Հարցազրույց ԱԺ նախագահի տեղակալ, ԵԿՄ փոխնախագահ Ալբերտ Բազեյանի հետ
-Պրն Բազեյան, «Միասնությունը» որքանո՞վ է պատրաստվում ընդդիմություն լինել կամ չլինել։
– «Միասնությունը» չի պատրաստվում ընդդիմադիր լինել։ «Միասնությունը» եթե գնում է ընտրությունների, ուրեմն գնում է մասնակցելու պետական կառավարմանը, մասնակից լինելու կառավարության ձեւավորմանը, որպեսզի կարողանա իր ծրագիրն իրականացնել։ Սա է «Միասնության» խնդիրը, այլապես՝ գնալ ընտրությունների, որպեսզի դառնալ ընդդիմություն եւ ընդդիմանալ իշխանություններին, լինել ինքնանպատակ ընդդիմություն, դա ինձ համար մի քիչ անհասկանալի է։ Եվ հաջորդը, որ շատ կարեւոր է, «Միասնությունը» գնում է ստանձնելու պատասխանատվություն երկրի հետագա ճակատագրի համար։ Մենք վստահ ենք, որ կարող ենք այդ պատասխանատվությունը ստանձնել եւ կրել։ Այսօր այդ պատասխանատվությունը լղոզված է։ Ոչ ոք իրեն պատասխանատու չի համարում իշխանության մարմինների, հատկապես գործադիր իշխանության գործունեության համար։ Արտահերթ ընտրություններից հետո ստեղծված այս վիճակն անբնական վիճակ է։
– Իսկ եթե դուք վերցնում եք պատասխանատվությունը, իսկ գործադիր իշխանությունը՝ ոչ։ Կարելի՞ է ասել, որ դուք այսօր գործադիր իշխանության անցնելու հավակնություն եք դրսեւորում։
Կարդացեք նաև
– Անպայման։ Այլապես ԱԺ-ն որպես հենց այնպես ԱԺ չի կարող լինել։ ԱԺ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի գործադիր իշխանության գործունեության համար։ ԱԺ մեծամասնությունը պետք է իր ծրագրերով գա գործադիր իշխանության։ Իրական իշխանությունն այս պետության մեջ գործադիր իշխանությունն է, եւ եթե մենք ուղղակի պետք է նստենք ԱԺ-ում կամ աջակցենք, կամ քննադատենք գործադիր իշխանությանը, փաստորեն ոչինչ չենք անելու։ Բոլոր լծակները գտնվում են գործադիր իշխանության ձեռքին։ Եթե մենք գնում ենք քաղաքական պատասխանատվություն ստանձնելու գործադիր իշխանության համար, ապա մենք վստահ պետք է լինենք, որ գործադիր իշխանությունը պատասխանատու է լինելու ԱԺ-ի առաջ իր գործունեության համար։ Այս պատասխանատվության խնդիրը մեկընդմիշտ պետք է հստակեցվի մեր պետության մեջ։ Այլապես չի լինում հենց այնպես կառավարություն, որի ղեկավարությունը ենթադրում է, թե կառավարությունը կարող է լինել ինքնուրույն քաղաքական ուժ։ Այդպիսի բան գոյություն չունի, կառավարությունը կուսակցություն չի։ Երբեմն այնպիսի հայտարարություններ են եղել, որ կառավարության քաղաքականությունը ոչ ոք չի կիսում։ Վարչապետը հայտարարեց, որ մենք գաղափարական տարաձայնություններ ունենք։
Եթե դա այդպես է, ապա բնականաբար մենք չպետք է պաշտպանեինք այդ իշխանությանը։ Բայց ինչի՞ համար մենք անվստահություն չհայտնեցինք կառավարությանը, որովհետեւ «Երկրապահ» պատգամավորական խումբն ընդամենը ժամանակավոր քաղաքական մարմին էր, որն այսօր գոյություն չունի։ Նրա մի մասն արդեն այլ կուսակցությունների կազմում է մասնակցում ընտրություններին։ Ընդամենը մի քսան տոկոսին ենք մենք պաշտպանում։ Եթե մենք այն ժամանակ անվստահություն հայտնեինք՝ չձեւավորված որպես քաղաքական ուժ, մենք չէինք կարող ստանձնել այդ պատասխանատվությունը։ Այսօր ձեւավորվել է դաշինք, կա երկու հզոր կուսակցություն, աջակցող ԵԿՄ, մշակված են ծրագրեր։ Մենք գտնում ենք, որ այժմ կարող ենք ստանձնել այդ պատասխանատվությունը, իհարկե, դա այն դեպքում, եթե «Միասնությունը» ստանա ժողովրդի վստահության քվեն եւ հնարավորություն ստանա նախագահի հետ մասնակցել կառավարության կազմավորման գործընթացին։ Դա, իհարկե, նախագահի իրավասությունն է, բայց նախագահն անպայման պետք է հաշվի առնի ձեւավորված պատկերը։
