Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆՆ ՈՒ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ

Մայիս 31,1999 00:00
Tavush

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամքով վերջին՝ թիվ 75 ընտրատարածքը բաժին էր ընկել Տաուշի մարզին։ Սա զուտ մարդկային հետաքրքրասիրության տեսանկյունից թերեւս ամենահետաքրքիրն է։ Իր ծննդավայրում քվեարկվում էր Վանո Սիրադեղյանը։

Հյուսիսային ընտրատարածքը

Թիվ 75 ընտրատարածքը ընդգրկում էր Նոյեմբերյանի նախկին շրջանը եւ մի քանի գյուղեր Իջեւանի շրջանից։ Նախօրոք գրանցված 17 թեկնածուներից վեցը մինչեւ ընտրությունները հանել էին իրենց թեկնածությունը։ Մնացած թեկնածուները, որ տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում կամ անկուսակցական են, պայքարը շարունակեցին մինչեւ վերջ։ Ընտրական ցուցակում միայն Կողբ գյուղից չորս թեկնածուներ եւ մեկ գյուղի փեսա կար։ Բնականաբար, դժվար չէ ենթադրել, որ 1680 ընտրող ունեցող այս գյուղում ձայներն առնվազն հինգ մասի են բաժանվելու։ Ընտրական ձայն փոշիացնող մյուս թեկնածուն հանրահայտ Բագրատաշեն գյուղից էր։ Երկու հազարից ավել ընտրող ունեցող այդ գյուղում քվեարկվում էր գյուղապետ Հովսեփ Օգումցյանը։ Նրան դժվար թե հաջողվեր մյուս բնակավայրերում քվե ստանալ։ Փոխարենը հաստատ հաջողվեց իր գյուղում հնարավոր ձայներից զրկել հաղթանակի հնարավորություն ունեցող երկու թեկնածուներին՝ նոյեմբերյանցի Վանո Սիրադեղյանին եւ իջեւանցի Իլյիչ Բեգլարյանին։ Ծննդավայրով թեկնածուներին առանձնահատուկ նշելը մեր «նորամուծությունը» չէ՝ հենց իրենք ընտրողներն էին այդպիսի բնութագիր տալիս։ Սա ընտրատարածքների խոշորացման բնական հետեւանքն է եւ չենք կարծում, որ այս իմաստով թիվ 75 ընտրատարածքը յուրահատուկ է։

Նախընտրական Նոյեմբերյան

Ճանապարհը ներկայացնելը որեւէ իմաստ չունի։ Սովորական վատ՝ խրոնիկ հայկական մայրուղի էր։ Պարզապես աջուձախ փակցված էին նախընտրական պաստառ-պլակատներ։ Ցանկացած թշվառ կրպակի վրա։ Ճանապարհորդ ընթերցասեր հասարակությունը կարող էր պաստառներից համոզվել, որ «Հին ընկերները չեն դավաճանում» կամ, որ նրանք ասպետ են։ Բայց ցնցվող մեքենայի մեջ հաստատ վստահ կլիներ, որ այդ ասպետներից ոչ ոք անտեր (իմա՝ պետական նշանակություն ունեցող) մայրուղի չի ասֆալտապատի։ Մայրուղիներն ընտրող չունեն։ Պաստառները շատ էին նաեւ Նոյեմբերյանում։ Ուրիշ նախընտրական որեւէ սինդրոմ չկար։ Հյուրանոցի եւ սրճարանների անուններից դատելով («Հայրենիք», «Մհերի դուռ» եւ այլն) նոյեմբերյանցիները ազգային խիստ ընդգծված բնութագիր ունեցող ՀՀ քաղաքացիներ են։ Չնայած այս փաստին, սրճարաններից մեկում իրենց վերջին զանգի 20-ամյակն է նշում 2-րդ դպրոցի 10-ի բ դասարանը։ Կատակում էին, պարում։ Այնինչ, հաջորդ օրը ընտրություններ էին։

