Շուրա, ես Օստապ Իբրահիմովիչին շատ եմ հարգում, բայց նա էշ է, ողորմելի էշ:
Էն, ինչ չունենք կամ չի տրվում՝ միշտ էլ ցանկալի է: Ու եթե դա ուրիշները ընդամենը ցանկալի, ապա մենք՝ նաեւ խիստ անհրաժեշտ, ճիշտ ու լավն ենք համարում: Բայց երբ հանկարծ տրվում է, կարող է պարզվել, որ ոչ միայն օգտագործելու ձեւը չգիտենք, այլեւ կարծես թե իսկի էլ պետք չէ: Զորօրինակ՝ ընտրելու հնարավորությունը: Կարծես թե տասնամյակներ շարունակ դրան էինք ձգտում: Կարծես թե լավ էլ գիտեինք՝ ինչը՝ ո՞նց ու ինչի՞: Կարծես թե… Մինչդեռ իրականում ոչ մի բան էլ չենք իմացել: Իսկի գուցե չենք էլ ձգտել: Ուղղակի՝ ձեւ էր, ուզում էինք: Ուղղակի ուրիշներն ուզում էին՝ մեզ էլ թվում էր, որ եթե նրանք ուզում են, ուրեմն դա անհրաժեշտ, օգտակար բան է, ու մենք էլ էինք ուզում: Հիմա տրվել է ու, կարծես թե, փոշմանել ենք ունենալու համար՝ հերիք չէ էլ ձգտելու բան չունենք, հետն էլ չգիտենք, թե էս տրվածն ի՞նչ ենք անելու: Ու ինքներս մեր ուզած-մեզ տրվածի ձեռքը կրակն ենք ընկել:
…Էս վերջին գոնե տաս տարին որ անընդհատ ընտրում ենք: Ու ինչ ասես: Ու մեր ընտրած ամեն ինչի փորձառությունն էլ արդեն ունենք. ոգեւորությանն էլ, անձնական ու անանձնական նվիրվածությանն էլ, հույսինն էլ, հավատինն էլ, գործինն էլ, խոստումներինն էլ, անձինն էլ, ակտիվությանն էլ: Ու մեր ունեցած էդ փորձառությունները, մեղմ ասած, մխիթարական չեն: Ոչ իսկ որեւէ հույս ներշնչող: Հա, չմոռանամ. բարությունն էլ ենք փորձել, ուժն էլ, համարձակությունն էլ, իրական ու առերեւույթ զոհողությունն էլ… Ու մի էդքան էլ չգիտակցված-չբնութագրված բաներ: Ու թվում է, թե տակը էլ բան չի մնացել: Մինչդեռ երբեք չենք ընտրել ամենագլխավորը՝ այն, ինչն ի տարբերություն նախորդ բոլորի, սահմաններ, խոչընդոտներ ու պարտադրանքներ չի հանդուրժում՝ ՄԻՏՔԸ:
Բոլորս էլ գիտենք, որ տաշած քարը գետնին չի մնա: Վաղ թե ուշ իր տեղը կգտնի: Ինչ-որ պատի մեջ: Ու գիտենք, որովհետեւ մեզ ասել են՝ էլ մեր մտածել-փնտրել-գտնելու կարիքը չի եղել: Իսկ ՄԻՏՔ կոչվածը հենց դրա համար է պետք: Ասենք, տաշած քարն ու, ենթադրենք, տաշած ապակին համադրել-հակադրել-գնահատելու համար: Ու գերակայությունը ապակուն տալու համար: Որովհետեւ, երբ տաշած քարը ինչ-որ բան, գուցեեւ ավելի արժեքավոր բան, իրենով ծածկում-փակում է, ապա տաշած ապակին ինչ-որ նոր դիտանկյուն է բացում: Գուցե մտքովդ չանցած: Գուցեեւ ոչ մեկի կողմից չտեսնված-չնկարագրված-չմեկնաբանված: Դրա համար էլ տաշած քարը երբեմն-երբեմն նկատում ենք, տաշած ապակին՝ երբեք. վախից, երեւի թե: Երեւի թե վախենում ենք մեր առջեւ նրա բացած անիմանալի, ոչ ստանդարտ գնահատականներ ու ընկալում, մտավոր լարում պահանջող դիտանկյուններից: Ու հենց այդ վախի պատճառով էլ միակ չգիտակցված-անպահանջարկ-չընտրվածը ՄԻՏՔՆ է:
