Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱ՞Ն, ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ

Մայիս 29,1999 00:00
hxi

«Առավոտը» ահազանգ ստացավ այն մասին, որ Երեւանի թիվ 3 ծննդատանը ծննդաբերությունից քիչ առաջ մահացել է մի կին։ Մեր աղբյուրը պնդում էր, որ մոր եւ երեխայի մահը տեղի է ունեցել բուժանձնակազմի ակնհայտ անփութության պատճառով։

Պարզելու համար ահազանգողի հայտնած տեղեկությունների ստույգ լինելը, մենք ինքներս փորձեցինք փոքրիկ հետաքննություն անցկացնել։ Իհարկե պարզվեց, որ դա ընդամենը «նախաքննություն» պիտի լիներ, քանի որ դեպքը թարմ է եւ մանրամասները դեռեւս բացահայտվում են։

Ինչ հաջողվեց պարզել… Հարազատներից

Հղիության ամբողջ ընթացքում Նաիրա Աշոտի Ազիզյանը (ծնված 1969-ին) պարբերաբար այցելել է համապատասխան կաբինետ, եւ երբեւէ շեղումներ չեն արձանագրվել։ Հարազատներից Տիգրան Օհանյանի պնդմամբ, իրենց շարունակաբար տեղեկացրել են, թե անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ նորմալ է ընթանում։ Ս.թ. մայիսի 12-ին բուժող բժշկի եւ հարազատների փոխադարձ համաձայնությամբ, Ն. Ազիզյանը երկունքի ցավերով տեղափոխվել է ծննդատուն։ Այստեղ հարազատներին դարձյալ հավաստիացրել են, որ չարժե անհանգստանալ, եւ ամեն ինչ կարգին կլինի։

Արդեն մայիսի 13-ի առավոտյան ժամը 8-ի մոտերքը շտապ հիվանդանոց է կանչվում Ն. Ազիզյանի ամուսինը։ Այստեղ նրան որոշ ժամանակ անորոշության մեջ պահելուց հետո, բժիշկները հայտնում են, որ իրենք «արեցին ամեն ինչ»։ Երեւի կարիք չկա բացատրելու վերջին արտահայտության իմաստը, առավել եւս՝ իրենց ծննդկանին ողջ եւ առողջ հիվանդանոց բերած հարազատների վրա դրա թողած ազդեցությունը։

Տ. Օհանյանը պատմում էր, որ հետագայում արձանագրվել է, որ Ն. Ազիզյանը մահացել է առավոտյան ժամը 7։30-ին, այսինքն շատ ավելի վաղ, քան անորոշ պատրվակով հիվանդանոց է կանչվել Ն. Ազիզյանի ամուսինը։ Միջին բուժանձնակազմի հետ զրույցներից մահացածի հարազատներին հաջողվել է պարզել, որ ցավերը մեղմելու եւ ծննդաբերությունն արագացնելու նպատակով կնոջն ինչ-որ ներարկումներ են կատարել, որոնք օրգանիզմը չի ընդունել։ Հենց իրենք էլ տեղում արձանագրել են՝ իրենց իսկ տերմինալոգիայով՝ դեղորայքային շոկ։ Իսկ դա նշանակում է, որ մինչեւ դեղորայքն անհրաժեշտ դոզայով ներարկելը, չի ստուգվել դրա նկատմամբ օրգանիզմի (կամ, որ ավելի ճիշտ է, օրգանիզմների) հնարավոր ռեակցիան։

Դարձյալ հարազատների պնդմամբ, Շենգավիթի դատախազությունից դեպքի վայր եկել են նույն օրը, բայց ժամը 13-ից հետո։

