Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՐԻՆ ՉՆՍՏԵՍ, ԿԱՐԿԱՆԴԱԿ ՉՈՒՏԵՍ»

Մայիս 31,1999 00:00

«ՔԱՐԻՆ ՉՆՍՏԵՍ, ԿԱՐԿԱՆԴԱԿ ՉՈՒՏԵՍ» Թիվ 10 ընտրատարածքից ստացված ահազանգը ձեւակերպվեց մոտավորապես այսպես. Իշխանությունները բոլոր լծակները գործադրում են ԱԺ պատգամավորության թեկնածու Անդրանիկ Մարգարյանին անցկացնելու համար»։ Ահազանգը նույն ընտրատարածքում քվեարկվող Գրիգոր Սարգսյանի շտաբից էր։ Այստեղ մեզ թվարկեցին մի շարք խախտումներ, որոնց ինքներս ականատես լինելու համար եղանք նույն ընտրատարածքի ընտրական երկու տեղամասերում։ Շտաբից դուրս եկանք այն պահին, երբ Գ. Սարգսյանի վստահված անձանցից մեկը եկավ եւ հայտնեց, որ տեղամասում մի տարեց կնոջ «օգնել» էին քվեարկելու Անդրանիկ Մարգարյանի օգտին։ Թիվ 10 ընտրատարածքի 0122 ընտրական տեղամասը ԲՇՏ-ի շենքում էր, սակայն ոչ մի ցուցանակ շենքի այդ մասում չկար, թեեւ հանձնաժողովի նախագահը պնդում է, որ ինչ-որ տեղ դրսում փակցված է։ Այդ տեղամաս էլ մտանք այն պահին, երբ բուռն կերպով քննարկվում էին մի տարեց կնոջ քվեարկությանը օգնելու հնարավոր ձեւերը։ Պարզվեց, որ մեծամասնական ցուցակում տատիկի խնդրանքով ինչ-որ մեկը «գալոչկան» դրել էր, բայց ոչ տատիկի ցանկացած տեղում, այլ Ա. Մարգարյանի անվան դիմաց։ Բարձրացած աղմուկը հետաքրքիր հանգուցալուծում ստացավ։ Ընտրական հանձնաժողովի նախագահ Սարգիս Հակոբյանը ի տես ամենքի հայտարարեց, որ անվավեր են ճանաչում երկու քվեաթերթիկներն էլ, դրեց դրանք մի կողմ (դրանց հետագա ճակատագիրն անհայտ մնաց), վերցրեց նորերը՝ «Ահա, տեսեք» ասելով եւ բոլորին ցուցադրելով՝ տատիկի քվեաթերթիկներում նշումներ արեց նրա ցանկացած տեղում։ Ներկաներից մեկը շտապեց հաճոյախոսել. «Ամենաճի՛շտ ձեւը»։ Մեր այն դիտողությունը, թե այնքան էլ «ամենաճիշտ ձեւը» չէ (ԿԸՀ որոշմամբ ինքնուրույն քվեարկել չկարողացող անձանց քվեարկություն կատարելիս ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն օգնելու), պրն Հակոբյանը պարզաբանեց, թե «բոլորը միեւնույն է, տեսնում էին»։ Գ. Սարգսյանի վստահված անձ Ներսես Գասպարյանը պատմում էր, որ ընտրությունների նախորդ երեկոյան իրեն թույլ չի տրվել հավաստիանալ, թե արդյո՞ք յուրաքանչյուր կապոց պարունակում է օրենքով պահանջվող 100 քվեաթերթիկը։ Հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե այդ վստահված անձը ցանկացել է անձամբ ինքը հաշվել՝ իր ձեռքով եւ հրաժարվել է պարզապես ներկա լինել եւ հետեւել այդ գործողությանը։ Մինչդեռ հետագայում պարզվեց, որ Ա. Մարգարյանի վստահված անձը, ինչպես հանձնաժողովի անդամներից մեկն ասաց, իրենց «օգնել» է քվեաթերթիկները հաշվել։ Մեր այն հարցին, թե ինչու օրենքի նման խախտում կատարել թույլ չի տրվել նաեւ Գ. Սարգսյանի վստահված անձին, այդ անդամը պատասխանեց, թե ուղղակի տեղը փոքր էր, թե չէ բոլորին էլ հավասարապես թույլ կտային իրենց «օգնել»։ Հանձնաժողովի նախագահը Ն. Գասպարյանի ահազանգով եկել է եւ «իր բոլոր աշխատողներին վիրավորելով, ջղայնանալով»՝ վստահված անձին արգելել քվեաթերթիկները հաշվել։ Այստեղ էլ մեղքը գցվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, քվեաթերթիկները մայիսի 29-ի առավոտյան ժամը 8-ի փոխարեն իրենց տրամադրվել էին նույն օրը, ժամը 3-ին մոտ եւ իրենք չէին հասցնում հաշվել։ Այս նույն պատճառով հանձնաժողովի՝ վիճակահանությամբ ընտրված երեք անդամները չէին էլ հասցնում իրենց ստորագրությունները դնել