Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ԱԼԱՐՈՒՄ Է ԴԱՏԻ ՏԱԼ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ

Մայիս 29,1999 00:00
Pushkin Serobyan

Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան համալսարանում տեղի ունեցավ հանդիպում առաջին անգամ ընտրողների հետ։ Այն կազմակերպել էր «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան միությունը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորության թեկնածուներ, մարզպետարանի, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Մերուժան Մկրտչյանը մանրամասնորեն ներկայացրեց ընտրական աշխատանքների կազմակերպման վիճակը, իսկ ԿԸՀ իրավաբանական ծառայության ղեկավար Պատվական Հովակիմյանը կարեւորեց երիտասարդ ընտրողների իրավունքների եւ պարտականությունների հարցերը։ Եղան բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ե՛ւ ընտրական իրավունքներին, ե՛ւ ընտրական օրենսգրքի բացթողումներին, ինչպես նաեւ կոնկրետ աշխատանքային, քրեական գործերով ընդունած որոշումներին։ Մենք դիմեցինք «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան միության նախագահ, պրոֆեսոր Պուշկին Սերոբյանին՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին.

– Ինչո՞վ է պայմանավորված այս հանդիպումը։

– Ցավոք, մենք ուշադրություն ենք դարձնում միայն այն հարցերին, որոնք առնչվում են որեւէ մեկ, կոնկրետ իրավահարաբերության։ Երբ մամուլի կրպակից գողություն է կատարվում, աղմուկը բավականին մեծ է լինում՝ փորձագետներ, քննիչներ, դատախազներ, դատավորներ։ Ավելի թանկ աշխատանք է կատարվում, քան կրպակի ողջ պարունակությունը (եւ ոչ միայն գողացվածի արժեքը)։ Երբ գողանում են մարդու ընտրական իրավունքը, բացառիկ դեպքերում է ստացվում համապատասխան արձագանք։

Հարցերից մեկը վերաբերում էր պաշտոնատար անձանց կողմից տպագրված քննադատությունը անարձագանք թողնելուն։ «Առավոտ» թերթում (18.09.98) «Հանուն մարդու իրավունքների» խորագրի տակ տպագրված հոդվածում նշված էր Աշտարակի դատավոր Գոհար Խաչատրյանի կայացրած ապօրինի մի վճռի եւ այդ ապօրինության համար նրան հովանավորելու (եկեղեցուց 500 հազար դրամ բռնագանձելու) մասին։

Այդ հարցի առնչությամբ Պուշկին Սերոբյանն ասաց.

– Իհարկե, հարցը տեղին է։ Բայց մեղադրել որեւէ պաշտոնյայի, որ նա հովանավորել է տվյալ դատավորին, երեւի վաղաժամ է, քանզի հնարավոր է, որ այդ հրապարակումները հայտնի չեն դարձել։ Չմոռանանք, որ տասնյակ թերթեր են հրատարակվում, ռադիոյով, հեռուստաէկրանից 24 ժամ հնչում են բազմագույն՝ սեւ, դեղին, կանաչ, կարմիր քննադատություններ։ Տպագրված բոլոր թերթերը մեկ առ մեկ ընթերցելուց հետո էլ 24 ժամ անընդհատ փարվա՞ծ մնալ ռադիոյին եւ հեռուստաէկրանին։ Ոչ մի պաշտոնյա ի վիճակի չէ։ Որպեսզի այդ հրապարակումները «չգոլորշիանան», անհրաժեշտ է, որ դրանք ուղարկվեն համապատասխան պաշտոնատար անձանց։ Դրանով մամուլը կդառնա գործունակ, կբարձրանա ԶԼՄ-ի նկատմամբ հարգանքը։ Եվ, ամենակարեւորը, նվազագույնի կհասցվեն իրավախախտումները, անպատժելիության մթնոլորտը, կամայականությունները։ Իսկ եթե պաշտոնատար անձինք ամեն ինչ կանեն, որ չտեսնեն ու չընթերցեն այդ հրապարակումները, ապա կարելի է խափանել նրանց այդ «մտադրությունները»։ Ցավոք, լրագրողները ծանոթ չեն կամ էլ ալարում են դատի տալ այն պաշտոնյային, որը չի արձագանքում նման հրապարակումներին։

Հանդիպման ժամանակ Սվետլանա Գրիգորյանը ներկայացրեց մի դիմում, որտեղ նշված է, որ Արագածոտնի մարզպետը իրեն աշխատանքից ազատել է անձնական նկատառումների պատճառով։ Ինքը, որպես սոցիալական ծառայությունների կենտրոնի տնօրեն, զգուշացրել է մարզպետին, որ նրա մայրը՝ Էլյա Չիլինգարյանը, որ աշխատում է դպրոցում, նպաստ է ստանում եւ ընդգրկված է «Փարոս» ծրագրում։ Եվ մարզպետը վրեժխնդիր է եղել։ Պուշկին Սերոբյանը հայտնեց.

– Ես մի քանի անգամ փորձել եմ մարզպետի հետ պարզել այդ տեղեկությունը, բայց, ափսոս, ինչպես հայտնեցին գործավարը, քարտուղարը եւ ընդունարանի մյուս աշխատողները, մարզպետը ամեն անգամ զբաղված էր։ Մենք միայն կարողացանք պարզել, որ, իսկապես, Էլյա Չիլինգարյանը մարզպետի մայրն է, ընդգրկված է եղել նպաստ ստացողների եւ «Փարոս» ծրագրում։ Այդ, ինչպես նաեւ Սվետլանա Գրիգորյանին աշխատանքից ազատելու հրամանի օրինականությունը պարզելու համար գանգատը ուղարկվել է ՀՀ վարչապետին։

Իրեն աշխատանքից ապօրինի ազատելու մասին դիմել էր նաեւ ՆԳ եւ ԱԱ նախարարության համակարգի աշխատակից Սերգեյ Մարգարյանը։

– Ինչպե՞ս եք գնահատում գանգատի հիմնավորվածությունը։

– Իհարկե, գանգատում կան ուշադրության արժանի բավականին փաստարկներ։ Դրանք պետք է ուսումնասիրվեն եւ քննարկվեն ոչ թե «ոտքի վրա», այլ փաստարկ առ փաստարկ։ Դիմումը ուղարկելու ենք նախարարին, որպեսզի քննարկվեն դիմումի մեջ նշված փաստարկները, համոզված եմ, որ այն օբյեկտիվ լուծում կստանա։ Արդյունքները մենք կհրապարակենք։

Ռ. Մ.

Նման միջոցառումները օգտակար են, քանի որ ապահովվում է գանգատների քննարկման հրապարակայնությունը։ Քաղաքացին համոզվում է, որ իր իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանվում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31