Ընտրությունները բոյկոտող գործիչները մայիսի 30-ից հետո հրապարակելու համար փաստեր են հավաքում, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել ընտրարշավի ընթացքում։ Վահագն Խաչատրյանը առայժմ միայն մի խախտում նշեց, որ ազդարարվել էր Կիպրոսի եւ Հունաստանի սոցուժերի՝ ՀՅԴ-ին սատարելու մասին։
ԱՆՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄ
Վիգեն Խաչատրյանի ճեպազրույցում արած ակնարկները եւ տվյալները համադրելով եզրակացրինք, որ թիվ 62 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Մարտին Թադեւոսյանին առեւանգած են եղել, պարտադրելով հանել թեկնածությունը։ Վիգեն Խաչատրյանը բողոքում էր, թե այդ մասին չի գրվել, բայց ինքն այս մասին միայն ասաց. «1995-96-ին թեկնածուներ չէին առեւանգում։ Հիմա առեւանգում են, որ հանեն թեկնածությունը։ Դատախազության աշխատող են առեւանգում, դրա մասին չի գրվում։ Գյումրիում հետաքրքրվեք, Կրասնոսելսկում հետաքրքրվեք»։
Կարդացեք նաև
ԾԵՐԱԿՈՒՅՏ
Արա Սահակյանը հերթական անգամ իր իմացած տերմիններով զարմացրեց լրագրողներին. «Այս խորհրդարանում հաստատվելու է գերոնտոկրատական իշխանություն»։ Իր խորիմաստ միտքը բացատրելու հորդորների հանդեպ անդրդվելի մնաց։ Լավ էր, գտնվեցին իրազեկներ, որ բացատրեցին, թե տերմինի արմատը «ծերունի» բառն է։
ՈՎ Է ՊԱՊԱՆ, ՈՎ Է ՋԱՀԵԼԸ
«Հեռուստատեսությամբ ցուցադրում են, որ Կարեն Դեմիրճյանը պապայի պես առաջ ընկած գնում է, Վազգեն Սարգսյանն էլ տղայի պես՝ հետեւից,- ճեպազրույցում իր տպավորությունները հայտնեց Արշակ Սադոյանը,- Վազգեն Սարգսյանը բավական աճել է, նույնիսկ որոշ չափով դերասանության տարրերին է ծանոթացել եւ կարողանում է պապա լինելով երեւալ զավակ։ Որովհետեւ իրականում պապան Վազգեն Սարգսյանն է, իսկ Կարեն Դեմիրճյանը նրա մոտ ջահել աշխատող է»։