Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՆ ԿՈԿՏԵՅԼ «ՔՅԱՎԱՌԱ ՔՅՈՒՖԹԱ»

Մայիս 31,1999 00:00
qvearkutuyn

Ընտրությունների օրը եւ դրան նախորդածը լավ է նրանով, որ այդ օրերին ընտրազանգվածների ականջները եւ աչքերը դինջանում են թեկնածու գրվածների քարոզներից, սեփական գլուխը գովելուց եւ համայն ժողովրդի գլուխն արդուկելուց։

Ընտրության օրը թեկնածուներից ամեն մեկն իր նախընտրական շտաբում նստած, շունչները պահած, բայց այլեւայլ լծակներ գործի դրած, սրտի թրթիռով սպասում էին պատգամավոր դառնալու պատմական պահին։ Այս խիստ անձնական սպասումի եւ անանձնական ընտրասպասումի ընթացքում ոչ մի թեկնածու չէր զլանում կատարելագործել մրցակցի վրա կեղտ թափելու թեկնածուական թեզի պաշտպանությունը։

Ալբերտ Բաղդասարյանի շտաբ- 42 ընտրատարածք

Շտաբի պետ Վարդան Զուռնաչյանը հայտնեց, որ մի շարք տեղամասերում նկարահանումներ են տեղի ունեցել հենց խախտումների պահին. «Միասնություն» դաշինքը մեքենաների վրա Դեմիրճյանի նկարը փակցրած, ընտրողներին բերել են ընտրությունների։ Շտաբի արձանագրած առաջին խախտումը գրանցվել է ընտրությունների օրվա նախորդ գիշերը, երբ Մարտունու 0709 տեղամասային հանձնաժողովը գիշերը կազմել է արձանագրություն, որ քվեաթերթիկները պետք է վերահսկի հանձնաժողովի անդամը, սակայն ԿԸՀ-ի որոշման համաձայն այդ բանը պետք է կատարեին ՆԳ մարմինները համապատասխան արձանագրությամբ։ Այս նույն տեղամասում, հանձնաժողովի նախագահը բացարձակապես չի ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, վստահված անձանց նստեցրել է բեմում, մի բարձր տեղ եւ թույլ չի տվել շարժվել եւ տեսադաշտում պահել քվեախցիկները եւ քվեատուփը։ Իսկ ընտրողների ցուցակները փակցված են տեղամասից դուրս։ Նույն այս տեղամասում ընտրողներից մեկը փորձել է քվեաթերթիկը պահել ծոցում եւ դուրս տանել, ոստիկանի օգնությամբ այդ մարդուն կանգնեցրել են, քվեաթերթիկները ձեռքից վերցրել են, սակայն չի հաջողվել պարզել, թե ով է, քանի որ տեղամասի հանձնաժողովի նախագահը նրան օգնել է փախչել։ Խախտումները կատարվել են հօգուտ «Միասնություն» դաշինքի թեկնածուի։ Այս խախտումներն արձանագրված են մայիսի 30-ի ժամը 13-ի դրությամբ։

Հրանուշ Հակոբյանի շտաբ- 41 ընտրատարածք

Այստեղ մեզ հայտնեցին, որ ընտրություններից 10 օր առաջ հավաքել են մարդկանց անձնագրերը եւ չեն վերադարձրել։ Ընտրության օրը պարզվել է, որ նրանք, ում անձնագրերը հավաքվել են, ընտրացուցակներում չկան։ Իսկ ընտրության օրը թեկնածուներից մեկը (անունը չասվեց) ցանկություն է հայտնել հանդես գալ տեղական հեռուստատեսությամբ եւ հայտարարել, թե ինքը բոյկոտում է ընտրությունները, քանի որ խախտումները շատ են։ Հրանուշ Հակոբյանի նախընտրական շտաբը արգելել է այդ թեկնածուին ելույթ ունենալ հեռուստատեսությամբ, քանի որ այդ բանը կդիտվի որպես օրենքի խախտում։ Շտաբի գրանցած հաջորդ խումբ խախտումները վերաբերում են ընտրացուցակներին։ Այստեղ հայտնաբերվել են 18 տարին չլրացած քաղաքացիներ, ինչպես նաեւ 23 տարվա հանգուցյալի կենսագրություն ունեցողներ։ Տիկին Հակոբյանի կարծիքով քվեատուփերը շատ մեծ են պատրաստված, եւ չի կարող բացառվել, որ տուփից կռանալու պահին նրա ծոցագրպանից նոր քվեաթերթիկներ չեն թռչի դեպի տուփը։ «Իմ անցած ճանապարհին այսպիսի ակնառու ճնշում, լարվածություն, կեղծիքներ, ոչ մարդկային վերաբերմունք չեմ տեսել»,- վերջում ասաց Հ. Հակոբյանը։

Ռուբեն Հակոբյանի շտաբ- 41 ընտրատարածք

Այստեղ հայտնեցին, որ Կարմիրի 0692 տեղամասում գրանցվել են բաց քվեարկության փաստեր։ Հանձնաժողովի անդամները միջամտում էին ընտրողների կամքին։ Նույն Կարմիրում չորս հոգի միաժամանակ մտնում էին քվեախուց, աղմուկի հետեւանքով դա կանխվեց։ Շտաբի բողոքներին ի պատասխան, տեղամասային հանձնաժողովի նախագահն ասել է. «Ես ի վիճակի չեմ, էս գյուղը էդ ա, բռի են, կոպիտ են, անտաշ են»։

Մանվել Բադեյանի շտաբ- 41 ընտրատարածք

Մանվել Բադեյանի ասելով խախտումները սկսվել էին դեռ ընտրություններից առաջ։ Ընտրացուցակներից դուրս են թողնվել Բադեյանները եւ նրանց հարեւանները, ինչպես նաեւ նրանք, ովքեր ըստ պարոն Բադեյանի, հաստատ իր օգտին պետք է քվեարկեին։ Հայտնաբերվել են նաեւ շատ-շատ մեռյալ հոգիներ։ Այստեղ հայտնաբերվել է «այսպես կոչված կարուսելը», երբ քվեարկությունը կատարվում է դրսում եւ ոչ թե տեղամասում։ Ու պարոն Բադեյանը մանրամասն բացատրեց, թե ինչ է նշանակում «կարուսել». «բյուլետեն է դուրս հանվում, նշումը կատարվում է, տալիս են մարդուն, ասում են՝ սա կգցես, մաքուրը կհանես դուրս»։ Այսպիսի «կարուսելը» շտաբը գրանցել է Սարուխանում։ Այստեղ մեզ հայտնեցին նաեւ, որ ընտրատարածքի 31 հազար ընտրողների ցուցակից 1800 մարդ գրանցված չէ։ Այս մասին ժամանակին տեղյակ պահվել է, բայց ոչինչ չի արվել։ Այս շտաբը եւս մեռած հոգիներ է հայտնաբերել։ Մայիսի 29-ին 915 բյուլետեն են գողացել (Բատիկյան) Գանձակի մշակույթի տանը տեղավորված ընտրատարածքից։ Այս մասին արձանագրություն է կազմվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31