Ազնաբերդը կորել էր, գնացել էր սարերի ետեւը, ինքն իրենից փախչելու փորձ էր արել ու կորել էր։ Ճանապարհը գնում էր ու վերջը չէր երեւում։
Ազնաբերդը Հայաստանի հեռավոր գյուղերից է։ Մոտ 40 ընտանիք է բնակվում այստեղ, բոլորն էլ Նախիջեւանից բռնագաղթածներ։ Գյուղապետի տունը գյուղի առաջին տունն է, անցնող-դարձող մեքենաներին եւ մարդկանց գյուղապետի ընտանիքը խմբակային ձայն է տալիս (խոսքը նախընտրական ձայնի մասին չէ). «Ո՞ւր եք գնում, ո՞ւմ տուն»։
Սակայն միայն թվում է, թե գյուղն աշխարհի ծայրին է, քանի որ հրաշալի բնությունը իրենց գյունզգույն նախընտրական դիմանկարներով պատգամավորության թեկնածուները կարգին աղավաղել էին բնական գեղեցկությունը։ Լավ է գոնե, որ այդ նկարները ծառերին չէին սոսնձել, այլ՝ գյուղի կիսադատարկ խանութի եւ անտեր մի շինության կեղտոտ ապակիներին։
Թիվ 72 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից այստեղ են հասել միայն Վարդգես Մաթեւոսյանի, Արթուր Սմբատյանի եւ Գագիկ Աբրահամյանի նախընտրական լուսանկարները։ Դաշինքներից միայն «Միասնության» գովազդն է սոսնձված։ Ու գյուղական համայնապատկերին չսազող կարկատանի պես են դիտվում թեկնածու Արթուր Սմբատյանի՝ «Հայրենիքում է քո ե՛ւ անցյալը, ե՛ւ ապագան»։ Աստված միայն գիտի, թե ներկան ո՞ւր է կորել, մեկ էլ երեւի թեկնածուն։ Իրոք կորել է, քանի որ ազնաբերդցին ներկա կարծես թե չունի։ Եթե ներկայի պատրանք կարող են ստեղծել ասենք հեռախոսը, ռադիոն եւ հեռուստացույցը, ապա դրանք, որպես անցյալի մնացուկ, արդեն 8 տարի է լքել են գյուղը եւ գյուղացիներին հանգիստ թողել աշխարհի դարդ ու ցավից։
Կարդացեք նաև
Սոցներդրումների հիմնադրամի տեղեկատու
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Վայոց ձորի մարզում ավարտեց եւս մեկ ծրագիր՝ Շատին գյուղի խմելու ջրագծի վերակառուցումը։ Սա մարզում հիմնադրամի իրականացրած երրորդ ծրագիրն է։ Եվս հինգ բնակավայրերում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Մայիսի 26-ին հիմնադրամի աշխատակիցները եւ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Թոմաս Բիրաթը այցելեցին մարզի մի քանի բնակավայրեր։ Նրանք եղան նաեւ փախստականներով բնակեցված Նոր Ազնաբերդ գյուղում։ Այս եւ հարակից 4 գյուղերը զրկված են հայերեն հեռուստահաղորդումներ դիտելուց։ Հիմնադրամի եւ ՄԱԿ-ի համատեղ ծրագրով 5 գյուղերում կկառուցվեն հեռուստակայաններ։ Ծրագրի նախնական արժեքը 170 հազար ԱՄՆ դոլար է։ Սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանը նշեց, որ ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի ներկայացուցիչ Թ. Բիրաթի հետ փախստականների բնակավայրերում սոցիալական տարբեր հիմնախնդիրներ լուծելու համար ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Համագործակցության առաջին փուլում ՄԱԿ-ը կներդնի 200 հազար դոլար։
Թոմաս Բիրաթը գյուղում
Բիրաթի կերպարը գյուղի դատարկ հրապարակում անմիջապես աչքի զարնեց։ Ափալ-թափալ եկավ մի փոքրամարմին ազնաբերդցի եւ հետաքրքրվեց. «Էդ օգնությունը ի՞նչ եղավ»։ Բիրաթի զարմացած հայացքից փոքրիկ կինը ինքն էլ զարմացավ. «Բա ինչի՞ եք եկել»։ Կնոջ ասածները չթարգմանվեցին։
Կնոջ ուզածն այն էր, ինչը հայոց աշխարհի առավել «քաղաքակիրթ» հատվածին ծանոթ է ընտրակաշառք անունով։ Այստեղ դրան սպասում են, բայց կարծես թե տվող չկա։
Հարեւան խնձորուտը
Ազնաբերդի «չկաների» շարքը լրացնում է դպրոցը, որը նույնպես չկա եւ հավանաբար, չի էլ լինի։ Երեխաները դպրոց են գնում հարեւան Խնձորուտ։ Խնձորուտը քիչ թե շատ ապահովված է։ Այստեղ եւս թեկնածուների նկարներ կան, հսկա կոներով եղեւնիներ, ու մի Վարսիկ տատ, որն իր տարիքի մասին խիստ հեղհեղուկ պատկերացում ունի։ Քանի՞ տարեկան ես հարցին, պատասխանեց. «80-90 տարեկան կլինեմ»։ Տարիքը տատը չի հիշում, բայց դեմ չէր, որ թեկնածուները ալյուրից-բանից բերեն բաժանեն։
Գյուղի դպրոցը 340 աշակերտ ունի։ Դահլիճում համերգ էր։ Թոմաս Բիրաթին Սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի հետ տարան բեմում բազմեցրին։ Բիրաթի անգլերենը գյուղացիների համար տեղ-տեղ հասկանալի էր, իսկ ընդհանրապես՝ ոչ այնքան։
Պատգամավորության թեկնածուներից Վարդգես Մաթեւոսյանին էին լավ ճանաչում, քանի որ եկել էր գյուղ, «ճիշտ-ճիշտ բաներ էր ասել, գլուխ չէր գովել» ու գնացել էր, սպասելով ընտրությանը։
Գյուղացու ուզածն ի՞նչ է
Գյուղացին որեւէ թեկնածուի նկատմամբ հատուկ վերաբերմունք չունի։ Նրա դարդն ու ցավն այն է, որ անձրեւը ժամանակին գա, կարկուտը չխփի, արեւը չայրի։ Իսկ եթե թեկնածուներից որեւէ մեկը մի բան բերի, դեմ չի լինի վերցնել, քանի որ թոշակը միայն «պապիրոզի» փող է։
Իսկ մարզպետի կարծիքով, «մարզը քաղաքականացված է»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