Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՌԺԱՄԱՆԱԿ ԴԱՐՁԱ ԿԱԲԱՅԵԼՅԱՆ

Մայիս 31,1999 00:00
yntrutyun

Այժմ արդեն պարզ է, որ նախընտրական շրջանում ամենալուրջ գործով ԱԻՄ-ն էր զբաղված։ Եվ ափսոս, որ ցուցակներ ստուգելը կիսատ թողեցին։ Բայց նախապես արդեն ԱԻՄ-ի պատասխանատուները նշել էին, որ մի 20-30%-ի անճշտություններ կան ցուցակներում։ Չէի պատկերացնի, որ դրանցից մեկն էլ ինձ է վերաբերելու։

Այս՝ թիվ 102 դպրոցում տեղակայված ընտրատարածքում արդեն երրորդ ընտրությանն էի մասնակցում եւ որեւէ անգամ ոչ մի խնդիր չէի ունեցել։ Ուստի այս անգամ մտքովս չէր էլ անցել նախապես ստուգել, թե արդյոք անուն ազգանունս ցուցակում ճիշտ է նշված։

Դեմ դիմաց գտնվող 2 ընտրատարածքներում էլ աղմուկ-աղաղակը հավասարաչափ ուժգին էր։ Դժգոհողները շատ էին, ձեռնունայն հեռացողները՝ նույնպես։ Իմ՝ 02-0021 ընտրատարածքում հերթ էր, շոգ, հրմշտոց։ Նաեւ 3 ոստիկաններ կային, որ իրենց 4-րդ գործընկերոջն էին փնտրում։

Մի կին միջանցքում բարձրաձայն բողոքում էր, որ ցուցակից պարզել է, թե ինքը… մահացած է, մինչդեռ իր հարեւանն 9 տարի առաջ է մահացել, բայց անընդհատ բոլոր ընտրությունների ցուցակներում ընդգրկված է։ Այս եւ հետագա իրադարձությունները ստիպեցին մի 10 անգամ ափսոսալ, որ տեղամաս էի մտել ոչ որպես լրագրող, այլ սովորական ընտրող՝ առանց ձայնագրիչի եւ նոթատետրի։

Ֆուչիկի 1-ին նրբանցքի մեկ այլ սովորական բնակիչ, որը հերթում ինձնից առաջ էր, պարզեց, թե իր Մարտոյան ազգանունը այժմ Մուրադյան է դարձել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը նրան բացատրում էր, որ ըստ «Ընտրական օրենսգրքի» ինքն իրավունք չունի իր նախաձեռնությամբ որեւէ փոփոխություն, լրացում կամ ճշտում կատարել ընտրողների ցուցակում։ Նույնը կրկնեցին նաեւ ինձ համար, երբ պարզվեց, որ իմ Իսրայելյան ազգանունն էլ նշված է որպես Կաբայելյան ու պատրաստվում էին ինձ էլ դատարան ուղարկել, երբ տեղամասում հանկարծ հայտնվեց Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։ Այստեղ արդեն մի հանրահավաք սկսվեց։ «Թողեք ձայնս տամ՝ գնամ»,- գոռում էր մի կին։ Մի տղամարդ էլ հոգնած հերթում սպասելուց՝ պահպանությունը ճեղքելով առաջ անցավ։ Այստեղ նոր ոստիկանների ներկայությունը արդարացված դարձավ կարգուկանոն հաստատելու համար։

Ինչեւէ, ՄԸՀ-ի ներկայացուցիչը մի փոքրիկ խորհրդակցություն անցկացրեց տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների հետ։ Հայտարարությունից հետեւում էր, որ եթե տվյալների մեծամասնությունը ճշգրիտ է՝ կարելի է եւ քվեաթերթիկ տալ։ «Բայց էնքա՜ն մարդկանց ենք հետ ուղարկել»,- բողոքեց հանձնաժողովի անդամներից մեկը, երբ ինձ քվեաթերթիկ էին տալիս՝ իբրեւ Կաբայելյան Աննայի։ Գուցե սա օրենքի շրջանցում էր, բայց ինձ համար կարեւորը դատարանի դուռ չհասնելն ու լրագրողական պարտականություններիս վերադառնալն էր։

… Թիվ 2 ընտրատարածքի այլ տեղամասերում այդչափ նյարդային մթնոլորտ չէր, որքան այնտեղ, որտեղ քվեարկել էի։ Ճիշտ է, ցուցակներից բողոքները դարձյալ խիստ բազմաթիվ էին, մարդիկ էլի վիրավորված հեռանում էին։ Ասենք, թիվ 118 դպրոցում տեղակայված ընտրատարածքից ժամը 12-ի դրությամբ արդեն 80 հոգու հետ էին ուղարկել։ Դե, թեկնածուներից որ մեկի ներկայացուցիչներն էլ մարդկանց հասցնում էր դատարան՝ հետո արժանանում էր տարած-հետ բերած ընտրողների «երախտագիտությանը»։

Մի խոսքով, ակնհայտ էր, թե սին դուրս եկան որոշ թեկնածուների նախնական հայտարարությունները, թե այս ընտրատարածքում խախտումներ չեն լինելու։ Չարժեր որեւէ բան երաշխավորել այն պայմաններում, երբ Երեւանի գրեթե բոլոր համայնքապետերը նաեւ ցուցակներ ճշտելու փոխարեն՝ իրենց ընտրարշավով էին զբաղված։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31