Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՀԱՍՏԱՏ Է

Մայիս 28,1999 00:00
hyd

Հասարակական մտածողության մեջ արդեն կարծես ամրակայվում է այն մտայնությունը, որ ՀՅԴ-ն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին։ Խորհրդարանական ընտրությունների դեպքում գոնե, իրոք, այդպես է։

Ի՞նչ հնարավորություններ ունի Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Այս հարցին տարբեր պատասխաններ են տրվում։ Ընդունված է համարել, որ ՀՅԴ-ն ավանդաբար ուժեղ է Թալինի շրջանում, որը մեծավ մասամբ բնակեցված է սասունցիներով։ Սակայն, արի ու տես, որ ՀՅԴ-ն շատ ավելի մեծ հնարավորություններ ունի կոնկրետ Վանաձոր քաղաքում։ Վերստին դիտարկենք Հայ Յեղափոխական Դաշնակցության ընտրացուցակը։

Նրանում չորրորդը Լոռու նախկին փոխմարզպետ Դավիթ Լոքյանն է, ութերորդը՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Մարտուն Մաթեւոսյանը, իսկ տասնյակը եզրափակում է հարկային տեսչության նախկին պետ, ԱԺ պատգամավոր Արտաշես Թումանյանը։

Նրանք երեքն էլ մրցակցության մեջ են մտել Վանաձոր քաղաքում, երեք տարբեր ընտրատարածքներում եւ երեքն էլ դասվում են հաղթողի հավակնորդների շարքում։ Ի դեպ՝ նշենք, որ Լոռու մարզկենտրոնում ընտրատարածքներն ընդամենը չորսն են։

Հիմա դաշնակցական այս երեք թեկնածուների ընտրարշավի սպեցիֆիկայի մասին առանձին-առանձին։

martun matevosyanՍկսենք Մարտուն Մաթեւոսյանից։ Նրա ընտրարշավը, մեր տպավորությամբ, ունի երկու հենասյուն։ Մեկը ՀՅԴ գործունեությունն է։ Ի դեպ, ընկեր Մաթեւոսյանը շատ լավ էլ օգտագործում է ՀՅԴ նախընտրական կարգախոսները՝ թեկուզ այն մեկը, որ Դաշնակցությունը երբեք չի խաբում։ Վկայությունը կուսակցության 109-ամյա պատմությունն է։

Երկրորդ առանցքը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների որակի փոփոխությունն է։ Պետք է օգտագործել Սփյուռքի կարողականությունը՝ Հայաստանի տնտեսական կացությունը շտկելու համար։

Որպեսզի շատ չերկարացնեմ, մատնանշեմ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ Մարտուն Մաթեւոսյանի ներկայացրած օրինակներից մեկը՝ Միջին Արեւելքում հյութերի ամենամեծ արտադրության սեփանակատերերը հայեր են, բայց նրանք չեն ցանկանում Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալել, որովհետեւ բազմաթիվ բարդությունների են հանդիպում պետական կառույցների հետ շփումներում։

– Ավելի լավ է այդ հոսքագծերը նվեր տանք Հայաստանին,- ասել են նրանք Մարտուն Մաթեւոսյանի հետ հանդիպման ժամանակ։ Հետեւությունն այն էր, որ եթե համապատասխան օրենսդրական դաշտ ձեւավորվի, հենց թեկուզ այդ արտադրությամբ հնարավոր կլինի փրկել Լոռվա անտառների հատապտղային ամբողջ բերքը եւ միաժամանակ ստեղծել աշխատատեղեր։

ՀՅԴ բյուրոյի անդամը միայն մեկ մտահոգություն ուներ իբրեւ պատգամավորության թեկնածու։ Նա համոզված է, որ կենտրոնական իշխանությունները փորձելու են ազատ, արդար ընտրություններ անցկացնել, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե «որքանով տեղական իշխանությունները, մասնավորապես մարզպետարանը, ՆԳ տարածքային եւ քաղաքային ծառայությունները շահագրգիռ կլինեն մնալ օրենքի շրջանակներում եւ չմիջամտել ընտրություններին։ Վանաձորը մեծ քաղաք չէ, ինչ կատարվում է՝ շատ շուտ իմացվում է։ Ես հիմքեր ունեմ ասելու, որ մարզպետարանը եւ Ներքին գործերի ռեգիոնալ վարչությունը չեզոք դիրք չեն ունեցել՝ գոնե մինչեւ հիմա։ ՆԳ տարածաշրջանային մարմնում չեն խորշել նույնիսկ իմ շտաբի անդամներին հրավիրել եւ քաղաքավարիորեն բացատրել, որ չեզոք մնան եւ ինձ չպաշտպանեն։

Ակնկալում եմ, որ Հայաստանի կենտրոնական իշխանությունները կփորձեն չեզոքացնել տեղական իշխանությունների՝ ընտրություններում լուրջ դերակատարություն ունենալու փորձերը»։

