Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՆԴՈՅԱՆՆ ԱՃԱՊԱՐՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԻԱ

Մայիս 29,1999 00:00
Edvard Sandoyan

Դարձնել մաքսային համակարգը

Ստացվում է այնպես, որ մեր չինովնիկներին այնքան շատ է հուզում երկրի բարգավաճումն ու Հայաստանը եվրոպական երկրների նման կատարյալ դարձնելու գաղափարը, որ մոռանում են քայլերը մտածված իրականացնել։ Կոնյակի գործարանի, «ԱրմենՏելի» գործարքներով մեր կառավարությունն ապացուցեց, որ օտարամոլությունն այնքան իշխող է, որ անտեսվում են անգամ գործարքի կարեւորությունն ու հետեւանքները։

Եթե ՀՀ նախագահը հիմնականում նախընտրում է ֆրանսիացիների հետ գործարքի մեջ մտնել, ապա ֆինանսների նախարարը առավել հակված է դեպի Շվեյցարիա։ Այսպես, ամիսներ առաջ պրն Սանդոյանը հայտարարեց մրցույթ՝ նախաառաքումային ստուգումների համակարգը Հայաստանում կիրառելու համար։ Մասնակից կազմակերպություններից այսօր արդեն հաղթող է ճանաչվել շվեյցարական կողմը, ըստ որի Հայաստան ներմուծվող եւ արտահանվող բոլոր հարկման ենթակա ապրանքների գնահատումը կկատարեն, մաքսային արժեքը կորոշեն բացառապես շվեյցարացի մասնագետները։ Դրա դիմաց Հայաստանը կազմակերպությանը կվճարի ապրանքի մաքսային արժեքի 0,9%-ը։ Այսինքն, ստացվում է՝ մի բան էլ մեր պետությունը պետք է հավելյալ վճարի կազմակերպությանը՝ գնահատման գործառույթն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ «Մաքսային դրույքաչափերի մասին» օրենքի նախնական նախագծում նախաառաքումային ստուգումների վերաբերյալ Սանդոյանի առաջարկը ԱԺ-ն առարկեց եւ առաջին ընթերցմամբ չանցավ, քանի որ նույնիսկ պրն Սանդոյանը լսումների ժամանակ չկարողացավ հիմնավորել, թե ինչ սկզբունքով է հաշվարկված 0,9%-ը, կամ բյուջեի որ մասով է կազմակերպությանը վճարվելու։

Ի դեպ, Սանդոյանի այս «հայտնագործությունը» կիրառվում է երրորդ, այսինքն՝ թերզարգացած երկրներում, որտեղ մաքսային համակարգը հեռու է բավարար լինելուց։ Փաստորեն, Սանդոյանի աչքերով Հայաստանի մաքսային համակարգը եւս այնքան թերի է, որ միայն օտարները կարող են ապրանքի մաքսային արժեքի գնահատումը կատարել։

Մրցույթով հաղթած շվեյցարական կողմը, փաստորեն, մոնոպոլ իրավունքով այսուհետ կտնօրինի ողջ Հայաստանի ներմուծման եւ արտահանման վերաբերյալ տեղեկատվությանը, կորոշի ապրանքի մաքսային արժեքն ու հարկման չափերը, եթե, իհարկե, Սանդոյանի ծրագիրը չտապալվի։ Ըստ էության, պրն նախարարը մնացել է երկու քարի արանքում։ ԱԺ-ի կողմից առաջարկը մերժվել է, եւ Սանդոյանը շվեյցարացիների մոտ դառնում է սեւերես։ Անելանելի վիճակից դուրս գալու համար նախարարը որոշել է կառավարության որոշմամբ օրենքի ուժ տալ նախագծին։

Եթե կառավարությունը հաստատի Սանդոյանի առաջարկը, փաստացի կրկնվում է «ԱրմենՏելի» սցենարը եւ օտարերկրյա որեւէ Ճ կարգի ֆիրմա մեր բյուջեի միջոցներով Հայաստանում կծավալի ինքնակամ գործունեություն։ Եվ կստացվի, որ մեր կառավարությունը դրսի կազմակերպությունների նկատմամբ ավելի մեծ վստահություն ունի, քան սեփական պետության։

Փաստորեն, հերթական անգամ օտարերկրյա կազմակերպություն արտակարգ լիազորություններ կարող է ստանալ։ Գործը գլուխ գալու դեպքում, այդ ֆիրման կարող է սեփական տնտեսական քաղաքականություն իրագործել Հայաստանում։ Բարձր գներ որոշելով՝ հնարավորություն կունենա պարզապես արգելել շատ ապրանքների, տեխնոլոգիաների մուտքը ներքին շուկա եւ հակառակը։ Նույն բարձր գներով կկարողանա խոչընդոտել որոշակի ապրանքատեսակների արտահանումը որոշակի երկրներ։ Գործի սկզբնական փուլում բարձր գները կապահովեն մեծ մուտքեր բյուջե. ինչը, բնականաբար, «կոգեւորի» դրամական միջոցների խրոնիկական կարիք ունեցող կառավարությանը։ Երկրորդ փուլում արդեն պատկերը կփոխվի։ Նորից ոչինչ չի լինի։ Կրկնում ենք, բացառված չէ, որ կառավարությունը փորձի առաջիկա օրերին համապատասխան որոշում ընդունել։ Կառավարությունն ինչ-որ անհասկանալի փութաջանությամբ շտապում է ավարտել կիսատ-պռատ գործերը։ Օրինակ, Կոնյակի նախկին գործարանի գործարքը նախատեսվածից մեկ ամիս շուտ ապսպրեց։ Երեւի ինչ-որ պարտավորություններ ունեն։ Աճապարելու պատճառը երեւի վաղվա ընտրություններն են։

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31