Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՏԱՄԲՈՒԼԸ ՔՈՒՅՐԱՆՈՒՄ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻՆ

Մայիս 29,1999 00:00
strasburg

Ստրասբուրգի դարպասների առջեւ

20-րդ դարավերջին Ֆրանսիայի եւ Գերմանիայի սահմանագլխին գտնվող Ստրասբուրգ քաղաքն այսօր ավելի քան 800 մլն եվրոպացիների ամենօրյա ուշադրության կենտրոնում է ամենեւին էլ ոչ նրա համար, որ այստեղ են միախառնվում Հռենոս ու Լիլ գետերը։

Ստրասբուրգն այսօր այլ իմաստ ու բովանդակություն ունի՝ այն գրեթե դարձել է Եվրոպայի մայրաքաղաքը եւ այդ որակով ավելի է աճում նրա դերը։ Առանց որեւէ տարակույսի կարելի է ասել, որ այստեղ են վերջնական տեսքի բերվում համաեվրոպական նշանակության հարցերի վերաբերյալ առնվող բազմաթիվ որոշումները։ Բավական է միայն մեկ փաստի մատնանշումը՝ Ստրասբուրգում են տեղակայված Եվրոպայում խիստ հարգի երկու կազմակերպություն՝ Եվրոպայի խորհուրդն իր խորհրդարանական վեհաժողովով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Լիլի աջ եւ ահյակ ափերին վեր խոյացող այս երկու հաստատությունների մեծադիր շենքերից ոչ հեռու արդեն կառուցվել է Եվրախորհրդարանի նոր շենքը եւս, ուր, որոշ ժամանակ հետո, որպես իր մշտական նստավայր, կտեղափոխվի նաեւ այդ կազմակերպությունը։ Ի դեպ, այն մասամբ արդեն իսկ ներկա է Ստրասբուրգում, որովհետեւ վաղուց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճում են գումարվում Եվրախորհրդարանի լիագումար նիստերը։ Մի խոսքով, կարծում եմ՝ հավելյալ փաստարկներ ներկայացնելու կարիք չկա, որպեսզի արձանագրենք՝ Ստրասբուրգն այլեւս մետրոպոլիա է ոչ միայն Էլզասի, այլեւ Եվրոպայի համար ընդհանրապես։ Ինչպես ցանկացած ժամանակակից քաղաք, Ստրասբուրգն էլ, բնականաբար, օտարի համար սկսվում է օդանավակայանից։ «Entzheim»-ը մեծ օդանավակայան չէ, սակայն աշխարհի բոլոր կարեւոր մայրաքաղաքներից այստեղ ամեն օր բազմաթիվ ինքնաթիռներ են իջնում։ Հայաստանաբնակն, ասենք, Ստրասբուրգ հասնելու մի քանի հնարավորություն ունի՝ ընտրիր Մոսկվայի, Ամստերդամի, Ցյուրիխի, Ֆրանկֆուրտի կամ Փարիզի «վրայով» Ստրասբուրգ հասնելու որեւէ տարբերակ եւ տոմսդ կարժենա 650-700 դոլարի կարգի մի գումար։

Բնականաբար, մեր տարածաշրջանից ամենեւին էլ հայաստանաբնակներին հարմար ճանապարհը չեն նախընտրում Ստրասբուրգ հասնելու համար։ «Turkish airways» օդանավային ընկերության «բոինգները» շաբաթը 3 անգամ կանոնավորապես թռիչքներ են իրականացնում Ստամբուլ-Ստրասբուրգ եւ հակառակ ուղղություններով ու միշտ՝ գրեթե առանց դատարկ աթոռների։ Բաքու-Ստամբուլ- Ստրասբուրգ չվերթի տոմսակի գինը, նկատի առնենք, 460 դոլարի կարգի է։ Վրացիներն էլ, մասամբ, էլի via Ստամբուլն են նախընտրում։

