Վազգեն Մանուկյանինը՝ անխառն
«Ինձ համար շատ տարօրինակ է, երբ Ռոբերտ Քոչարյանին համեմատում են Միլոշեւիչի հետ»։ Ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ Միլոշեւիչն այժմ կատարում է ազգի լիդերի դերը, որի շուրջ համախմբված է ողջ ժողովուրդը, «ինչը բացարձակապես չես կարող ասել Հայաստանի մասին։ Ես չեմ տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանը մի գաղափարի կրող է, որի շուրջ համախմբված է ժողովուրդը»։
Լրագրողների հետ իր երեկվա հանդիպման ընթացքում ԱԺՄ լիդերը համառորեն ասաց նաեւ, որ իր կուսակցության համար նոր կառավարությունում այս կամ այն նախարարական պորտֆելն ունենալը ինքնանպատակ չէ։ Նախ պետք է պարզվի՝ կառավարության սկզբունքներն ու ծրագրերը համընկնո՞ւմ են ԱԺՄ-ի սկզբունքներին ու «եթե համընկնի, կմտածենք»՝ արժե՞ ընդգրկվել նոր կառավարությունում, թե ոչ։
Նախորդ եւ նոր կառավարությունների միջեւ պատմահամեմատական զուգահեռներ անցկացնելով՝ պրն Մանուկյանը եզրակացրեց, որ եթե 95-ին Հայաստանում զատորոշված էին իշխանություններն ու ընդդիմությունը, ապա այսօրվա քաղաքական դաշտը լղոզված է։ Եթե նախկին իշխանությունները բռնանում էին ժողովրդի կամքի վրա, այսօրվա իշխանավորները նախընտրում են խորամանկությունը։ Հայաստանում ընտրություններն անց են կացվում միայն մեկ նպատակով՝ ցույց տալ աշխարհին, որ մենք դեմոկրատական երկիր ենք։ Պրն Մանուկյանը ներկայացրեց նաեւ մի երեւակայական ընտրական աշխարհ՝ մինի Ուտոպիա. «Լիներ մի մարմին, ուր հավաքված լինեին, ասենք, դատախազի տեղակալ, ՆԳ նախարարի տեղակալ, Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, կառավարությունից ինչ-որ մարդիկ եւ անընդհատ խորհրդակցություններ լինեին, որտեղ ներկա լիներ ամբողջ մամուլը, բոլոր ընտրական շտաբների ղեկավարները, հարցեր բարձրացվեին, տեղում փորձվեին լուծել։ Ընտրությունների օրը նստած լինեին թղթակիցները (ընտրատարածքներում- Լ. Ա.), փաստաթղթերը միանգամից հրապարակվեին» (վատ չէր լինի, որ վերջում էլ տղան ու աղջիկն ամուսնանային- Լ. Ա.)։
Կարդացեք նաև
Մինչ պրն Մանուկյանն ասում էր այս ամենը, կամաց-կամաց նրա կողքին տեղավորվեց նաեւ Ավետիք Իշխանյանն ու ներկայացրեց իր բողոքն ընդդեմ ֆալլաքի. Աջափնյակի թիվ 2 ընտրատարածքին կցվել է երկու զորամաս։ «Խախտվել է թե՛ օրենքը, թե՛ ԿԸՀ-ի որոշման 3-րդ կետը»։ Ընթերցվեցին նաեւ որոշման 4-րդ եւ 7-րդ կետերը, որոնք եւս խախտվել էին։ Չբավարարվելով վերոնշյալ կետերով՝ պրն Իշխանյանը բերեց նաեւ 9-րդ կետը (թող բոլ-բոլ լինի- Լ. Ա.)։
Խոսելով նոր խորհրդարանի մասին՝ պրն Մանուկյանը վերհիշեց նախորդը. «Անցյալ ԱԺ-ում կային այս կամ այն ձեւով ՀՀՇ-ի հետ կապված բավականին փորձ ունեցող քաղաքական գործիչներ։ Եթե նրանց բարոյականի կամ ինչ-որ բաների մասին կարող էիր խոսել, բայց այն, որ մարդիկ ունեին փորձ ու գիտելիք, կողմնորոշվում էին իրավիճակում, անկասկած է»։
Ի տարբերություն որոշ կուսակցությունների (որոնց համար ՀՀ նախագահի լեքսիկոնում մի հարմար բառ կա՝ լաչառ)՝ ԱԺՄ-ն ընտրություններում իր հավաքած ձայների տոկոսից չի եզրակացնի՝ արդար են դրանք, թե ոչ բարի։ «Արդարության դեպքում ես ցանկացած տոկոս կընդունեմ որպես նորմալ»։
Կարեն Դեմիրճյանի՝ որպես նոր ԱԺ-ի ամենահավանական նախագահի վերաբերյալ ԱԺՄ նախագահն ունի այս տեսակետը. «Ես չգիտեմ, իրենք այնքան ձայն կունենա՞ն, որ ԱԺ նախագահ դառնա ինքը՝ մեկ։ Երկրորդը՝ իրեն առաջարկեն, ինքը կհամաձայնվի՞, սա էլ չեմ իմանում։ Ճիշտ է, Կարեն Դեմիրճյանին հանդիպել էի իմ վարչապետ եղած ժամանակ։ Իրեն հրավիրեցի, որ գործի նշանակեմ։ Սովորական մարդ է։ Եթե վերադառնանք նրա ղեկավարության 14 տարիներին, դրանք ինձ բան չեն ասում»։
Թաղային հեղինակությունների մասին էլ խոսք ու զրույց եղավ. «Նրանցից ոչ մեկը չի անցնի, եթե թիկունքում չլինի իշխանության այս կամ այն թեւը. եկեք մեզ չխաբենք»։ Այսպիսով, թաղային հեղինակություններն էլ են իշխանության ներկայացուցիչները լինելու խորհրդարանում. «Այն մարդիկ, որոնց անցյալում կամ ներկայում կան էլեմենտներ, որոնց համար նրան կարելի է հետապնդել, շանտաժ անել, այդպիսի մարդիկ ամենաձեռնտուն են գործադիր իշխանության համար»։
Իսկ այն, որ այս ընտրությունների դերը հայ ժողովրդի կյանքում վճռական է, պրն Մանուկյանն այնքան էլ համամիտ չէ. «Որ ասում են՝ это наш последний и решительный бой, բայց ոչ մի бой էլ последний и решительный չէ»։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