քվեաթերթիկների վրա։ Այստեղ էլ նրանց օգնել են հանձնաժողովի մյուս անդամներից՝ ստորագրությունները նմանակելով։ Սրա «իրավական» հիմքն էլ իբրեւ թե ԿԸՀ թույլտվությունն է եղել։ Սակայն մենք ԿԸՀ-ից ճշտեցինք, որ նման կարգադրություն՝ ո՛չ բանավոր, ո՛չ էլ գրավոր, իրենք չեն տվել։ Իսկ քվեաթերթիկները ընտրական տեղամաս ուղարկել են ոչ թե իրենք, այլ մարզային հանձնաժողովները։ Ի դեպ, սրանք պրն Հակոբյանի կողմից բնավ էլ որպես խախտումներ չէին որակվում։ «Դե, մեր հանձնաժողովի մի երկու տղաներ ստորագրել են։ Դա՛ է»։ Դարձյալ նույն վստահված անձը պնդում էր, որ «Ով ասես՝ գնում-գալիս է տեղամաս»։ Այս եւ իր մի քանի այլ դիտարկումների վերաբերյալ Ն. Գասպարյանը արձանագրություն էր կազմել, որը հանձնաժողովի նախագահը հրաժարվում էր ստորագրել («Օրենքի սահմաններից դուրս ա»), նույնիսկ կարդալ. «Մեկ ա՝ գիտեմ, ինչ ա գրել։ Ինչ որ ասեց, էն էլ գրել ա»։ Եվ ընդհանրապես, հանձնաժողովի նախագահը տարօրինակորեն անհետեւողական էր կարգը պահպանելու խնդրում. հանձնաժողովի անդամները որոշ ժամանակ անօրինական գործողություններ են կատարում, նախագահի «ջղայնությունից» հետո դադարեցնում՝ մինչեւ հաջորդ խախտումն ու դրան հետեւող «ջղայնությունը»։ Իսկ «առանց միացնելու» (խոսքը ձայնագրիչիս մասին էր) պրն Հակոբյանն ասաց, որ «ամենանորմալ ընտրությունները այս տեղամասում են գնում»։ Ինչպես ասում են, ւՏՑպՑՖ վպ ՉՐպՊվՏ։ Նույն ընտրատարածքի մյուս տեղամասում, որ տեղակայված է թիվ 178 դպրոցում, ավելի հետաքրքիր էր։ Նախ հանձնաժողովի անդամները սկսեցին քննարկել եւ խորհուրդ տալ (համարյա պարտադրելով), թե ինչպես պիտի աշխատի լրագրողը, որտեղից սկսի իր աշխատանքը («Նախագահ կա, բան կա»)։ Իրենց կարծիքով՝ հանձնաժողովի նախագահի աշխատասենյակից։ Ավելի հետաքրքիրն այն է, որ այստեղ մի տարեց կին ցանկացել էր իր ձայնը տալ «Դեմիրճյանի կուսակցությանը» եւ նրան մատնացույց էին արել (արդեն մեծամասնական ցուցակում) Անդրանիկ Մարգարյանի անունը։ «Այստեղ ո՞րն է խախտումը»,- գուցե իրոք չէր հասկանում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Նինա Բալոյանը։ Քանի որ ինքը «շատ անաչառ է», թույլ է տվել «հանձնաժողովի վստահված մարդուն» (համենայնդեպս, մեզ այս արտահայտությունը առաջին անգամ է հանդիպում) «մատը դնել» ու ասել. «Սա է Դեմիրճյանի կուսակցությունը»։ Այս խոսակցությանը ներկա էր մեկը, որը ներկայացավ իբրեւ թեկնածու Գրիգոր Սարգսյանի կողմից դիտորդ։ Վերջինիս շնորհիվ, լրագրողի աշխատանքին խոչընդոտելու մասին խոսակցությունը թարմացավ, եւ տիկին նախագահը Բրիտանական դեսպանատան գովելի օրինակը բերելով՝ կոչ արեց տեղամասեր ներկայանալ հատուկ ուղեգրերով (՞)։ Իսկ թե ինչպես էր կողմնակի մարդը հաջողացրել, թող որ դիտորդի հավակնություններով, ընտրատեղամաս մտնել եւ հասնել նախագահի՝ երկրորդ հարկում գտնվող սենյակը, տիկին Բալոյանը պատճառաբանեց իր տեղակալի անփորձությամբ։ Բացի այդ, տիկին նախագահն անընդհատ խորհուրդ էր տալիս «փոքր բաներից մեծ բաներ չսարքել» (նաեւ մեզ՝ լրագրողներիս ավելորդ անհանգստություն չպատճառելու ազնիվ մղումով) եւ գնալ ուրիշ տեղամասեր, որտեղ «երեւի ավելի մեծ խախտումներ են լինում»։ Զարմանալի տելեպատիա։ Արդեն երեկ, օրվա առաջին կեսին, որոշ վստահված անձինք պնդում էին, որ տեղի ունեցող խախտումները էականորեն կազդեն ընտրությունների արդյունքների վրա։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31