Լրահոս
Օրվա լրահոսը

Շիլաշփոթը թաղապետերն են սարքել

Մայիս 31,1999 00:00
Yuri Manukyan

Ընտրությունների ավարտից մեկ ժամ առաջ արդեն կոմկուսի պատասխանատու ներկայացուցիչներն այնքա՜ն խախտումներ էին արձանագրել, որ նույնիսկ հավանական էին համարում հանդես գալ ընտրությունները չեղյալ հայտարարելու առաջարկով։ Սակայն, ավելի ուշ ճշտեցինք, որ կոմկուսն, իրեն հատուկ զգուշավորությամբ, ձեռնպահ կմնա նման քայլից։

Կոմունիստների գլխավոր բողոքը եւս ընտրացուցակներին էր առնչվում։ Ընդ որում՝ նրանց պնդմամբ էլ մինչեւ մայիսի 25-ը փակցված ընտրացուցակները շատ ավելի ճիշտ էին արտացոլում ընտրողների իրական պատկերը, քան ընտրության օրը ներկայացվածները, որոնք, իբր թե, բողոքների հիման վրա ճշտվել են։ Ասենք, 29012 ընտրող ունեցող թիվ 11 ընտրատարածքում, ուր Կոմկուսից առաջադրված է Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը, 6300 խախտում է արձանագրվել։ Մայրաքաղաքի 146/12 ընտրատեղամասում 2250 ընտրողից իրականում կա միայն 760-ը։ Թիվ 20 ընտրատարածքի 247 եւ 248 ընտրատեղամասերում 204 մարդու անուն նույնությամբ կրկնվում էր։ Այս տվյալներն ուղարկված են դատարան, ու կոմկուսի լրատվության պատասխանատուն չգիտեր, թե «Շենգավիթի թաղապետը ի՞նչ պիտի պատասխանի սրա համար»։ Շարունակությունն ավելի տխուր էր. «Ամբողջ քաղաքում նույնն է վիճակը՝ Էրեբունիում, Մասիվում, Շահումյանում։ Թե ինչեր է կատարվում թիվ 15 ընտրատարածքում, Աստված գիտի»։ Դատարանի միջոցով ընտրելու իրենց իրավունքը պաշտպանողներն էլ ահազանգել էին, որ դատարաններում սպառվել են ընտրացուցակից դուրս մնացածներին տրվող բլանկները։ Ու ըստ կոմունիստների՝ «Աստված գիտի՝ ինչքա՞ն բլանկ կհասցնեն տպագրել, որ դատարանների պահանջները բավարարեն»։

Ի դեպ, կոմունիստների հավաստմամբ, մայիսի 23-ին իրենք ավարտել էին մայրաքաղաքի ընտրացուցակների «վրա տարվող աշխատանքը» եւ խախտումները գրավոր ներկայացրել են թաղապետերին։ Սակայն, ըստ Յուրի Մանուկյանի. «Թաղապետերը փոխանակ այդ ճշտումները մտցնեն ցուցակ, այնպիսի շիլաշփոթ էին ստեղծել, որ ավելի լավ էր, առաջին ցուցակները մնային, քան սրանք»։ Մինչեւ ժամը 23-ը կատարված ստուգումների հիման վրա քաղաքում միայն 8 հազար խախտում էր արձանագրվել, իսկ երեկվա տվյալներով խախտումները 30 հազարից ավելի էին, որն, ըստ կոմունիստների, մինչեւ ընտրությունների ավարտը դեռ կաճի։ «Երեւանի մեծ մասը փաստորեն չի մասնակցելու ընտրություններին, կամ կմասնակցի իրենց հարմար ձեւով»։ Այն հարցին՝ կոմունիստներն է՞լ են դաշնակցականների նման պնդում, որ միտումնավոր ցուցակներից հանել են հենց իրենց համակիրներին, պարոն Մանուկյանն ասաց. «Հիմնականում մեծահասակ մարդիկ ի վիճակի չեն դատարան գնալու։ Իսկ դուք գիտեք, որ կարոտախտի մեջ մեղադրում են հիմնականում մեծահասակներին, սոցիալիզմ տեսած, բավարար կենսամակարդակ ունեցած մարդկանց, որոնք հաստատ կոմունիստներին իրենց ձայնը կտային։ Բնականաբար մեր ձայները կորում են այդտեղ»։ Կոմունիստները վստահ էին, որ ի տարբերություն մյուսների, իրենք իրավունք ունեն նման բան հայտարարելու։ Ընդունեցին նաեւ ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի համանման իրավունքը, բայց՝ «Մյուս բոլոր կուսակցությունների մատը խառն է։ Համոզված եմ։ Էդ «հորինած» է, թե ինչ է, «արժանապատիվ» է, դրանք բոլորը մի կաշայի մեջ են։ Նրանք ամեն ինչ անում են, որ ազնվության դեմ պայքարողներին խեղդեն բնի մեջ»։

«Առավոտի» այն հարցին՝ ուրիշ ի՞նչ կարգի խախտումներ են արձանագրվել, «կարուսել» կոչվող հնարքը գործադրելու դեպքերից հիշեցին։ 0139/11, 0140/11 0131/11 ընտրատեղամասերում են դրանք արձանագրվել, սակայն՝ ո՞ւմ օգտին, դեռ պարզ չէր։ Սակայն այդ առնչությամբ արված հայտարարության տակ ստորագրել էին գրեթե բոլորը՝ բացառությամբ «իշխանության ներկայացուցիչների»։ Այդ որակման տակ կոմունիստները նկատի ունեին կառավարության ու «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչներին, քանի որ «մենք նրանց («Միասնությանը»- Ն. Հ.) իշխանություններից չենք տարբերում»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31