Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞նց թե, իմ կինը մենակ մտնի խո՞ւցը…

Մայիս 31,1999 00:00
Toto

Եթե կհանդիպեք որեւէ չխմած քյավառցու, որն օրը ցերեկով թույլ կտա սեփական կնոջը մտնել երբեմնի պետական ծածկույթով («ադյալ») փակված խուցը, ուրեմն հաստատ ընտրություններ են։

Բայց քյավառցիք մի քիչ կող ունեցող ժողովուրդ են։ Ընտրությունների կգան, բայց ո՞նց օրը ցերեկով, առանց «բարի լույսի» թողնեն, որ կինը մտնի խուցը։ Էն էլ, հաստատ չես կարող իմանալ, խցում մարդ-մուրդ կա, թե՝ չկա։ Ընտրական տեղամասերից շատերում հանձնաժողովի անդամների եւ ընտրողների միջեւ կռիվն ու անհամաձայնությունը հենց այս հողի վրա էր լինում։ Քվեաթերթիկ ստացած տղամարդու աչքից հենց որ սեփական կինը մի պահ կորչում էր, չէր նայում՝ տեղամասում է, թե հորանց տանը, ձենը գլուխն էր գցում. «Կնիկս ո՞ւր է, էս ո՞ւր մտավ»։ Եվ իրեն կորցրած բացուխուփ էր անում բոլոր քվեախցերը։ Դեռ լավ է, զուտ ընտրության եկածները հագուկապով էին, թե չէ տեղամասը իսկական ընտրական սաունայի կվերածվեր։

Սա դեռ ոչինչ, բայց երբ մի երիտասարդ էր փորձում տարիքով մի կնոջ կամ, որ ավելի վատ է, տղամարդու հետ առանձնանալ խցում, հանձնաժողովների անդամների նյարդերը պարզապես դավաճանում էին։ Կամոյի 41/0687 տեղամասում հենց մեր ներկայությամբ վստահված անձինք եւ հանձնաժողովի փոխնախագահը փորձում էին խուցից դուրս բերել զույգին։ Մի կերպ հաջողվեց, պարզվեց՝ զույգերից մեկը վատ է տեսնում։

Տեղամասերից մեկում էլ հերթն այնքան շատ էր, որ ընտրողները չէին համբերում վարագույրի ետեւն անցնել, իրենց գործն անում էին բոլորի աչքի առաջ (խզբզում էին, խաչ էին քաշում, կամ՝ շրջանակ նկարում) ու իրենցից գոհ, թղթերը տուփի մեջ գցելով, հեռանում։

Ընդհանուր բողոքներ

Բողոքների առյուծի բաժինը վերաբերում էր ընտրացուցակներին։ Ամենավատը այս գործն էր արված։ Մարդիկ ստիպված էին հասնել դատարան, իրենց գոյության մասին թուղթ բերել։ Այս քաշքշոցը այնքան էր մարդկանց զզվեցնում, որ շատերը ուժ չէին գտնում կրկին վերադառնալ։ Քիչ չէին նաեւ այն ընտրողները, որոնք Երեւանի գրանցում ունեին, բայց ցուցակներում կային եւ մասնակցում էին ընտրություններին։

Մարտունու շրջան, գյուղ Լիճք, 42 ընտրատարածք/0710 տեղամաս

Գյուղի դպրոցի բակում եւ ներսում ասեղ գցելու տեղ չկար։ Գյուղացիք եկել էին անլվա, անթրաշ։ Հավաքվել էին ընտրությունների, բայց ակնհայտորեն՝ ինչ-որ ստանալիքի ակնկալիքով։ Դպրոցի չեղած հատակից փոշի էր բարձրանում։ Այստեղ քվեախցիկներ չկային, որպես խուց ծառայում էին երկու մեծ անհատակ դասասենյակները։ Պատուհանները թերթերով քողարկել էին պատերազմական ժամանակների պես։ Ընտրատարածքում մի փոքրիկ միջադեպ եղավ, վստահված անձանցից մի քանիսը եւ թեկնածուներից մեկի համակիրները մի քիչ իրար օձիք թափ տվեցին։

Մարտունի քաղաք, անձնագրային բաժին

Այստեղ այնքան մարդ կար, որ մեզ թվաց, թե ընտրատարածք է։ Ընտրատարածք չէր, բայց յուրօրինակ ընտրասեղան էր կարծես։ Բաժնի վարիչը փորձեց մարդկանց կուտակումները կցկտուր մեկնաբանել, ոչինչ չստացվեց։ Նրա ասելով, մարտունեցիք ծույլ են, մի մասն էլ 1300 դրամ չունի, որ գա անձն հաստատող փաստաթուղթը վերցնի, այդ պատճառով էլ մնացել են վերջին օրվան։

Բայց մեզ թվում է, ոչ թե մարտունեցիք են ծույլ, այլ կուսակցություններից մեկն է խիստ ջանասեր։

Օրիորդական եւ ամուսնական

Ընտրողների մեծ մասը շվարում էր ազգանունների փոփոխության հետեւանքով։ Նրանք գլխի չէին ընկել, որ այս դեպքում հարկավոր էր ամուսնության վկայականով ներկայանալ։ 42/1 ընտրատարածքում (գյուղ Երանոս) մի քանի փափկասուն կանայք, վիրավորված, որ 15 տարվա հարս են, բայց դեռ աղջկական ազգանունով են հիշվում, լքեցին կռվի դաշտը եւ մի քանի քաղաքականապես հասուն ընկերուհիների միջնորդությունից հետո միայն որոշեցին գնալ տուն, բերել ու «էս մարդկանց աչքը խոթել իրենց ամուսնության թուղթը»։

«Կընտրեմ ու կգնամ Ամերիկա»

Ընտրողներից մեկին չթույլատրեցին զինգրքույկով քվեարկել։ Նրա անձնագիրը ԱՄՆ դեսպանատանն էր։ Նա մշտական բնակության պետք է մեկներ Ամերիկա։ Բայց մարդու մեջ ընտրելու բուռն պահանջ կար, դուրս եկավ, զինգրքույկի վրայի լուսանկարը պոկեց, փակցրեց ըստ բնակության վայրի թերթիկին եւ քվեարկեց։ Ինքը ընտրեց, գնաց, քյավառցիներին գցեց կրակը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31