Անակնոց Բագրատաշենը

Առավոտյան հանրահայտ Բագրատաշենը քվեարկում էր։ Արդյունքներն առայժմ պաշտոնապես ամփոփված չեն, բայց դժվար չէր նկատել, որ քվեարկում էր հօգուտ իր գյուղապետ Հովսեփ Օգումցյանի։ Բաց կոստյում հագած, նա ինքն էր «հետեւում» ընտրությունների ընթացքին՝ ընտրատարածքի մուտքից 20-25 մետր հեռու կանգնած։ Դա, ըստ ընտրահակառակորդների վստահված անձերի, առնվազն ուղիղ երկու անգամ պակաս էր օրենքով նախատեսվող չափից։ Չնայած ընտրամասում առկա երեք խցիկներին, ընտրությունը կատարյալ թափանցիկ էր։ Այսինքն՝ հիմնականում իրականացվում էր տուփի մեջ գցվող չծալված թերթիկներով։ Հանձնաժողովը հետո ահագին տանջվելու էր ձայները հաշվելուց հետո դրանք ծածկելու համար։ Ընտրողների մեծ մասը խնդրում էր, որ իր հետ խցիկ մտնի որեւէ մեկը, որովհետեւ ինքը «մոռացել էր իր ակնոցները»։ Շրջապատիս կարծիքով, ես բավական բարեկիրթ արտաքին ունեմ։ Հանրահայտ ֆիլմի հերոսի խոսքերով՝ «Ութամյա կրթությունը ճակատիս վրա գրած է»։ Առնվազն։ Բայց, չգիտես ինչու, հանձնաժողովի նախագահը ոչ մի անգամ ինձ չառաջարկեց օգնել ակնոց չունեցող որեւէ ընտրողի։ Բայց ես ակնոց ունեմ ու չէի մոռացել։ Այլ խոսքով՝ մանր գործարարներին առաջարկում եմ ակնոցի «գործ դնել» Բագրատաշեն գյուղում։ Բնակչությունը Հայաստանի մասշտաբներով վճարունակ է։

Իլյիչն ընդդեմ կոմունիստների

Այս ընտրատարածքում կոմունիստներն իրենց թեկնածուն ունեն՝ Ցոլակ Եգանյանը։ Նա մարզպետարանի աշխատակից է (դժվար չէ հասկանալ, թե որ բաժնի։ Եթե դժվարացաք, վերընթերցեք ազգանունը)։ Վերջինիս ընտրված տեսնելու համար, կոմունիստները անզիջում եւ վերջին կռիվը պիտի տային Իլյիչ Բեգլարյանի դեմ։ Վերջինս ծնունդով Իջեւանի շրջանի Գետահովիտ գյուղից է։ Սա եւս մեծ գյուղ է, ուներ 1354 ընտրող (ըստ ցուցակի)։

Այս տարածքում, բնականաբար, լուրջ ընտրազանգված են զինծառայողները։ Համարյա բոլոր տեղամասերում ընտրություններին զինվորականներ էին մասնակցում։ Վաղ առավոտյան զինվորների քվեարկության ընթացքում սխալներ էին արձանագրվել Բագրատաշեն գյուղում։ Հետո հարցերը կարգավորվել էին եւ նրանց քվեարկության առթիվ բողոքներ վստահված անձինք եւ դիտորդները չհայտնեցին։ Զինվորականների քվեարկությունը, համենայնդեպս, մեր ներկայությամբ հավուր պատշաճի էր ընթանում Ենոքավան եւ Կողբ գյուղերում։ Պատկերը տրամագծորեն հակառակն էր Գետահովիտում։ Մի քանի հարյուր զինվոր էր ժամանել ավտոբուսներով եւ բեռնատարներով։ Մեքենաները, ինչպես խորհրդային ընտրությունների օրերին, զարդարված էին դաշտային ծաղիկներով։ Իսկ զինվորները, թող ներվի ասել, վախվորած էին։ Ընտրախցիկում միշտ երկուսն էին։ Մեկի դուրս գալուց հետո մյուսն էր մտնում։ Փաստորեն, հաջորդաբար յուրաքանչյուրը տեսնում էր, թե ինչպես է քվեարկում նախորդը։ Լուրը, որ այս գյուղում ընտրությունները խախտումով են ընթանում, տարածվել էր հանրապետական լրատվական միջոցներով։ Տեղի հեռուստատեսությունը շտապել էր հերքել լուրերը։ Նրանք հանձնաժողովի եւ վստահված անձանց «ադաբրյամսն» էին նկարահանում, առանց նայելու, որ խախտումները շարունակվում են հենց իրենց ներկայությամբ։

Հովվերգություն՝ ըստ Ենոքավանի

Ենոքավանում, ուր 308 ընտրող է ապրում, ամեն ինչ խաղաղ էր։ Մոտ հարյուր գյուղացի սարերում էր։ Ոչ ոքի մտքով չէր անցել կազմակերպել նրանց մասնակցությունը։ Դե պարզ է հազարների մեջ հարյուրը թիվ չէ։

Նախնական տվյալներ

Թիվ 75-ում ընտրություններին նախնական տվյալներով մասնակցել էր 20 հազար 842 ընտրող։ Նրանցից մոտ երեք հազարը զինվորականներ, հինգ հազար ընտրող Իջեւանի ենթաշրջանի գյուղերից, մնացածը՝ տավուշցիներ են։ Վերջում ասենք, որ սրճարանը, ուր դպրոցն ավարտելու 20-ամյակն էր նշել 10-ի «բ» դասարանը, ընտրությունների օրը բացվեց կեսօրից հետո։ Քեֆը շարունակվել էր մինչեւ լույս։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31