Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԹԱԹԵԼ, ԶՄՌՍԵԼ, ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՊՏՏԵԼ

Մայիս 31,1999 00:00
yntrutyun

Լճափ հասանք ժամը 20-ից 15 րոպե առաջ։ Ամբողջ գյուղն էր հավաքվել դպրոցի բակում։ Մեր ներկայությունից էր, թե վստահված անձինք էին ակտիվ, բայց ուղիղ ժամը 20.00-ին ընտրատարածքը փակվեց։ Վերջին քվեաթերթիկը գցվեց, տուփի անցքը թղթով սոսնձվեց։ Մարդիկ թեպետ հոգնած էին, բայց երբ հանձնաժողովի նախագահն ասաց. քվեատուփը բերեք առաջ, մեկը նույնիսկ կատակեց. «Էդ յաշիկը երեք անգամ փռացրեք, դեմքը դեպի դուրս՝ տարեք։ Գնալը լինի, գալը՝ չտեսնենք»։ Ընտրությունները փառավորապես հոգնեցրել են Սեւանի ափին սեւացող, բայց շիկամազ մարդկանց։

44 ընտրատարածքի 44 տեղամասում ընտրությանը պետք է մասնակցեր 659 քաղաքացի։ Հանձնաժողովի նիստի ժամանակ պարզվեց, որ մասնակցել է 481 ընտրող։ Մարդիկ չէին եկել, որովհետեւ մի մասը հիվանդ էր, մի մասը սարից չէր իջել, մի մասն էլ եկել էր, բայց՝ ուշացավ։

Փառքով-պատվով քվեատուփը բերվեց։

Ավելացած քվեաթերթիկները հաշվվեցին, պատռվեցին, փաթաթվեցին եւ զմռսվեցին։ Հանձնաժողովի անդամներից մեկը հոգնած էր. «Լավ, որ օղի չի կարելի, գոնե սուրճ տվեք»։ Նախկին ուսուցիչը վրդովվեց. եթե օղի չի կարելի, ուրեմն սուրճ էլ չի կարելի։ Թվերը հատ-հատ էին հաշվում, գործը երկար էր։ Հանձնաժողովի նախագահը չդիմացավ. «Էսքան լիազորված անձ եք, բա ձեր մեջ մի բիզնեսմեն չկա՞, որ մի հաշվիչ ունենա, արագ-արագ հաշվենք»։ Բիզնեսմեն չկար, ուրեմն հաշվիչ էլ չկար, ու լճափցիք գտան ելքը. «ընչի մեր գաղափարն ինչ ա՞ եղել»։ Ու գաղափարով հաշվեցին, հանեցին ու գումարեցին։ Արդյունքում ստացվեց, որ մեծամասնական ընտրակարգի համար ստացված քվեաթերթիկներից՝ 702-ից մնացել է 219 մնացորդ, իսկ համամասնականով ստացված 690-ից մնացել է 209 մնացորդ։

Այստեղ ամենաակտիվ կուսակցության կամ թեկնածուի ակտիվ վստահված անձ չկար։ Բոլորն էլ ակտիվ էին եւ ակտիվագույն։

Եթե նույն հաճախականությամբ ամեն տարի որեւէ ընտրություն անցկացնենք, ասենք, նախագահի, ԱԺ-ի, կամ՝ գեղեցկուհու, ապա, հաստատ ոչ հեռավոր ապագայում այլեւս որեւէ վստահված անձ չի լինի, բոլորը միայն թեկնածուներ կլինեն։ Վստահված անձը թանկ հաճույք կլինի եւ որպես էկզոտիկա կբերվի այլ մոլորակներից, որոնք դեռեւս ընտրվելու ցավով չեն տառապում։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհին ոչխարների անթիվ հոտեր կային։ Հովիվներից ոչ մեկը իր լուրջ գործը թողած, ընտրության չէր գնացել։ Այս ընտրությունները եւս հովիվների «ըսկի տանձին էլ չէին»։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31