Կարդացեք նաև
«Հիմարությունն էլ է Աստծո պարգեւ, սակայն չարժե այն չարաշահել»,- ասել է Օտտո Բիսմարկը: Մինչդեռ, չգիտես ինչու, մենք հետեւողականորեն չարաշահում ենք: Իսկ եթե ՄԻՏՔԸ մեզ ուղեցույց ընտրեինք, կհասկանայինք, որ ցանկացած, անգամ մեծարժեք, ձեռնարկի հիմքում եթե ընկած է ոչ թե սկզբունքը, այլ ընդամենը շահը կամ նպատակահարմարությունը, դրա արդյունքները երբեք հաստատուն չեն կարող լինել: Ոչ իսկ լավ: Կզգայինք, որ գուցեեւ ժամանակն է, որպեսզի մենք մեկ միասնական եւ իրապաշտ դիրքորոշում ունենանք համազգային եւ համապետական այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք, ասենք, փետրվարի 18-ն է եւ 20-ը, ապրիլի 24-ը, մայիսի 28-ը, հուլիսի 5-ը, դեկտեմբերի 2-ը…
Կգիտակցեինք, որ չարժե սիրել, սնել ու աճեցնել անսկզբունք պատեհապաշտներին եւ նրանցով վարագուրել մեզ առողջ, մտածող, թեկուզեւ մեզ հետ ոչ ամեն ինչում համաձայն մարդկանցից: Կհասկանայինք, որ պատեհապաշտները առանց մեր հովանավորության էլ կգտնեն իրենց տեղն այս արեւի տակ: Եվ բնավ էլ պարտադիր չէ, որ նրանց դավաճանությունից հետո միայն զգանք մեր սխալը. չէ՞ որ ակնհայտ է, որ այսօր մեզ երկրպագողները ընդամենը երեկ՝ մեկ ուրիշին, համոզված եղեք՝ ոչ ավելի նվազ արժանավորին, են դավաճանել: Այդ հիմարություն կոչվածը չարաշահելու պատճառով է, որ այսօր այնքան է փոխվել մեր վերաբերմունքը Ղարաբաղի ու ղարաբաղցիների նկատմամբ, որ քիչ է մնում հիմա էլ «Հայաստան» կոմիտե ստեղծենք, որ կեղծ ու իրական մուրացկանների բազմահազարանոց բանակի պատճառով կորցնում ենք մեր ժողովրդի դեռեւս պահպանված բարոյական վերջին հատկանիշներն էլ՝ գթասրտությունն ու կարեկցանքը, ու եթե օր առաջ դրանք չկանխենք՝ կործանարար հետեւանքներն իրենց սպասեցնել չեն տա: ՄՏՔԻ բացակայությունն է, որ, ի տարբերություն, ենթադրենք, Իսրայելի, որն անկախության առաջին չորս տարիների ընթացքում կրկնապատկեց իր բնակչությունը, մենք մերը գրեթե կիսեցինք:
