Թիվ 11 ընտրատարածքի 105 տեղամասում, Ռոբերտ Քոչարյանի քվեարկելուց մի 10 րոպե անց, հայտնվել է «Դվին» հյուրանոցի գլխավոր տնօրեն Վանուշ Թորոսյանը եւ խախտելով օրենքը, սկսել հենց տեղամասում հակաքարոզչություն իրականացնել, շուրջ 40 րոպե շարունակ խոչընդոտել է քվեարկությանը։ «Առավոտի» տրամադրության տակ է իր մրցակցի հասցեին նրա «ելույթի» ձայնագրությունը. «Սա թաղապետարանի եւ թեկնածու, թաղապետ… ո՞նց էր… Արարատ Զոհրաբյանի արածն ա։ Ու ինքը սրա համար պատասխան ա տալու,- գոռացել էր Վանուշ Թորոսյանը։- Կարող ա պատահի էսօր ձախողվի էս ամբողջ ընտրությունը… Որովհետեւ էս երկիրը տեր չունի, պրեզիդենտ չունի։ Ոչխարներ են հավաքվել»։
ԹԱՂԱՊԵՏ-ՄԻԼՊԵՏ ԴԱՇԻՆՔԸ
ԱԺ պատգամավորության թեկնածու Գրիգոր Սարգսյանի տվյալներով, Էրեբունու թաղապետ, պատգամավորության թեկնածու Արարատ Խրիմյանը այցելել է թիվ 10 ընտրատարածքի ընտրական տեղամաս, կանչել հանձնաժողովի նախագահին, զրուցել հետը։ Նույն աղբյուրի համաձայն, տեղամասերում ընտրական հանձնաժողովի աշխատանքներին միջամտում է եւ հսկողություն է իրականացնում նաեւ միլպետը։
Կարդացեք նաև
ԵԹԵ ՀԱՍՏԱՏՎԵՑ…
«Շամիրամի» նախագահ Շողեր Մաթեւոսյանը դեռեւս վերջնականապես չճշտված տեղեկություններ ուներ, որ Եղվարդում մի հանձնաժողովում իրենց ներկայացուցիչը քվեաթերթիկների հետ ինչ-որ մեքենայություններ է արել՝ հօգուտ «Իրավունք եւ միաբանության»։ «Եթե այս տեղեկությունը հաստատվի՝ հենց «Շամիրամն» է դատի տալու իր ներկայացուցչին»,- ասաց Շողեր Մաթեւոսյանը։
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Երեւանի 20-րդ ընտրատարածքի 247 եւ 248 ընտրական տեղամասերում նույնությամբ կրկնվել են 204 ազգանուններ։ Երեւանի թիվ 11 ընտրատարածքի 130, 139, 140 տեղամասերում արձանագրվել է «կարուսել» կոչվող խախտումը։