Արմավիրի մարզի թիվ 35 ընտրատարածքի պլակատն ավետում էր, որ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։ Մարզի թ. թ. 35, 36 եւ 37 ընտրատարածքներում մեր երեկվա դիտարկումները միայն մասամբ հաստատեցին պլակատի բովանդակությունը. ընտրացուցակներում չէր մոռացվել եւ ոչ մի նոր հանգուցյալի անուն։ Ողջերից շատերն իրենց կենդանության օրոք, սակայն, արդեն հասցրել էին մոռացվել։
Արմավիրի մարզում այս խորհրդարանական ընտրություններն այնքանով են հետաքրքիր, որ այնտեղ է թիվ 37 ընտրատարածքը՝ իր միակ թեկնածու Հրանտ Գրիգորյանով։ Էջմիածնի Չարենց թաղամասում ժ. 16.30-ի մատույցներում արդեն 2852 ընտրողից մասնակցել էր 950 ընտրող։ (Թեեւ հենց Հրանտ Գրիգորյանի նախընտրական շտաբի պետ Վազրիկ Գրիգորյանը հայտնեց, որ իրենք տնետուն են գնացել եւ ճշտել, որ ընտրատարածքում կա միայն 1769 ընտրող)։ Իմ ցանկությունը՝ աչքովս տեսնել թիվ 37 ընտրատարածքի միակ եւ անմրցելի թեկնածուին, հաջողությամբ պսակվեց։ Սակայն նրա հետ զրուցել, այն էլ՝ ձայնագրիչով, պրն Գրիգորյանի համար ազգի դավաճանության պես մի բան էր։ Վիրավորվելով իմ «Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ եք միայնակ եւ ինչո՞ւ ոչ մի այլ թեկնածու չի համարձակվել իր թեկնածությունը դնել» հարցիցս, նա եւ իր լրագրողներից մեկն ինձ մեղադրեցին ոչ պրոֆեսիոնալիզմի եւ անտեղյակության մեջ, զարմացան եւ նեղվեցին, որ պրն Հրանտ Գրիգորյանի կենսագրությանը ծանոթ չեմ եւ, առհասարակ, ես եւ ինձ նմաններն են մեղավոր, որ ժողովուրդն այսքան անօգնական եւ հուսահատ վիճակում է։
Ես տեղյակ չէի, որ պրն Գրիգորյանը «պահում» է շատ «որբերի» եւ ազատամարտիկների ընտանիքների, որ «նրա արեւով շատերն են երդվում»։ Ժամը 17-ի դրությամբ Հրանտ Գրիգորյանն իրեն համեստորեն դեռեւս ընտրված չէր համարում։
Բազմաթիվ ընտանիքների օգնություն է բաժանում եւ «պահում» նաեւ թիվ 35 ընտրատարածքի թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ մականունով), սակայն Էջմիածնի բնակիչներն իրենք իրենց մեղադրում էին, որ վերցնում են բաժանված կարագն ու ալյուրը. «Թող աշխատատեղեր ապահովեն, մենք մեր հացը վաստակենք։ Մեզ անընդհատ իրենցից կախման մեջ են պահում, եկած պահին մեր ձայներն ուզում ու հետո հպարտանում, թե՝ բարեգործ ենք։ Ամոթ մեզ էլ, որ խաբվում ենք, իրենց էլ, որ մեր թույլ լարերի վրա են խաղում»։
Կարդացեք նաև
Թիվ 35 ընտրատարածքում հիմնական մրցակիցները Հակոբ Հակոբյանն ու Էջմիածնի փոխքաղաքապետ, «ոսկե մեդալակիր» Գագիկ Գիշարյանն են։ Ինչ վերաբերում է համամասնական կարգով առաջադրված կուսակցությունների քվեարկությանը, ապա, օրինակ, Էջմիածին քաղաքի բնակիչներին «խորհուրդ է տրվել եւ առաջարկվել՝ քվեարկել ցուցակի 8-րդ շարքի կուսակցությանը» (անգամ էջմիածինցիներից շատերը չգիտեին, թե ով է ցուցակում 8-րդը)։ Բայց իրենց