… Շենգավիթի տարածքային դատախազությունում

Դատախազը՝ Հրաչյա Բադալյանը, մեր այն հարցին, թե երբ են ծննդատնից իրենց տեղյակ պահել այդ դեպքի մասին, ասաց, որ իրենք ժամանել են անմիջապես՝ իրենց տեղյակ պահելուն պես։ Իսկ թե կոնկրետ ո՞ր ժամին են իրենց տեղյակ պահել, դատախազը չհիշեց։ Տեղ հասնելուն պես, առգրավվել են գործին առնչվող բոլոր փաստաթղթերը։ Մեր այն մտահոգությունը, թե մի քանի ժամվա ընթացքում այդ փաստաթղթերը եւ հատկապես մահացածի հիվանդության պատմությունը կարելի է ցանկացած ձեւով տնօրինել, պրն Բադալյանը կիսեց ընդհանրապես, ոչ՝ այս դեպքի համար եւ ասաց, որ ինքը ենթադրություններ չի անում։ Եզրակացություններ անել իրենք կարող են միայն ապացույցների եւ փաստերի հիման վրա, որոնք այսօր դեռեւս բավարար չափով չկան։ Դրանք որոշ չափով կլինեն դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո, որոնց արդյունքներին դատախազությունում դեռեւս սպասում են։ Գործն ընթացքի մեջ է եւ եզրակացություններ անելու համար դեռ շուտ է. մեր բոլոր մտահոգություններին եւ հարցերին տրվեց մոտավորապես այսպիսի պատասխան։ Ի դեպ, 3-րդ ծննդատան դեպքով զբաղվում է Շենգավիթի տարածքային դատախազի ավագ օգնական Կամսար Մկրտումյանը։

… Առողջապահության նախարարությունում

Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը հայտնեց, որ իրենք տեղյակ են պահվում մոր եւ մանկան մահացության ցանկացած դեպքի մասին, անկախ դատական գործ հարուցելու հանգամանքից։ Յուրքանչյուր դեպքի առթիվ հանձնաժողով է ստեղծվում, որն իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնում է մշտապես գործող ծննդօգնության հանձնաժողով։ Այս դեպքը բացառություն չէ, սակայն ուսումնասիրությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները դեռեւս դատախազությունում են։ Այստեղ էլ են սպասում դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։

Եվ չպարզվեց ծննդատանը

Մեր հեռախոսազանգին 3-րդ ծննդատանը պատասխանեց գլխավոր բժիշկ Սերգեյ Ուռումյանի, հավանաբար, բուժքույրը, որն իմանալով, որ զանգն «Առավոտից» է, մի քիչ կմկմալուց, «մի րոպե» սպասեցնելուց հետո հայտնեց, որ բժիշկը (Սերգեյ Ուռումյանը- Ա. Գ.) «այստեղ էր, բայց դուրս եկավ»։ «Այսօր հետ գալո՞ւ է» հարցիս պատասխանեց՝ «ոչ»։ Հաջո՞րդ օրը՝ «վաղվանից նա քաղաքում չի լինելու»։ Բժիշկներից (հատկապես մեզ հետաքրքրում էր Ն. Ազիզյանի բուժող բժիշկ Վալերի Ղալումովը) ոչ ոք, բնականաբար, չկար, պրն Ուռումյանի տան հեռախոսահամարը, բնականաբար, բուժքույրը տալ չէր կարող։ Եվ, ընդհանրապես, ծննդատունը մի քանի օր է փակ է։ «Արդյո՞ք վերանորոգում է» գաղափարս բուժքույրն անմիջապես «որսաց». «Այո՛, այո՛, վերանորոգում է»։

-Չէ, աղջիկ ջան, ի՞նչ վերանորոգում,- արդեն անմարդաշատ ծննդատանը առանց իմ ով լինելն իմանալու ասաց աշխատողներից մեկը,- դեզինֆեկցիա են անում։ Մինչեւ ամսի հինգը (հունիսի 5-ը- Ա. Գ.) փակ կլինի։

Շարունակելի

Այս արտառոց դեպքը, բնականաբար, իր տրամաբանական ընթացքն ու ավարտն է պահանջում։ Մենք կհետեւենք գործի հետագա ընթացքին եւ հնարավորինս, առանց նախաքննական գաղտնիքներ բացահայտելու (ինչը խոստացավ թույլ չտալ նաեւ Շենգավիթի դատախազը), կլուսաբանենք այն։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Երեկ Նաիրա Աշոտի Ազիզյանը կտոներ իր ծննդյան 30-ամյակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31