Հեղինակային իրավունքների պաշտպանության մասին ՀՀ համապատասխան օրենքի անկատարության պատճառով հատկապես կտուժեն եւ տուժում են մշակույթի մարդիկ։ Օրենք է՝ միայն թղթի վրա գրված։
Ու քանի դեռ օրենքն այդպիսի վիճակում է եւ եղածից էլ օգտվելու, կիրառության մեջ դնելու համար պահանջվում է մի շարք այլ օրենքների լիարժեքություն, հետեւաբար դեռ շատերը կդիմեն դատարան ու անպաշտպան հետ կդառնան։ Հայաստանի Գրողների միության անդամ, թարգմանիչ, արձակագիր եւ գրական մրցանակի դափնեկիր Ռաֆայել Ավագյանն իր հեղինակային իրավունքների պաշտպանության հայցով դիմել էր Կենտրոն համայնքի Առաջին ատյանի դատարան։ Դատարանը մերժել էր հայցը։ Ռ. Ավագյանը դիմեց Վճռաբեկ դատարան։
Մի հարցազրույցում Ռ. Ավագյանը մեր թղթակցին ասել էր. «Տարիքս առած մարդ եմ, բայց չեմ կարողանում հաղթահարել այս… երեխայական լավատեսությունն ու միամտությունը», ապա՝ «… Եթե մազաչափ անգամ կասկածեի, որ իմ պահանջն անարդար է, դատարան չէի դիմի»։
Հիշեցնեմ ընթերցողին, թե ինչի մասին է հայցը։ Երեւանի քաղաքապետարանը 1998 թ. երկու լեզուներով՝ ռուսերեն եւ անգլերեն հրատարակեց Ռ. Ավագյանի «Սա Երեւանն է, ոստանը հայոց» գիրքը։ Համաձայն ՀՀ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի, օտար լեզուներով թարգմանվելու դեպքում գրքի հեղինակը վարձատրվում է։ Քաղաքապետարանը ռուսերեն եւ անգլերեն լեզուներով թարգմանիչներին վճարել է, բայց չի վճարել եւ չի վճարում հեղինակի՝ Ռ. Ավագյանի հոնորարը։ 1998 թ. օգոստոսի 3-ին Ռ. Ավագյանը պայմանագիր է կնքել քաղաքապետարանի պաշտոնաթերթի՝ «Երեկոյան Երեւանի» խմբագիր Նորայր Ենգիբարյանի հետ։ Չնայած պատասխանող կողմը՝ «Երեւան» հիմնադրամի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները պնդում էին, թե իբր «Երեկոյան Երեւանը» երբեւէ չի եղել քաղաքապետարանի պաշտոնաթերթը։
Կարդացեք նաև
Ռ. Ավագյանը քաղաքապետարանից էր ստացել որպես թարգմանիչ իր վարձատրությունը, հետո պարզվել է, որ գումարը տրվել է «Երեւան» հիմնադրամի կողմից. այսինքն՝ գրքի հրատարակչական եւ տպարանային ծախսերը վճարել է հիմնադրամը։ Ռ. Ավագյանը, ճիշտ է, որեւէ պայմանագիր չի ունեցել հիմնադրամի տնօրենի՝ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի խորհրդական Վահագն Մկրտչյանի, կամ որեւէ այլ ներկայացուցչի հետ, այնուամենայնիվ հիմնադրամը գիրքը թարգմանել է մի քանի օտար լեզուներով։ Ռ. Ավագյանը դարձյալ պնդում էր եւ փաստեր էր ներկայացնում, ըստ որոնց հիմնադրամը հափշտակել է իր ունեցվածքը։ Նա դատարանից պահանջում էր՝
1) Պատասխանող կողմի օգուտից բռնագանձել 1 մլն 600000 դրամ,
2) որպես բարոյական վնասի փոխհատուցում 4000 տպաքանակով վերահրատարակել գիրքը նույն՝ 2 լեզուներով։
Վ. Մկրտչյանը զարմանում էր. հիմնադրամը ընդամենը բարեգործություն կատարող էր՝ գումար է տվել հրատարակման համար, եւ ոչ մի հատ գիրք վաճառքի չի դրվել, ինչո՞ւ պիտի վճարեն։
Դատը քննում էր դատավոր Մելս Մանուկյանը։ Այնպիսի տպավորություն էր, կարծես հայցվորին պատասխանող կողմից քիչ լսեին ու լուրջ ընդունեին։ Եվ արձանագրվում էին հատկապես պատասխանող կողմի մեկնաբանություններն ու փաստարկները։ Ինչեւէ. փաստաթղթային քաոսային վիճակ է այս գործում։ Այդպես էլ պարզ չդարձավ՝ ո՞վ էր հիմնական պատվիրատուն, ըստ էության՝ Սուրեն Աբրահամյանը (ներկա քաղաքապետը) եւ նախկին քաղաքապետ Աշոտ Միրզոյանը, «Երեկոյան Երեւան» թերթի խմբագիրը եւ կամ «Երեւան» հիմնադրամը իրականում ի՞նչ դեր են կատարել այս գործում, ո՞վ՝ ի՞նչն է ստորագրել…
Դատաքննությունից ստացած մյուս տպավորությունս այն էր, կարծես դատավորները շտապեին արագ ու շուտ ավարտել գործը։ Մի խոսքով, ակնհայտորեն փաստաթղթային խախտումներ են կատարվել, որոնցից տուժել է հատկապես Ռ. Ավագյանը՝ մշակույթի գործիչը, որը վստահել է մի շարք պաշտոնատար անձանց ու պետական այրերի։ Հիմնադրամն էլ կարծես մեղավոր չէ. գումար է փոխանցել՝ լավություն է արել։ Բայց անպաշտպան վիճակում հայտնվել ու մնում է մտավորականը՝ Վճռաբեկ դատարանը վճռեց մերժել Ռ. Ավագյանի հայցը…
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