– Պրն Բազեյան, ձեր ելույթներում, մարտավարական ծրագրերից բացի հնչում է «ծուռ դրված քարեր» արտահայտությունը, որոնց ուղղելուց հետո առաջիկա մեկ տարում արդեն պետք է շատ հարցեր լուծվեն։ Որո՞նք են այդ քարերը։
– Առաջին հերթին՝ կարեւորագույն օրենքներ կան, որոնք պետք է ընդունել։ Մենք չունենք կառավարության մասին օրենք, չունենք պետական ծառայողի մասին օրենք։ Պետական ծառայողները՝ չինովնիկները, անկախ չեն իրենց գործունեության մեջ։ Նրանց մեջ կան շատ բարձրակարգ մասնագետներ, որոնք, ցավոք սրտի, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, ոչ գաղափարական հիմնավորումներով անդամագրվում են այս կամ այն կուսակցությանը, որպեսզի իրենց պաշտոնը, իրենց տեղը պաշտպանեն։ Պետական ծառայողը պետք է պաշտպանված լինի, այլապես, որեւէ քաղաքական ուժ իշխանության գալով, անմիջապես կադրային ջարդ է սկսում։ Հակամենաշնորհային քաղաքականությունն այս պետության մեջ չի կատարվում, որովհետեւ չկա համապատասխան օրենսդրություն։ Դա մենք եւս համարում ենք կարեւորագույն խնդիր։ Դրանից բացի, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատասխանատու լինի իր գործունեության համար՝ ժողովրդի առջեւ եւ աշխատի պետության ու ժողովրդի համար, ոչ թե պաշտոնը օգտագործի հանուն անձնական կամ կլանային խնդիրներ լուծելու։ Մոտեցումները պետք է փոխվեն, օրինականություն եւ կարգուկանոն պետք է հաստատվի։ Սրանք խնդիրներ են, որոնք բավականաչափ քաղաքական կամք դրսեւորելու դեպքում կարող ենք եւ պետք է լուծենք։ Եվ ամենակարեւորը, որ այսօր մեր ժողովրդին պակասում է, դա արդարացի պետության գաղափարն է, պետության դերը պետք է մեծացվի, հստակեցվի։ Որովհետեւ պետությունը կարծես իր ձեռքերը լվացել է ե՛ւ սոցիալական, ե՛ւ տնտեսական խնդիրներից, եւ շուկայական հարաբերությունների գնալը դարձել է մի տեսակ «վայրի կապիտալիզմ»։
Պետությունը պետք է կարգավորի տնտեսությունը, հովանավորի արտադրողներին, այլապես մարդիկ են տանիք դառնում։ Պետությունն այսօր իր դերում չի գտնվում։ Մի շարք այլ հարցեր կան։ Հարկային ոլորտում հիմնականում անուղղակի հարկերն են, բայց պետք է աստիճանաբար անցնենք ուղղակի հարկերի։ Բացի այդ, կառավարության գործունեությունը ժողովրդի համար եղել է փակ, մենք չգիտենք, թե ինչ վիճակ է տիրում, ասենք, էներգետիկ համակարգում։ Ես գտնում եմ, որ ընտրություններից հետո երկրում պետք է կատարվի «ինվենտարիզացիա», որպեսզի բոլորս իմանանք, թե ինչ վիճակում ենք գտնվում։ Եվ այս ամենը պետք է արվի հրապարակային։ Այսօր բոլորս էլ տեսնում ենք, որ ժողովրդին հուզողը սոցիալականն է եւ եթե եկամուտների արդարացի վերաբաշխման քաղաքականություն չորդեգրենք, ներքեւից կսկսի սեփականության այդ վերաբաշխումը, որը հեղափոխության է տանելու։ Իսկ դա շատ վտանգավոր է։
Զրուցեց
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