Խոհանոցային ներկայություն

Որ Թուրքիայի պետության հետաքրքրությունը պատահական չէ Ստրասբուրգ եվրոպական մետրոպոլիայի նկատմամբ, կարելի է հասկանալ Էլզասի մայրաքաղաքում ընդամենը մեկ շաբաթ ապրելով։ Ստրասբուրգը մեծ քաղաք չէ, բնակչության թիվը կես միլիոնին էլ չի մոտենում, սակայն, սա, ի տարբերություն Ֆրանսիայի մյուս բնակավայրերի, ունի մի էական առանձնահատկություն՝ Ստրասբուրգը չինովնիկների եւ ուսանողների քաղաք է։ Թուրքերն այս հանգամանքը շատ լավ հաշվի են առել եւ գտել իրենց ներկայության ձեւը։ Քաղաքի գրեթե բոլոր հանգուցային կետերում կարելի է տեսնել թուրքական խոհանոցներ։ Այստեղ մեզ ծանոթ Կարսի խորոված մատուցող խորտկարանների մեծ ցանց կա, իհարկե, հիմնականում թուրքական անվանումներով։ Կան նաեւ թուրքական ռեստորաններ, որոնցում, անկեղծ լինեմ, սիրում է հանգստանալ ստրասբուրգցին։ Թուրքերը չեն խորշում, ասենք, իրենց խորտկարաններին «Նեմրութ» եւ այսօրինակ անուններ տալ։

Թեպետ որեւէ ապացույց չկա, սակայն, չես էլ կարող հակառակը պնդել, թե Թուրքիայի պետությունը չի խրախուսում իր ներկայացուցիչների այսօրինակ հաստատումը Ստրասբուրգում։

Չէ որ, «Մըքդոնալդսի» փորձը գոնե որոշակի դատողություններ անելու հիմքեր տալիս է։

Եվրոպայի խորհրդում խոսում են նաեւ թուրքերեն

Հետո ինչ, որ այդպես է։ Վիճակը եվրոպական մյուս կարեւոր քաղաքներում էլ կարծես տարբեր չէ։ Այսպես դատելու հակվածները, իհարկե, հիմքեր ունեն։

Սակայն Ստրասբուրգի դեպքում հարկավոր է նկատի առնել մի խիստ էական հանգամանք եւս։ Ասացի ու նորից կրկնեմ, օրեցօր ավելի են ամրապնդվում Ստրասբուրգի՝ իբրեւ Եվրոպայի մայրաքաղաքի մասին պատկերացումները։ Իսկ դա նշանակում է, որ աստիճանաբար ավելի է մեծանալու այս քաղաքում առնված վճիռների դերը համաեվրոպական գործընթացների վրա։

Իսկ հիմա տեսնենք, թե այս առումով ինչ արդյունքներ են արձանագրել մեր հարավային հարեւանները։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի արարողակարգերի կանոնակարգի 5-րդ գլխի 17-րդ կանոնը սահմանում է՝ ԵԽ ԽՎ պաշտոնական լեզուները անգլերենն ու ֆրանսերենն են։ Իսկ իբրեւ աշխատանքային լեզուներ կարող են օգտագործվել գերմաներենն ու իտալերենը։

Այս պահանջն ուժի մեջ էր մինչեւ 1998-ի հունվարյան նստաշրջանը, իսկ հիմա աշխատանքային լեզուների շարքում է նաեւ թուրքերենը, որն, իհարկե, այդ կարգավիճակը ձեռք է բերել ռուսերենից հետո։

Անշուշտ պետք է կարծել, որ այդ գործում մեծ ներդրում է ունեցել Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարը։ Նա ազգությամբ թուրք է, ազգանունը Թոփալօղլու եւ միանգամայն բնականորեն ձգտում է, որ իր երկիրն առավելագույնս ներկայացված լինի եվրոպական կառույցներում՝ հնարավորինս մոտենալով Եվրամիությանը։

Կարծում եմ՝ խոհեմությունը կբավարարի բոլորիս՝ հասկանալու, որ Թոփալօղլուի հայտնությունն այդ առանցքային դիրքում ամենեւին էլ պատահականությունների հետեւանք չէ, այլ՝ նպատակամղված ու հետեւողական աշխատանքի արդյունք, ինչն այլեւս առարկայացած նվաճում է թուրքերի համար։ Այս դեպքը գոնե ցույց է տալիս, որ նրանք, առանց ավելորդ աղմուկի, համբերատար աշխատել գիտեն։

Ժամանակ առ ժամանակ Ստրասբուրգ հասնող մեր կոնյակի շշերը (մեծ, թե՝ փոքր) դրա դեմ հաստատապես անզոր են։

