Ժամը 3։30-ին ԿԸՀ-ից ստացած նախնական տվյալներով մեծամասնական ընտրակարգով պատգամավոր են ընտրվել Հարություն Փամբուկյանը, Լեւոն Սարգսյանը, Արմեն Մխիթարյանը, Ռուբեն Գեւորգյանը, Էդվարդ Մադաթյանը, Անդրանիկ Մարգարյանը, Խաչիկ Սուքիասյանը, Արշակ Սադոյանը, Վահան Զատիկյանը, Մարտին Հովհաննիսյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Ալեքսան Հակոբյանը, Համլետ Հակոբյանը, Վահագն Գրիգորյանը։ Համամասնական ընտրակարգով առջեւում է «Միասնությունը», որին հաջորդում են Կոմկուսը, ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն եւ «Իրավունք եւ միաբանությունը»։
ՏԵՂԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ
Երեկ բազմաթիվ վայրերում արձանագրվել են ընդհարումներ վստահված անձանց միջեւ։ Ասենք, ժամը 18։30-ի սահմաններում բախվել են թիվ 7 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներ Ռուբեն Գեւորգյանի եւ Համլետ Հովսեփյանի վստահված անձինք։ Թիվ 1 ընտրատարածքի թեկնածուներ, Աջափնյակի համայնքապետ Պարույր Կարապետյանի եւ «Հզոր հայրենիքի» ներկայացուցիչ Սարդար Ադամյանի կողմնակիցներն են թիվ 156 դպրոցում ծեծ ու ջարդ արել։ Թիվ 59-ում Պետրոս Մեղրյանի աջակիցներին է վերագրվում քվեատուփի եւ դռների ջարդը։ Լոռու մարզի թիվ 47 ընտրատարածքում, որտեղ առաջադրված են, մասնավորապես, Արտաշես Թումանյանն ու Վիկտոր Դալլաքյանը, ժամը 20-ից հետո շուրջ 7 տասնյակ զինվորականներ պահանջել են մի ընտրատեղամասի դուռը բացել։ Եվ երբ հանձնաժողովը հրաժարվել է պահանջը կատարել, պատուհաններն են ջարդել, ներս մտել։
Կարդացեք նաև
ԵԿԱՆ, ՏԵՍԱՆ, ԸՆՏՐԵՑԻՆ
Հանրապետության 2.172.739 ընտրողներից ԱԺ ընտրություններին մասնակցել է 789.949-ը. Արագածոտնում՝ 55.843 (59,95%), Արարատում՝ 90.217 (56,74%), Արմավիրում՝ 84.809 (45,71%), Գեղարքունիքում՝ 100.332 (62,04%), Լոռիում՝ 122.955 (54,12%), Կոտայքում՝ 85.456 (44,26%), Շիրակում՝ 107.000 (54,09%), Սյունիքում՝ 68.150 (60,23%), Վայոց Ձորում՝ 19.859 (61,12%), Տավուշում՝ 55.328 (58,94%)։ Թե քանի ընտրող է կատարել իր քաղաքացիական պարտքը Երեւանում, գիշերվա ժամը 1-ի տվյալներով, դեռ ԿԸՀ չէին հայտնել։ Հավանաբար վերջինս ամենահեռավոր եւ կենտրոնի հետ ամենաթույլ կապն ունեցող մարզն է։