Մարտուն Մաթեւոսյանի գնահատմամբ, ՀՅԴ-ն լավ շանսեր ունի Վանաձորում, որովհետեւ թեկուզ միայն դաշնակցական փոխմարզպետ Դավիթ Լոքյանը հեղինակություն է վայելում։ Իսկ դա կարեւոր հանգամանք է։ Դավիթ Լոքյանն էլ ընտրողների հետ հանդիպման ժամանակ կարող է արտաքին քաղաքականությունից խոսելիս ընդհատել խոսքը եւ, ասենք, Արջուտ ջուր ապահոված վարպետին ողջունելուց, որպիսությունը հարցնելուց հետո միայն շարունակել ասելիքի մատուցումը։ Նախկին փոխմարզպետը, որը կամավոր է հեռացել, հանդիպումների ժամանակ վկայում է, թե ծրագիր ունի իրականացնելու իր ընտրատարածքում, որը մի մասով ընդգրկում է աղետից հետո կառուցված Տարոն թաղամասը։ Իսկ այնտեղ հսկայածավալ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա. «Ես մի բանում եմ միայն ինքնավստահ՝ շատ ազատ եմ մտնում ժողովրդի մեջ։ Ժողովրդից ամաչելու որեւէ պատճառ չունեմ։ Ցանկանում եմ պատգամավոր ընտրվել որոշակի ընտրատարածքից, եւ ժամանակի որոշակի ինտերվալում ապացուցել, որ կարող եմ լինել նորմալ պատգամավոր եւ այդ հիմքով էլ հաջորդ ընտրություններում նորից քվեարկվել այդ ընտրատարածքում»։

loqyanԴավիթ Լոքյանի դիտարկումներով, հիմա ընտրողը փոխվել է եւ ամենեւին էլ հակված չէ ընտրություն կատարել ծանոթ-բարեկամական հողի վրա։ Հիմա վանաձորցին թեկնածուից պահանջում է «ինտելեկտ, համեստություն, ապրած կյանք։ Վանաձորցին չի էլ ընդունում այն թեկնածուներին, ովքեր կարող են ասֆալտային հարցեր լուծել»։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցը ընտրատարածքում հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանն է։

ՀՅԴ երրորդ պաշտպանյալը Վանաձորում հարկային տեսչության նախկին պետ Արտաշես Թումանյանն է։ Ի դեպ, նա ընտրացուցակում 10-րդը լինելով հանդերձ, դաշնակցական չէ եւ առաջ է բազմաթիվ դաշնակցականներից։

Artashes Tumanyan

Արտաշես Թումանյանը երկու անգամ պատգամավոր է ընտրվել Վանաձորից եւ հիմա նրա «սուրը խաչվել» է նույն ընտրատարածքում քվեարկվող «Միասնություն» դաշինքի պաշտպանյալ Վիկտոր Դալլաքյանի հետ։

Վերջինս հանդիպումների ժամանակ օգտագործում է «հարկային տեռոր» տերմինը՝ նկատել տալով, որ իր խոսքի ենթատեքստը վերաբերում է Արտաշես Թումանյանի՝ հարկային տեսչության պետ եղած շրջանին։ Իսկ Թումանյանն ասում է, որ «իմ մրցակիցը ճարպկորեն շահարկելով ստեղծված ծանր վիճակը, փորձում է միավորներ հավաքել եւ իմ տպավորությամբ՝ ընտրվել ցանկացած գնով։ Բայց մայիսի 30-ից հետո էլ մենք միասին ապրելու ենք այս փոքր հանրապետությունում»։

Իր կողմից էլ Արտաշես Թումանյանն է վկայում, որ Վիկտոր Դալլաքյանը, նրա բառերով ասենք՝ մեծ թելերով է կապված հարկային տեսչության հետ եւ նրան դեմ առ դեմ եթերում հանդիպելու հրավեր է անում։

Նախընտրական այս փուլում Արտաշես Թումանյանը արձանագրել է եւս մեկ կարեւոր իրողություն՝ հասարակությունը դժգոհ է իշխանությունից, սակայն «ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ գործիչների նկատմամբ էլ շատ մեծ հավատ չկա։ Անջրպետ է ստեղծվել»։ Բոլոր դեպքերում, նրա տպավորությամբ, վանաձորցու ընտրությունը բողոքի քվե չի լինելու։ Ընտրություն է լինելու։

Իբրեւ ՀՅԴ պաշտպանյալ էլ Արտաշես Թումանյանը կարծում է, որ «ինչ-որ պարտք ունենք ՀՅԴ-ի նկատմամբ (որը կասեցվել էր 1994-ին), որպեսզի այդ կուսակցությունը քաղաքական քարտեզի վրա ունենա արժանի տեղ, իսկ պառլամենտում էլ՝ պատկառելի խմբակցություն»։

Իսկ իր համակրությունների մեջ պարոն Թումանյանը ՀՅԴ-ից բացի, մեծ տեղ է տալիս նաեւ ԱԺՄ-ին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31