Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԽՈՒՐ-ՈՒՐԱԽ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ՝ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՊԱՏԵՐԻ ՄՈՏ

Մայիս 29,1999 00:00
verjin zang

Իրադարձությունը, որ պիտի նկարագրենք, որեւէ կապ չունի ընտրությունների հետ։ Ընդ որում, թերեւս որեւէ կապ չունի նաեւ Աշոտ Բլեյանի դեմ հարուցված մեղադրանքների հետ։

Ուղղակի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վարժարանի եւ ավագ դպրոցի 300 շրջանավարտները որոշել էին իրենց վերջին զանգի օրը հրաժեշտ տալ նաեւ իրենց տնօրենին։ Ու եկել էին՝ երեկոյան գեղեցիկ զգեստներով աղջիկները, տոնական հագնված տղաները՝ Նուբարաշենի ՆԳ եւ ԱԱ քննչական մեկուսարանի մոտ, արգելված գոտուց քիչ այն կողմ «Շնորհակալություն, Բլեյան» էին վանկարկում, մեկ-մեկ էլ՝ «ազատություն»։ Եվ վերջ, ոչ մի այլ կարգախոս չկար։ Իրենց հետ զուռնա-դհոլ նվագող երաժիշտներ էին բերել՝ շուրջպար բռնեցին։

Մի քանի օր առաջ երեխաները փաստաբանի հետ լիքը նամակներ էին գրել՝ եւ Աշոտ Բլեյանը հատ-հատ բոլորին պատասխանել էր։ Այժմ փորձեցին մեկուսարանի աշխատակիցների միջոցով էլի նամակներ ու մի ծաղիկ փոխանցել, բայց նրանք հրաժարվեցին. «Աշխատանքային օր չի, չի թույլատրվում։ Եթե վերցնենք էլ՝ միեւնույն է, չենք փոխանցելու»։

Վարժարանի տնօրեն Մայիս Նիկողոսյանն «Առավոտի» այն հարցին, թե սա շրջանավարտների՞ նախաձեռնությունն էր, թե՞ կրթահամալիրի ուսուցիչներն էին կազմակերպել, պատասխանեց. «Անպայման երեխաների, իրենք ավելին էին ուզում եւ պարտադրում, բայց ուսուցիչները գտան, որ այսքանն էլ լրիվ բավական է։ Նրանք ընդամենը մի բան ունեին ասելու, որ Աշոտ Բլեյանն է մշտապես եղել վերջին զանգի արարողության անցկացնողը, կազմակերպիչը, վարողը։ Այսօր թեթեւ խորթություն կար եւ նրանք ցանկացան իրենց տնօրենին շնորհակալություն հայտնել, քանի որ շեն օջախը, որ իրենց համար պատրաստվել է՝ նախեւառաջ Բլեյան Աշոտի շնորհն է։ Մեզ էլ խնդրեցին, որ իրենց համար հնարավորություն ստեղծենք կազմակերպված այստեղ լինելու եւ այդ շնորհակալությունը հայտնելու՝ ուրիշ ոչինչ»։

Պրն Նիկողոսյանին խնդրեցինք նաեւ պարզաբանել, թե շրջանավարտներն ի՞նչ այլ քայլեր են ցանկացել ձեռնարկել, որ ուսուցիչները չեն համաձայնել. «Իրենք ուզում էին թույլտվություն խնդրել Բլեյանին տեսնելու։ Կամ գլխավոր դատախազին ու հանրապետության նախագահին դիմել, որ մեկ օրով Բլեյանի խափանման միջոցը փոխվի, որ ինքը համալիրում լինի այսօր։ Բայց մենք հասկացանք, որ դա կարող է լուրջ դժվարությունների կամ մերժման առիթ տալ՝ երեխաները կկոտրվեն՝ դրա համար էլ համոզեցինք, որ այսպես միգուցե ավելի հարմար է»։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների նամակներից, որոնք երեկ այդպես էլ չհասան հասցեատիրոջը, ներկայացնենք հատվածներ միայն մի 16 տարեկանի նամակից. «Ես հոգնել եմ քաղաքական աղմուկից, որը շրջապատում է ինձ իմ դպրոցում ու շրջապատում։ Ես ուզում եմ շփվել Աշոտ Բլեյանի հետ։ Ես ուզում եմ ստանալ նրա խորհուրդը… Նա իմ ուսուցիչն է։ Իմ ուսուցիչը պետք է ազատության մեջ լինի… Ես մյուս տարի ավարտում եմ դպրոցը, ես տեսել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը եւ ուզում եմ, որ իմ կրտսեր քույրերն ու եղբայրներն էլ տեսնեն այն ու սովորեն այնտեղ։ Ես ուզում եմ, որ Աշոտ Բլեյանը կրթահամալիրում «ապրի»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31