Միջազգային դիտորդների տեսակետը
Իմ անունը Արմեն է, ազգանունս՝ Զաքարյան։ Սակայն, այսօր, մայիսի 30-ին, ՀՀ հերթական խորհրդարանական ընտրությունների օրը, արթնանալուցս ընդամենը մեկ ժամ անց, պարզեցի, որ ազգանունս փոխվել է եւ դա տեղի է ունեցել քվեարկելու համար ինձ հատկացված ընտրատեղամասի ցուցակներում։ Մի քանի րոպե իսկ չէր անցել՝ արդեն պարզել էի՝ բազմաթիվ են իմ վիճակում հայտնվածները։ Անմիջապես դիմեցինք ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին եւ նա տվեց հետեւյալ բացատրությունը. «Այս վիճակը ստեղծվել է համայնքների, համայնատիրությունների ներկայացրած ցուցակների պատճառով։ Եթե անուն-ազգանունները սխալ չեն եւ միայն տառասխալներ կան, ընդառաջում ենք եւ թույլ տալիս քվեարկել»։
Վայրկյան առ վայրկյան ստվարացող խմբի հետագա անելիքը որոշելու համար բացեցին Վիկտոր Դալլաքյանի հեղինակած ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածը, որը կանոնակարգում է ցուցակների անճշտության վերաբերյալ դիմումների քննարկելու կարգը. «Դատարանը պարտավոր է քվեարկության օրը ստացած բողոքները քննել անհապաղ եւ կայացնել որոշում, որը բողոքարկման ենթակա չէ»։ Իբրեւ ՀՀ օրինապահ քաղաքացի, շտապեցի իմ տարածքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Առաջին ատյանի դատարան, ուր մինչեւ աշխատակիցների հետ հանդիպումը, առնչվեցինք բողոքավոր բազմաթիվ խմբերի։
Լսենք բողոքների բովանդակությունը. «Մեր շենքը դուրս է մնացել ամբողջությամբ։ Այս անգամ որոշեցինք ընտրել վերջապես, բայց հնարավորություն չունենք։ Կարծում եմ՝ այս ամենը անփութության արդյունք է»։ Հիմա այս մեկ բողոքը. «Մեր ազգանունը գրել են Շողիկյան, բայց դա մեր ազգանունը չէ։ Տղայիս անունը Վարդան է, գրել են Վարդուհի»։ Այս մեկն էլ բավականին տպավորիչ է. «Մեր ընտանիքը կիսել են, ես ու կինս կանք ընտրացուցակներում, բայց երկու տղաներս չկան»։ Մի խոսքով, մինչ բուռն լրագրողական գործունեությունս էի ծավալում, իմ հերթը եւս հասավ դիվանբաշուն եւ Մալաթիա-Սեբաստիայի առաջին համայնքի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանը ինձ ներս հրավիրեց։ Մի շարք գործընթացներից հետո, ընդունվեց վճիռ. «Վճիռ՝ հանուն Հայաստանի Հանրապետության
Կարդացեք նաև
Դիմելով դատարան, Արմեն Զաքարյանը հայտնեց՝ իր ազգանունը նշված է Ջավադյան, խնդրեց կատարել համապատասխան ուղղում։ Դիմումը հիմնավորված է եւ ենթակա է բավարարման»։ Արդեն իբրեւ քվեարկելու սահմանադրական իրավունքս վերականգնած քաղաքացի, մի փոքրիկ հարցազրույց ունեցա դատարանի նախագահի հետ։ Նա պարզաբանեց, որ այս խնդրով դատարանի առած վճիռների կատարումը, պարտադիր է տեղամասային հանձնաժողովների համար եւ բողոքարկման ենթակա չէ։ Մայիսի 30-ի ժամը 12-ի դրությամբ համայնքի առաջին ատյան էր դիմել արդեն 450 քաղաքացի, թե այս կամ այն պատճառով իրենց քվեարկելու իրավունք չի տրվում։ Հարուցվել էր 31 քաղաքացիական գործ եւ բոլոր հայցերն էլ բավարարվել էին։ Իմ եւ իմ դիտարկած