Վանաձորի թիվ 49 ընտրատարածքի 0864 տեղամասում մայիսի 30-ի ժամը 20-ի դրությամբ, մեծ թվով ընտրողներ, ներառյալ վաղ առավոտից սպասող զինվորները զրկվեցին ընտրելու հնարավորությունից, քանի որ նշված ժամանակահատվածը չհամապատասխանեց ընտրող քաղաքացիների թվին։ Նշված պատճառով, վերջին պահին, այդ տեղամասում անասելի աղմուկ եւ խառնաշփոթ սկսվեց։ Ժամը 20-ից հետո թույլ տվեցին ընտրել միայն նրանց, ովքեր այդ պահին գտնվում էին այդ տեղամասում՝ Վանաձորի ճգրիտ հաստոցների գործարանի մանկապարտեզում։ Ինչպես հաջողվեց պարզել համանման խուճապային վիճակներ էին ստեղծվել նաեւ այլ տեղամասերում։ Ժամը 20։30-ի դրությամբ ընտրողների թիվը Լոռու մարզում հասնում էր 92 հազարի, սակայն այդ թիվը դեռեւս ավելանալու միտում ուներ, քանի որ ոչ բոլոր տեղամասային հանձնաժողովներն էին տեղեկություններ հայտնել մարզային հանձնաժողով։
Գ. Հ.,Վանաձոր
ԻՐԱՐ ԱՐԺԵՆ
Կարդացեք նաև
Մայիսի 28-ին «Արմենիա» հեռուստաընկերությամբ ելույթ ունենալով Դավիթաշենի նախկին համայնքապետ Ռուբեն Գեւորգյանը 7-րդ ընտրատարածքում իր մրցակցի՝ Համլետ Հովսեփյանի մասին ասաց. «Ամեն տեղ ասում ես, թե դու արդեն կրել ես։ Դու լավ քարածուխ կկրեիր»։
ԿՆԻՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ
Չկալովի, Շահումյանի եւ Սպանդարյանի անվան դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում հանձնաժողովի կնիքն արդեն իսկ օգտագործված է եղել։ Ներկայացված պաշտոնական պատճառաբանությունն այն էր, թե կնիքներն օգտագործվել էին ՆԳ եւ ԱԱ համապատասխան արտադրամասում։ Սակայն վստահված անձինք չէին բացառում, որ այդ կնիքներով լցվելիք քվեաթերթիկները կնքված լինեին։
ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ «ՕՐԻՆԱՑԻ» ՀԱՄԱՐ
Թիվ 7 ընտրատարածքի թեկնածու Համլետ Հովսեփյանի վստահված անձանցից մեկը («Առավոտ» զանգահարած քաղաքացիները նշում էին միայն նրա պաշտոնը՝ ֆիզիկայի ինստիտուտի էլեկտրիկ) մեքենայով շրջելով բակերում, օրենքը խախտելով քարոզչություն էր անում՝ մարդկանց առաջարկելով ընտրել մեծամասնականով 3-րդին, այսինքն՝ Համլետ Հովսեփյանին, իսկ համամասնականով՝ 21-ին, այսինքն՝ «Օրինաց երկրին»։
«ԵՐԵՎԱՆ» ԿՈՄԻՏԵՆ ԻՐՈՔ ԿԱ՞
Ընտրությունների նախորդ օրը դարձյալ հարձակում է եղել Կիմ Բալայանի նախընտրական ենթաշտաբերից մեկի վրա՝ ջարդել են «Հրազդան» կինոթատրոնի ցուցափեղկը, պոկել Կիմ Բալայանի նկարները։
ՀԱՍՏԱՏ ԿՏՈՒԳԱՆԵՆ
Մայիսի 28-ին, ժամը 24-ից հետո «Ար» հեռուստաընկերությունը, խախտելով քվեարկության նախորդող օրը քարոզչության արգելման մասին օրենքի պահանջը, ցուցադրել է «Սուրհանդակ» հաղորդման կրկնությունը, որտեղ Գագիկ Բեգլարյանին քարոզող տեսանյութ կար եւ «Միասնությանը» ձայն տալու կոչ։ Դատախազությունն այս առիթով քրեական գործ է հարուցել։