Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԻՍՏԵՐ ՉԿԱՆ։ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐՆ ԷԼ ԲԱԶՄԱՄԱՐԴ ՉԵՆ

Մայիս 28,1999 00:00
Toto

Չնայած խորհրդարանական ճեպազրույցներն էլ են քաղաքական գովազդ, բայց այդ հնարավորությունից երեկ միայն այն գործիչներն էին օգտվել, որոնք գովազդի կարիք իսկի չունեն էլ։ Երկուսին վստահաբար կարելի է ընտրված համարել, մնացածները բոյկոտում են ընտրությունները։

«Իմ ընտրատարածքում շատերը կռիվ են անում, թե ինչո՞ւ Վահագը չառաջադրեց իր թեկնածությունը։ Վիգեն, քո մասին էլ են լավ խոսում,- ի լուր լրագրողների հայտնեց Լեոնիդ Հակոբյանը, եւ քաջալերեց իր գործընկերոջը,- դավայ, Վահագ ջան»։

Վերջինս հաստատ մի նախանձելի դրական հատկանիշ ունի՝ հետեւողականությունը։ Հակառակ դեպքում նախընտրական այս խառն օրերին էլի կոնյակի գործարանի վաճառքի խախտումների մասին չէր խոսի, երբ դա քաղաքական շրջանակների ուշադրության, մեղմ ասած, առաջնահերթ առարկան չէ։ Սակայն արծարծված այդ եւ խնայբանկի հնարավոր սեփականաշնորհման ու նման խնդիրների լուսաբանումը թողնենք «Առավոտի» տնտեսական մեկնաբանին։

Վահագն Խաչատրյանը կանխատեսեց. «Հավատացած եմ, որ այս ընտրություններից հետո, զուտ ֆինանսական առումով, տնտեսության վիճակն ավելի է վատանալու։ Քանի որ այն գումարները, որ այժմ ծախսվում են, վերջը ինչ-որ ձեւով պիտի վերադարձվեն, մարդիկ պիտի ետ ստանան, իսկ դրա մի ձեւ կա՝ ստվերային տնտեսությունն ավելի կշատանա։ Այսինքն, կշատանան չհարկվող մենաշնորհային ոլորտները։ Փորձից ելնելով եմ ասում՝ 1998-ի ընտրություններից հետո մենաշնորհային բնագավառները մեր տնտեսության մեջ ավելի մեծացան»։

Ներկայացնենք նաեւ, թե «Հանրապետություն» խմբակցության անդամներն ինչպես պատասխանեցին «Առավոտի» այն հարցին, թե արդյոք համաձայն չե՞ն, որ նախորդների համեմատ (վերջին բառը շեշտեցինք) այս ընտրարշավը բավական հանդարտ ընթացավ։ Վահագն Խաչատրյանը չհամաձայնեց. «Նույնիսկ համեմատելի էլ չէ։ Ակնառու, կոպիտ խախտումները շարունակվում են, օրենքն արհամարհվում է ամեն քայլի»։ Քննադատեց ԿԸՀ-ին, որ դատարանի վճռից հետո որոշումներ է ընդունում. «Ընդհանրապես նրա գործունեությունն առավել հիշեցնում է օրենսդիր մարմնի գործունեություն, քան ԿԸՀ-ի»։

Վիգեն Խաչատրյանը պնդեց, թե այս ընտրարշավն ավելի հանդարտ ներկայացվեց միայն. «Մասնակցող կողմերն ուղղակի պայմանավորվել են խախտումների մասին չխոսել՝ ով կարող է, պիտի խախտի եւ իրար չպիտի մեղադրեն։ Եվ քանի որ մասնակից կողմեր են դատախազությունը, հարկայինը, բանակը, ոստիկանությունը՝ չեն խոսում»։ Նա իբրեւ բացասական երեւույթ մատնանշեց այն, որ Երեւանում որոշ ընտրատարածքներում ընդամենը 3-4 թեկնածուներ են առաջադրված. «Այդպես լկտի ձեւով հարմար թեկնածուների դիմաց կանաչ ճանապարհ չի բացվել, ինչպես այսօր է արվում։ Ուրեմն ինչպե՞ս եք համեմատում եւ ասում, որ այսօր ավելի հանդարտ է անցնում»։

Շատ հետաքրքրական մեկնաբանություն տվեց մեր հարցին ճեպազրույցին ներկա քաղաքագետ Հրաչյա Գալստյանը. «Փոխվել է ընտրությունների բովանդակությունը։ Եթե 1995-ին եւ առավել եւս 1996-ին ընտրողի քվեն արժեք ուներ, ապա այն այսօր անարժեք է՝ կամ գնում են այն, կամ այդ քվեաթերթիկի փոխարեն ուրիշն են գցում։ Դրա համար էլ առերեւույթ կարող է ընդհանրապես լարվածություն չլինել, այն ուրիշ տեղ է։ Դրսում չի»։