Իսկ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի անդամության հանգամանքը պարզապես դրական գործակցի է վերածվում Ադրբեջանի համար։ Լինելով ընդամենը հրավիրյալ երկիր, ոչ միշտ է, որ Հայաստանը պլենար նիստերում ձայնի իրավունք է ստանում։ Սակայն, եթե հարցը կարեւորություն է ներկայացնում, թուրքերը միշտ էլ հոժարակամ խոսք ասելու իրավունքը զիջում են ադրբեջանցիներին։

Քանակը որակ է տալու

Իհարկե, կարելի է այս ամենի վրա ձեռք թափ տալ, ասելով՝ հետո ինչ, կամ՝ թուրքերը հնարավորություն ունեն՝ անում են, մենք ինչ անենք, եւ էլի նման բաներ։

Այսպես դատողներն առնվազն ինքնախաբեության մեջ են։ Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ չեն ընկալում՝ թուրքերի քանակական ներկայությամբ իրականացվող նպատակասլաց աշխատանքը, երկար սպասելու առիթ չենք ունենա, մի տաս տարուց իր որակական կողմերը կդրսեւորի՝ մեզ կանգնեցնելով մեկը մյուսին հետեւելիք կատարվող փաստերի առջեւ։

Թող ոչ ոք չմտածի, թե դեպքերը նման զարգացում ունենալ չեն կարող։

Հարկավոր էր պարզապես ընդամենը 10-15 րոպե ներկա լինել ապրիլի 29-30-ին Եվրոպայի խորհրդում հրավիրված երիտասարդական խորհրդաժողովին։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նրանց առջեւ ելույթներ ունեցան եվրոպական քաղաքականության պատկառելի դեմքերը։ Տվյալ դեպքում, շատ ավելի հետաքրքիր է, թե ինչպիսին էր 16-20 տարեկան եվրոպացիների ելույթների բովանդակությունը։ Ի բացառյալ ռուսների, հույների եւ էլի մի քանի բալկանյան ժողովուրդների, մյուսները գրեթե համոզված էին, որ, իրենց խոսքերով ասենք, Կոսովոյի ալբանացիների ցեղասպանությունը կանխելու եւ դիկտատոր Միլոշեւիչին հանդարտեցնելու համար Հարավսլավիայի տարածքի ռմբակոծումն այլընտրանք չուներ պարզապես։

Եթե վաղը եվրոպական պետությունները խնդիր դնեն աշխարհի կամ Եվրոպայի որեւէ այլ տարածքի նկատմամբ նման կարծիք ձեւավորել, թող ոչ ոք չկասկածի՝ այդ գործում նրանք հաջողելու են։

Իսկ Թուրքիային սեփական շահերը բացատրելու կարիք հաստատապես գոյություն չունի։

Մեծ մարտահրավերին՝ չնչին հակազդում

Ակնհայտ է, որ 21-րդ դարասկզբին հայությանը նետվելիք արտաքին մարտահրավերները դրսեւորվելու են շատ ավելի առարկայական հիմքերի վրա եւ շատ ավելի տպավորիչ արտահայտչաձեւերով։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Մարդկության պատմությունը գոնե բազմիցս է փաստել, որ եթե պրոբլեմի մասին չես մտածում ու եթե նույնիսկ չես էլ գիտակցում դրա գոյությունը, այն միեւնույն է, չի վերանում եւ հետո ավելի դաժանորեն է հարվածում քեզ։

Եվ այս ծանրագույն խնդիրների հետ նախորոշում, վերջին տարիներին, չգիտես ինչ տրամաբանությամբ, աշխարհում տեղի ունեցող գրեթե ամեն ինչը փորձում ենք բացատրել մեր ներքին խնդիրների զուգադրմամբ, ասենք՝ Դեմիրճյանը Պրիմակովին տղա բերեց, կամ՝ Քոչարյանը՝ Լեբեդին, կամ…

Արտաքին մարտահրավերների հեռանկարը, անկախ մեր կամքից, գոյություն ունի, որոնց խորապատկերի վրա ընդամենը չնչին նպատակ ենք դրել մեր առջեւ այսօր՝ անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, ինչին էլի կասկածում ենք…

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31