ՄՏՔԻ բացակայությունն ու դրա նկատմամբ համընդհանուր արհամարհանքն է, որ զուռնաչիներից ու դհոլչիներից որոշել ենք սիմֆոնիկ նվագախումբ ստեղծել ու վեջներս էլ չի, որ նրանք զուռնա կարող են փչել կամ դհոլ խփել միայն: Ի՞նչ փույթ՝ մեզ պետք է, ու նրանք պարտավոր են ջութակ էլ, թավջութակ էլ ու էլի եսիմ ինչ էլ նվագել: Է, զուռնաչու կամ դհոլչու նվագած ջութակն ի՞նչ է լինելու… Ու եթե մեր ՄԻՏՔԸ փայտացած չլինի, ինչ-որ նորաստեղծ կուսակցություն իրեն քաղաքական նոր ուժ չի անվանի՝ առանց հասկանալու, որ նորը կարող է լինել միայն այն դեպքում, երբ հին էլ կա. մինչդեռ այսօր փորձեք այս երկրում որեւէ քաղաքական, գաղափարական բան գտնել… Որոշ կուսակցություններ էլ իրենց ընդդիմադիր են կոչում, մոռանալով, որ ընդդիմության առկայության ամենաառաջին ու անհրաժեշտ նախապայմանը իշխանության առկայությունն է, որը, ցավոք, հանրապետությունում բացակայում է 1996-ից ի վեր: Եթե ՄԻՏՔ ասվածը գոնե մի քիչ լիներ՝ գեթ «Երկրապահ» հասկացություն-գաղափարը չէինք պղծի:
«Արհեստավարժն» էլ հետը: Ու կհասկանայինք, որ մեր այս օրերում նախ ընտրողներին պետք է ընտրել, հետո միայն պատգամավորներ, մինչեւդեռ մեր ՄԻՏՔ կոչվածը բավարարում է միայն նրան, որ, ինչպես 1996-ին, այսօր էլ՝ ընտրություններից մեկ-երկու օր առաջ սկսում ենք գեներալական կոչումներ շնորհելու ազգանվեր գործը: Ու այդ պատճառով էլ մայիսի 30-ին քվեարկության է դրված ոչ թե երկրի հետագա ճակատագրի, այլ ընդամենը՝ ով՝ ում եւ ինչպես հարցը: Ու, հետեւելով, նախընտրական այս գործընթացներին, այն տպավորությունն ես ստանում, որ բոլորս՝ թեկնածու-քարոզիչ-վստահված անձ-հանձնաժողովի անդամ-ու դրանք հանելուց հետո մնացած երեւի թե մեկ-երկու ընտրող, ի տարբերություն տարբեր դարերի պայծառատեսների ու գուշակների, ովքեր տարակարծիք են, հստակ գիտենք աշխարհի վերջին օրը, որը ըստ մեզ 1999-ի մայիսի 30-ն է… Մինչդեռ հերթական մոլորության մեջ ենք՝ այդ օրվան հաջորդելու է մայիսի 31-ը, հետո էլ մայիսի 32-ը… Ու ըտենց: …Ու եթե այսօր էլ չընտրենք ՄԻՏՔԸ՝ դարձյալ ոչ մի ընտրություն էլ չի լինի: Ու հետո էլ չի լինելու: Ինչպես որ չի եղել, ըստ էության, մինչեւ օրս՝ դատեք առկա արդյունքներից: Ու գոնե հիմա հասկանանք, որ այս վիճակից մեզ ոչ մի այլ բան չի կարող դուրս բերել բացի ՄՏՔԻՑ:
Մեկ անգամ եւս հիշեցնեմ. հարուստ եւ մեծ երկիր չենք կարող դառնալ: Օբյեկտիվորեն: Հզոր կամ ուժեղ՝ եւս. ու դարձյալ նույն պատճառով: Ու էս արեւի տակ գոնե մի քիչ տաք, քիչ թե շատ ապահով, ինչ-որ չափով բարեկեցիկ մեր տեղն ունենալու համար մնում է մի ճանապարհ միայն՝ խելացի երկիր – ժողովուրդ դառնալու ճանապարհը: Այլընտրանք չկա: Ու, քանզի ճամփան միայն ու միայն ճամփորդը կարող է հաղթահարել, անիմաստ է հապաղելը ու այդքան թանկ ժամանակն իզուր կորցնելը: Թե չէ էդ միակ ճամփեն էլ կարող է փակվել մեզ համար: Ու… Ու՝ վերջ:
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