Վերջապես ներկայացնենք նաեւ Արա Սահակյանի խոսքը։ Նա վստահ էր, որ իշխանությունները խնդիր են դրել ապահովել ընտրությունների հանդարտության երեւութականությունը. «Եվ գրեթե ապահովված է նաեւ դիտորդների դրական եզրակացությունը… Քաղաքական ծրագրերի եւ տեսակետների պայքար չկա։ Պայքար կա անձերի միջեւ։ Իսկ անձերը միշտ կարող են համաձայնության գալ։ Եվ պարտության դեպքում դա կընդունվի անձնական պարտություն, ոչ քաղաքական։ Հետեւաբար, շատ հնարավոր է, որ ահա այդ զսպող մթնոլորտում իշխանությանը հաջողվի իր համար ձեւել հնազանդ ու ձեռնտու մի խորհրդարան։ Այս շրջանակում պիտի դիտել Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը իրավապահ մարմինների ղեկավարների հետ»։ Վերջինը Վահագն Խաչատրյանի համար եւս մի ապացույց էր, թե այժմ կատարվողը հեռու է ընտրություն համարվելուց։ «Սա միջոցառում է, որտեղ կարող են դիսպետչերականի պես հանձնարարություններ տալ»։

Ճեպազրույցների այլ մասնակիցներին ավելի համառոտ մեջբերենք, քանզի, ի տարբերություն «Հանրապետություն» խմբակցության անդամների, նրանք վերջին շրջանում իրենց տեսակետները հեռուստաալիքներով մանրամասնորեն ներկայացնելու հնարավորություն ունեին։

Լեոնիդ Հակոբյանը բոյկոտողների հայտարարությանը համահունչ մի գնահատական տվեց. «Այս ընտրություններում ոչ թե ծրագրերի եւ տեսակետների, այլ քսակների պայքար է»։ Նա վստահելի էր համարում ավելի վաղ հրապարակված այն սոցհարցման արդյունքները, ըստ որի, կոմկուսը երկրորդ տեղում է իր վարկանիշով։ Բայց երբ «Առավոտը» խնդրեց նրան մեկնաբանել, թե հապա ինչպե՞ս է Սերգեյ Բադալյանը հայտարարում, որ եթե ընտրությունների արդյունքում իրենք առաջինը չլինեն, ուրեմն կեղծիքներ են եղել, Լեոնիդ Հակոբյանը նահանջեց. «Չեմ ուզում մեկնաբանել մեր ղեկավարի հայտարարությունը։ Հավանաբար, նա քիչ է սխալվում եւ կարծում եմ, որ ճիշտ է ասել։ Իսկ որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ կլինեն՝ ինչ է, չե՞ք տեսնում, որ փողով է առնվում-ծախվում ամեն ինչ։ Հանձնաժողովների անդամների «տաքսա» էլ կա արդեն, բիզնես են դարձրել։ Չգիտե՞ք, ազգանուններ կարող եմ տալ»։ Անմիջապես ուրախությամբ համաձայնեցինք, եւ Լեոնիդ Հակոբյանն էլի նահանջեց. «Ընտրություններից հետո, իհարկե»։

Արշակ Սադոյանը չուզենալով պնդել, մանրամասներ ասել, հրապարակեց այս տեղեկությունը. «Կառավարությունը նույնիսկ աշխատավարձի ֆոնդից է որոշ գումար տրամադրել «Արժանապատիվ ապագայի» գովազդային գործունեությանը»։

Արշակ Սադոյանի խոսքից խիստ հետաքրքրական էր նաեւ հետեւյալ դիտարկումը. լուրջ մրցակցություն կա պաշտպանության ու ՆԳ եւ ԱԱ նախարարությունների հովանավորած հեղինակությունների միջեւ. «Ի զարմանս ինձ, որպես կանոն, հանձնաժողովային գործընթացներում հաղթում են պաշտպանության նախարարության հովանավորյալները։ Թե դա ոնց է լինում, ոնց է, որ կառավարության երեք ներկայացուցիչներն էլ անցնում են պաշտպանության նախարարության կողմը… Լարումը շատ մեծ է, բավական բարդ իրավիճակ է»։

Ճեպազրույցների ավարտից հետո «Առավոտն» Արշակ Սադոյանի գնահատականը հարցրեց, թե արդյոք ինքն է՞լ համաձայն չէ, թե այս ընտրարշավն ավելի հանդարտ անցավ. «Անցած տարի, օրինակ, կռվի մեջ ընկանք՝ Ֆիլարետի ուսը կոտրվեց, Սամվել Շահինյանին մարմնական վնասվածք հասցվեց։ Ինձ մի հոգատար տարիքով կին պաշտպանեց հարվածներից, փակելով՝ «ինձ խփեք, ոչ թե պրն Սադոյանին»։ Նման դեպք այս տարի չի եղել»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31