իրենց փողոցից (Դիմիտրովի 3 նրբանցք) միայն երեք հոգի է եղել։ Մյուսներն էլ են եղել ընտրացուցակներում, բայց… ընտրացուցակները թաքցրած են եղել ու հանել են միայն պարոն Անանյանի բարձրացրած աղմուկից հետո։ Վերջինիս պնդմամբ, թաքցրած ցուցակներում ընդգրկված ընտրողների զգալի մասն արդեն հասցրել էր հիասթափված տուն վերադառնալ, ու նրանցից քչերին էր հաջողվել նորից ընտրատեղամաս վերադարձնել։ Ի դեպ, հիասթափվածների մասին. նույնիսկ նրանք, ովքեր հավես էին անում դատարանի որոշմամբ ձեռք բերել ընտրության իրենց իրավունքը, շատ շուտ հիասթափվում էին երկար հերթերից կամ էլ ընդհանրապես փակված դռների առջեւ հայտնվում։ Օրինակ, Արթիկի դատավորը դատարանի դռները փակել-գնացել էր՝ չընդունելով քաղաքացիների բողոքները։ Արմավիրի դատավորը խոստացել էր վճիռները տալ, բայց ընտրությունների ավարտից 10 րոպե առաջ միայն։ Այլ խախտումներ էլ կային. ասենք թիվ 5 ընտրատարածքի (Արաբկիր) որոշ ընտրատեղամասերում (մեկում՝ մոտ 1800-ով) պակաս էին ներկայացվել քվեաթերթիկները։ Իսկ այս ընտրատարածքի 61-րդ ընտրատեղամասից ոմն Արամ Վիրաբյան փորձել էր մոտ 1000 քվեաթերթիկ դուրս հանել։

Թիվ 26 ընտրատարածքի Արագածավանի ընտրատեղամասում «Միասնություն» դաշինքի պաշտպանյալ Ժիրայր Գեւորգյանի վստահված անձինք ստիպել են բաց քվեարկել՝ ստուգելով ընտրողների քվեաթերթիկները՝ մինչեւ տուփը գցելը։ Իսկ մայրաքաղաքի թիվ 0170/14 եւ 0171/14 ընտրատեղամասերում թաղային հեղինակությունների ու ոստիկանների կուտակումներ են արձանագրվել (այստեղի պատգամավորացուներից է Լեդի Հակոբը)։

Իսկ այն բողոքը, որի հետքերով որոշեց գնալ «Առավոտը», Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված 0172/14 ընտրատեղամասից էր, որտեղ ըստ քաղաքացու բողոքի, ստիպում են բաց քվեարկել, ու նաեւ անձնագրերը հավաքում են՝ դատարան դիմելու պատճառաբանությամբ։ Հանձնաժողովի նախագահ Հարություն Ավագյանը «թյուրիմացություն» որակեց անձնագրեր հավաքելու մասին մեր լուրը։ Ու արդարացավ, որ պարզապես ցուցակներից դուրս մնացածների անձնագրերը վերցրել են, որ անուն-ազգանունները գրեն՝ դատարան ներկայացնելու համար։ Ընդ որում՝ այս «ազգօգուտ» գործին, նախագահի միամիտ խոստովանությամբ՝ իր անձնական մասնակցությունն է բերել Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Աղվան Գրիգորյանը, ինչն օրենքով արգելվում է։ Վերջինիս ղեկավարը՝ իրական համայնքապետը, առժամանակ վայր է դրել իր լիազորությունները, քանի որ ինքն էլ է պատգամավորացու։

Ի դեպ, դարձյալ հանձնաժողովի նախագահի միամիտ խոստովանությամբ, դատարան դիմելու կարիք ունեցող ընտրողներին մի քանի անգամ են դատարանի դռներն ուղարկել, քանի որ նախագահը չի իմացել մի պարզ բան. մինչ դատարան ուղարկելը նախ իր ստորագրությամբ տեղեկանք պիտի տար այն մասին, որ տվյալ ընտրողը չկա ցուցակում։ Պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո քվեարկողների քանի տոկոսը հավես կունենա վերադառնալու այդ բաղձալի տեղեկանքի հետեւից։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31