Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԽԱՂԱԹՈՒՂԹԸ

Մայիս 28,1999 00:00
Aleqsandr Agamalyan

Շատ հետաքրքիր է՝ չմասնակցելով ընտրություններին, դիտարկել կողքից ընտրարշավի ընթացքը, օգտավետ անակնկալ բաներ կարելի է իմանալ։

Օրինակ՝ պարզվում է, որ ընտրարշավի մասնակից բոլոր կուսակցությունները ուզում են վերականգնել եւ զարգացնել Հայաստանի արդյունաբերությունը, իսկ որպես դրա հիմնական միջոցներից մեկը, տեսնում են էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը։ Սա կնպաստի նաեւ բնակչության սոցիալական բեռի թեթեւացմանը։ Կարծես թե անվիճելի ճշմարտություն է։ Բայց հարց է ծագում՝ ի՞նչ է, կուսակցությունների մեծամասնությունը նո՞ր գլխի ընկավ. որտե՞ղ էին, երբ անցյալ աշնանը թեժ պայքար էր գնում սակագնի բարձրացման դեմ։ Շատ քչերը սատարեցին ԳիԱրՔՄի-ի մասնագիտական հաշվարկներին (միտված սակագնի իջեցմանը), որոնք ներկայացվեցին Քաղաքական խորհրդին եւ ՀՀ նախագահին։

Իսկ որտե՞ղ էիք դուք, պարոնայք հհշա-եգորյանականներ, երբ ձեր իշխանության օրոք հիմք էր դրվում տվյալ սակագնային քաղաքականությանը, որտե՞ղ էր պարոն Բագրատյանը, միանգամայն հայտնի է՝ նա այդ քաղաքականության գլխավոր ճարտարապետն էր։

Կան պատգամավորներ, որոնք ընդհանրապես քվեարկել են դեմ էլեկտրաէներգիայի սակագնի սառեցմանն անցյալ տարվա մակարդակի վրա, բայց հիմա, առանց խղճի խայթի, պայքարում են նոր խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար։ Նրանցից են՝ Խոսրով Հարությունյանը եւ Ալեքսան Հակոբյանը։ Բացակա էին, օրինակ, Ֆադեյ Սարգսյանը, Սերգեյ Բադալյանը, Սամվել Գեւորգյանը, Գրիգոր Ոսկերչյանը եւ Վահագն Գրիգորյանը։ Վերջինիս ակտիվությունը որեւէ հարցով չորս տարվա ընթացքում այդպես էլ ի հայտ չեկավ։ «Երկրապահների» խմբակցության մեծ մասն ավելի «ճկուն» գտնվեց՝ չմասնակցելով քվեարկությանը կամ քվեարկելով «ձեռնպահ»։

Ընդհանուր առմամբ, վատ չէ, իհարկե, որ սակագնի հարցը երկու անգամ քննարկվեց խորհրդարանում, բայց լավ կլիներ, որ այդ քննարկումները լինեին պակաս ցուցադրական ու առավել խորացված եւ մասնագիտական։ Օրինակ, եթե պատգամավորները հետեւեին մեր խորհրդին, կարող էին վերջին քվեարկության ժամանակ հարցը լուծել սակագնի սառեցման օգտին, անգամ եղած ձայներով։ Հիշեցնեմ, որ անցյալ տարի Գագիկ Մարտիրոսյանի ճնշման տակ ԱԺ-ն քվեարկեց ատոմակայանը ավելացրած արժեքի հարկից ազատելու օգտին։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ դրա հետեւանքով բյուջեն կորցնում է ավելի գումար, քան շահում է սակագնի վերջին բարձրացման հետեւանքով։ Այսինքն, եթե սակագնի սառեցման հարցը դրվեր ատոմակայանի ավելացրած արժեքի հարկը վերականգնելու հետ համալիր, ապա դա կդառնար «ոչ բյուջետային» հարց եւ դրա լուծման համար կպահանջվեր ներկաների, այլ ոչ թե ընդհանուր ձայների թվի կեսից ավելին։ Ինչո՞ւ այդպես չվարվեցին։ Միգուցե չկարողացան խորությամբ ընկալել։ Գուցե հարց բարձրացնողների հիմնական նպատակը ոչ թե դրական լուծումն էր, այլ նախընտրական աղմուկը։

Որ մենք այդ վերջին նպատակը չենք հետապնդել, կարելի է ապացուցված համարել, քանզի ԳիԱրՔՄի-ն չի մասնակցում ընտրություններին համամասնական կարգով, իսկ նրա խորհրդի նախագահը՝ ոչ մի կարգով։

Հարգելի (եւ ընդհակառակը) պատգամավորներ եւ պատգամավորացուներ, եկեք վերջապես հասկանանք, որ սակագները ձեւավորվում են առաջին հերթին ոչ թե քաղաքական կամ սոցիալական պատվերով, այլ տնտեսագիտականորեն հաշ- վարկ-վում են։

Հարցն այն է՝ ճի՞շտ, թե՞ սխալ։ Անցյալ տարի, բազմամսյա աշխատանքի հետեւանքով, որին մասնակցում էին տասնյակ անկախ մասնագետներ, ցույց տվեցինք էներգետիկայի հատուկ հանձնաժողովի հաշվարկի անճշտությունը եւ որ ընդամենը վեց պարամետր շտկելով կարելի է սակագինը իջեցնել մոտավորապես մինչեւ 17 դրամ (այլ ոչ թե 20, ինչը առանց որեւէ հաշվարկի պնդում է Եգորյանի կուսակցությունը)։ Մեր մոտեցման օբյեկտիվությունը փաստեց Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան։

Ի դեպ, մինչեւ օրս մեր հաշվարկներին ո՛չ մի հիմնավորված հակափաստարկ չի ներկայացրել ո՛չ էներգետիկայի հանձնաժողովը, ո՛չ էլ էներգետիկայի նախարարությունը։ Միայն պոպուլիստական աղմուկ եւ փնթփնթոց։ Իսկ նոր (25 դրամի) հաշվարկը մեզ հրաժարվում են տրամադրել, որովհետեւ համոզված են, որ կբացահայտենք դրա թերությունը։ Սա է հարցերի էությունը։

Հետաքրքիր է, որ իշխանությունները չեն էլ վիճում, որ կորուստները եւ համակարգի աշխատողների քանակը պետք է կրճատվեն՝ բայց չէ՞ որ միայն դրա հետեւանքով սակագինը պետք է զգալիորեն պակասի։ Ասում են, որ դա հնարավոր չէ արագ իրագործել։ Ճիշտ չէ։ Մերգելյանի անվան ինստիտուտում, օրինակ, մշակված է էլեկտրաէներգիայի սպառման վերահսկման եւ կառավարման համակարգ, որը թույլ է տալիս բացառել գերնորմատիվային կորուստները, իսկ տեխնիկական կորուստներն իջեցնել մինչեւ տեսական նորմատիվային մակարդակ։ Պետք է միայն օգնել ներդնել այդ համակարգը, այլ ոչ թե գնել արտասահմանյան հաշվիչներ։

Եթե նոր խորհրդարանը իսկապես կուզենա տալ խնդրի ճիշտ լուծումը, պետք է առաջին հերթին պահանջի սակագնի մանրամասն հաշվարկը եւ տրամադրի անկախ փորձագետների խմբին։ Մենք պատրաստ ենք ցուցաբերել այդ հարցում լուրջ աջակցություն։ Այլապես ոչ մի երաշխիք չկա, որ մոտակա ամիսներին էլեկտրաէներգիայի սակագինը նորից չի բարձրանա։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31