օրինակներով ասեմ, որ տվյալ դատարանում մտնելուց մինչեւ վճիռը ձեռքին դուրս գալու գործընթացը տեւում էր մոտ 40 րոպե։ Ինչեւիցե։ Ազգանունս եւ ընտրելու իրավունքս վերականգնած վերադարձա ընտրատարածք, ուր մի խումբ կանայք արդեն հասցրել էին հանձնաժողովի նախագահին լեզվախեղդ անել. «Ես այս անձնագրով նախագահ եմ ընտրել, դեպուտատ ընտրելու իրավունք չունե՞մ։ Էդ ո՞նց ա մեռելները կան ցուցակում, իսկ ողջերը չեն կարող քվեարկել»։
Ավելորդ չէ ասել, որ խնդիրն արդեն հասցրել էր լայն հասարակական արձագանքի արժանանալ եւ ընտրատեղամաս էին ժամանել միջազգային դիտորդները։ Նրանք ներկայացնում էին ԵԱՀԿ-ին։ Նշենք, որ ԵԱՀԿ-ն այս ընտրություններին Հայաստան է ուղարկել 22 դիտորդ, որոնք բաժանվելով 11 խմբի տարբեր ընտրատարածքներում հետեւում էին ընտրությունների ընթացքին։ Կոնկրետ դեպքում գործ ունենք Լեհաստանի սեյմի եւ «Սոլիդարնոստ» կազմակերպության նախագահության անդամ Էդվարդ Դաշկեւիչի եւ Սլովակիայի «Նարոդնի Ռադայի» անդամ Պետեր Օսուսկու հետ։ Մի փոքրիկ շրջայց կատարելով դիտորդ այս խմբի հետ, նախեւառաջ փորձեցի հստակեցնել, թե նրանց ինչ հարցեր են հետաքրքրում։ Պարզապես թվարկում եմ գրեթե բոլոր ընտրատեղամասերում տրվող հարցերը։ Առաջին հերթին, ո՞ր քաղաքական ուժն է ներկայացնում հանձնաժողովի նախագահը։ Կա՞ն արդյոք բացականեր հանձնաժողովի անդամների մեջ, ի՞նչ են անում, եթե ընդամենը տառասխալ կա անվան կամ ազգանվան մեջ, միլիցիան խանգարո՞ւմ է արդյոք ազատ ընտրությանը։ Ո՞ր կուսակցություններից վստահված անձինք կան ընտրատեղամասում եւ վերջին հաշվով՝ ի՞նչ բողոքներ ունեն նրանք։
Պարզվեց, որ տվյալ ընտրատարածքում հանձնաժողովների նախագահները հիմնականում «Օրինաց երկիր» եւ «Հզոր հայրենիք» կուսակցություններն են ներկայացնում, որ առանձին ընտրատեղամասերում ընտրողների մինչեւ 20 %-ը ընդգրկված չէ ընտրացուցակներում եւ այլն։ Շրջայցի ավարտին փոքրիկ հարցազրույցներ ունեցանք դիտորդական նշյալ խմբի անդամների հետ։ Սլովակիայի խորհրդարանի անդամ Պետեր Օսուսկին, որն առաջին անգամն է դիտորդական առաքելություն իրականացնում, ասաց, թե ընտրությունների ընթացքն ավելի հանգիստ է, քան իրենք սպասում էին։ Բոլոր տեղերում, գրեթե գոյություն ունի մեկ հիմնական խնդիր՝ մարդիկ ընդգրկված չեն ընտրացուցակներում։ «Իհարկե,- ասաց սլովակ դիտորդը,- ցուցակները երբեք 100%-անոց չեն կարող լինել, բայց գոնե 95%-անոց պետք է լինեն»։ Իսկ նրա լեհ գործընկեր՝ Էդվարդ Դաշկեւիչը վեցերորդ անգամն էր դիտորդություն իրականացնում։ Նա ասաց, որ ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Չեխիայում, ո՛չ Սլովակիայում եւ ո՛չ էլ այլուր, երբեք չի տեսել նման բան, որ մարդիկ գան ընտրատարածք եւ քվեարկելու հնարավորություն չունենան. «Մեզ ասում են, որ ընտրողների 10,15,20%-ը ընտրելու իրավունք չունեն։ Դա բավականին բարձր ցուցանիշ է, գուցե թե ընտրությունը նորից կազմակերպելու կարիք լինի»։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
(Օրվա կատակ)