հասանելիք «պտիչկան» դնում էին։ Ինչպես հանրապետության այլ ընտրատեղամասերում, Արմավիրի մարզի տեղամասերում էլ շատ-շատերը չէին գտնում իրենց անունները ցուցակներում. դատարան գնալու բուռն ցանկություն դրսեւորում էին քչերը՝ շահագրգռվածները։ Արմավիրի մարզի տեղամասերի մուտքերի մոտ ագիտացիա անողներ համարյա չկային. ընտրողների «քաղաքական հասունության» վրա մինչ ընտրություններն էին աշխատել։
«Պահեա եւ պահպանեա զընտրողս…»
Քանի որ մեր հոգեւոր դասն էլ անմասն չէ մեծ ու փոքր քաղաքականությունից, ուստի Էջմիածնի Մայր Տաճարում էլ զրուցեցի մի քանի հոգեւորականների հետ։ Գեւորգյան ճեմարանի սան Արթուր դպիր Կարապետյանից փորձեցի ճշտել՝ արդեն կատարե՞լ է իր քաղաքացիական պարտքը։
– Դեռ ոչ, բայց եթե եկեղեցական արարողությունը շուտ վերջանա, կգնամ եւ կքվեարկեմ։
– Դու ինչպե՞ս ես վերաբերվում այս ընտրություններին, որոնք ինչ-որ անհասկանալի ձեւեր են առնում։
– Դրական, որովհետեւ Ավետարանում ասվում է. «Հնազանդ եղեք իշխանություններին։ Յուրաքանչյուր իշխանություն Աստծուց է»։ Մեր աղոթքն է, որպեսզի այս նոր ԱԺ-ն նպաստի Հայաստանում բնականոն քաղաքական կյանքին եւ որ ԱԺ-ն չլինի միայն ժամանակ անցկացնելու վայր։
– Այսօր ձեր աղոթքներում հիշատակե՞լ եք ընտրությունների թեման, դիմե՞լ եք Աստծուն, որ օգնի ժողովրդին ճիշտ կողմնորոշվել։
– Ես անձամբ մի փոքր աղոթք արել եմ, բայց հուսով եմ, որ ժամերգության ընթացքում կամ Սուրբ պատարագի ընթացքում բոլոր հոգեւորականներն իրենց հոգու խորքում խնդրել են Տիրոջը, որ բարի եւ հայրենասեր իշխանություն պարգեւի մեզ։
Արթուր դպիրի լավատեսությունը փոքր-ինչ չափազանցված էր, քանի որ այն հոգեւորականները, որոնց հետ զրուցեցի, ամենեւին իրենց աղոթքներում առ Բարձրյալն ընտրությունների թեման չեն արծարծել։ Հոգեւորականներից մեկն անգամ շարունակ պնդում էր, որ այդ օրն առհասարակ չի աղոթել։
Եվ դարից երկար ձգվելու է 4 տարին
Ձեւավորվեց նոր Ազգային ժողով։ Այն ընտանիքները, որոնք հայ ժողովրդին պատգամավորության թեկնածու չէին տվել, դարձյալ հիասթափված են, քանի որ ստիպված են ընտրություն կատարել վատի ու ավելի վատի միջեւ։ Մի խոսքով՝ բավարարվել չարյաց փոքրագույնով։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հ. Գ. Էջմիածնի Մայր Տաճարի քահանաներից մեկին հարցրի՝ մե՞ծ մեղք է ընտրություններին մասնակցելը, սահմանադրական եւ քաղաքացիական իրավունքից չօգտվող քաղաքացին արդյո՞ք իր հաջորդ կյանքում կհանգրվանի դժոխքում եւ մյուս խորհրդարանական ընտրություններում (կներեք նատուրալիզմի համար- Լ. Ա.) արդեն որպես հանգուցյալ կքվեարկի, ասենք, դժոխքի 5-րդ կուպրի կաթսայի ընտրատարածքից։
– Աստծո առջեւ մեղք չի լինի, բայց իբրեւ քաղաքացի քո խղճի առջեւ մեղք գործած կլինես, որովհետեւ չես օգտվել պետության կողմից քեզ տրված իրավունքից։