Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցակների այս խառնաշփոթը միտումնավոր էր

Մայիս 31,1999 00:00
cucak

Այսպես են կարծում ընդդիմադիրները

Ընտրությունների նկատմամբ ավելի քննախույզ հայացք, որպես կանոն, ընդդիմադիրներն են ունենում։ Ուստիեւ, միայն այդ կուսակցությունների ներկայացուցիչներին դիմեցինք՝ խնդրելով գնահատել մայիսի 30-ին կատարվածը եւ ներկայացնել իրենց հայտնի առավել ակնառու խախտումները։

andranik hovakimyan

Անդրանիկ Հովակիմյան (ՀՀՇ նախընտրական շտաբի ղեկավար)– Համատարած խախտումը ցուցակների անճշտություններն են։ Իբր փորձել են նախորդ փորձը հաշվի առնելով փոխել ցուցակները. «ունքը շինելու տեղն աչքն են հանել» ասածը հենց նման դեպքերի համար է։ Որպես հիմք ծառայած տվյալներն առանց այն էլ մի բան չէին՝ դրանք փորձել են համակարգչային դարձնել, ծրագիրն անորակ է եղել… Ցուցակների շուրջ կեսը սխալ է։ Համատարա՛ծ։ Զավեշտն այն է, որ թվերը գրեթե չեն փոխվել։ Նույն քանակությամբ, ինչ ամբողջ թաղամասի կամ շենքի մարդկանց անուններ են դուրս թռել ցուցակներից՝ այդ նույն քանակի այլ ազգանուններ կան։ Դրա համար էլ թվացել է, որ ամեն ինչ կարգին է, ընդհանուր թիվը պահպանված է։ Սա ամենալուրջ խախտումն է, որի տակից ուղղակի չգիտեմ, թե ոնց են դուրս գալու։ Դատարաններն ուղղակի ֆիզիկապես չհասցրին այդ վկայականները տալ։ Էլ չեմ ասում, որ առանց դատաքննության, ուղղակի վճիռ են գրում՝ ասում, գնա քվեարկի։ Եթե թեկնածուներից մեկը ծանոթ դատավոր ունենա՝ մի հազար հոգի կարող է այդ թղթից վերցնի ու քվեարկությանը մասնակցի։

Ասենք, թիվ 3 ընտրատարածքում այսպես փախստականներ են եկել քվեարկել՝ էլի դատարանի վճռով։ Բացի այն, որ նրանք քվեարկությանը մասնակցելու իրավունք չունեն՝ այդ շենքերը, որտեղ ապրում են նրանք, նույնիսկ այդ տեղամասի տարածքում էլ չեն եղել։ 3-րդ ընտրատարածքում նման բազմաթիվ խախտումներ կան՝ 35 ընտրատեղամասի նախագահը քվեաթերթիկներ է փորձել թաքցնել։ Հովհաննես Իգիթյանի վստահված անձանց թույլ չեն տվել տեղամաս մտնել, ԿԸՀ-ի միջամտությունից հետո են նոր թույլատրել։ (Պրն Հովակիմյանն անդրադարձավ նաեւ թիվ 13, 17, 75 ընտրատարածքներում արձանագրված խախտումներին, որոնց վերաբերյալ «Առավոտն» առանձին հրապարակումներ ունի- Ա. Ի.)

ajm

Սեմեոն Բաղդասարյան (ԱԺՄ նախընտրական շտաբի ղեկավար)– Ամենակարեւորը. այս խառնաշփոթը միտումնավոր էր՝ սա միանշանակ է։ Թե ով էր կազմակերպել, ինչ ուժեր էին, ինչ շահեր ունեին՝ չեմ կարող հիմա ճիշտ նշել, դժվար է գնահատել։

Երկրորդը. բանակին առնչվող անճշտությունները, ցուցակների սխալ ձեւակերպումը, զինվորների հիմնական բնակավայրը չճշտելը՝ այս ամենը դարձյալ բանակին առնչվող լարվածությունների հանգեցրեց, դրանից ածանցվող այլ անդուր հարցերով։

Shoger Matevosyan

Շողեր Մաթեւոսյան («Շամիրամի» նախագահ)– Համատարած էր բնակչությանը ցուցակներում չընդգրկելը եւ դա կարծես կազմակերպված բնույթ ունի։ Նման բաներ անցած տարիներին էլ էին լինում, բայց հատուկենտ տեղերում եւ պատահականորեն։

Edvard Egoryan

Էդվարդ Եգորյան («Հայրենիք» դաշինքի ղեկավար)– Չափազանց զանգվածային են քաղաքացիներին ընտրական ցուցակներում չընդգրկելու դեպքերը։ Յուրաքանչյուր ընտրատարածքում, ինձ հասած տեղեկություններով, նման հարյուրավոր, հազարավոր մարդիկ են եղել։ Արդյունքում, այս ընտրություններին կարծես եկել են միայն կառույցների միջոցով բերված մարդիկ, իսկ ցուցակները կարծես հարմարեցվել են այնպես, որ այս իշխանությանը չընդունող մարդիկ մեծամասամբ դուրս են մնացել։ Փաստորեն զանգվածայնորեն խախտվել է մարդկանց ամենակարեւոր՝ քվեարկության իրավունքը։

Բազմաթիվ խախտումներ կարող եմ մատնանշել նաեւ իմ՝ 7-րդ ընտրատարածքի հիման վրա։ Բոլոր տեղամասերում առավոտյան պարզվել էր, որ կնիքներն արդեն իսկ օգտագործված՝ թանաքոտված էին։ Շատ տեղերում ցուցակները փակցվել էին միայն մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը, այսինքն, մարդիկ հնարավորություն էլ չունեին պարզելու՝ իրենք կա՞ն ցուցակներում, թե՞ ոչ։ Օրինակ, հաստատ այդպես է եղել 0075, 0077 տեղամասերում՝ ուղղակի գիշերվա 12-ից հետո են փակցվել ցուցակները։

Նկատի առեք նաեւ, թե որեւէ մեկը մեծ հաճույքով դատարան չի գնա ու իր ընտրական իրավունքը վերականգնի։ Եվ եթե անգամ, ըստ պաշտոնական տվյալների, 20 հազարից ավելի մարդիկ են երեկ դատարան դիմել, ապա պատկերացրեք, թե ինչ տոկոս են կազմում հիասթափվածներն ու դատարան չհասածները։ Կարծում եմ, որ այդ թիվն առնվազն 200 հազարին մոտ կլինի։ Եվ դրանք ընտրության արդյունքների վրա էապես ազդող թվեր են։

Կարծում եմ, Հայաստանի ապագայի համար ճիշտ կլինի, եթե ԿԸՀ-ն ամբողջապես չեղյալ համարի ընտրությունների արդյունքները։

Գրի առավ

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31