Իրավապահ մարմինների ղեկավարների հետ Ռոբերտ Քոչարյանի մայիսի 26-ի հանդիպման պաշտոնական հաղորդագրության տեքստից դուրս էին մնացել այս արտահայտությունները, որոնք «Առավոտի» կարծիքով, խիստ կարեւոր են. «Կա մեկ խնդիր՝ ընտրությունների օրինական կազմակերպման խնդիր, եւ դուք բոլորդ ուղղակի գլխով պատասխան եք տալիս այդ խնդրի իրականացման համար։ Նաեւ ես եմ, այո, գլխով պատասխան տալիս ձեզ հետ միասին»։ Ռոբերտ Քոչարյանը նաեւ պահանջել էր, որ եթե արդյունքների ամփոփման ժամանակ լույս անջատվի, քվեատուփ գողանան, «որտեղ պատահեց՝ կոնկրետ մարդ պիտի պատասխան տա՝ իր պաշտոնով, իր կարիերայով, իր ամեն ինչով»։
«ՊԱՆԴՈՒԽՏԸ ԻՄ ՄԱՍԻՆ Ի՞ՆՉ ԱՍԱՑ»
Վայոց ձորի մարզի թիվ 72 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներն ամենաակտիվներից են, քանի որ մեր երեկվա լուրից հետո, որում հայտնել էինք, թե այսօրվա համարում կտպագրվի մարզպետի հետ հարցազրույց, գրեթե բոլոր թեկնածուները հերթով զանգահարում էին խմբագրություն եւ նույն հարցն էին տալիս. «Պանդուխտն իմ մասին ի՞նչ ասաց»։
Կարդացեք նաև
Հարցազրույցը կարդացեք 6-րդ էջում։
ՃՈՅՏ, ԼԵԴԻ, ԱՆԱՆՈՒՆ
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է երեք Հակոբ Հակոբյան, իհարկե, տարբեր ընտրատարածքներում։ Հակոբ (Ճոյտ) Հակոբյանը, օրինակ, քվեարկվելու է Արմավիրի մարզում։ Հակոբ (Լեդի) Հակոբյանը՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, իսկ մյուս Հակոբ Հակոբյանը, որը քվեարկվելու է Կոտայքի մարզում՝ անմականուն է։ Դիտորդներից ոմանք մտածում են, թե նա դեռ չի վաստակել մականուն ունենալու իրավունքը։
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՎԵՇՏ
Լեոնիդ Հակոբյանը լրագրողներին մի զվարճալի դեպք պատմեց, հրաժարվելով հայտնել, թե ում հետ է կատարվել («Առավոտն» ավելի ուշ պարզեց, որ խոսքը թիվ 5 ընտրատարածքում նրա մրցակցի՝ «Էրեբունի» ԲԲԸ խորհրդի նախագահ Փայլակ Հայրապետյանի մասին է)։ Դպրոցներից մեկում նրան խնդրել էին բարդ ստորադասական նախադասություն ասել, եւ նա արձագանքել էր. «Ի՞նչ ստորադաս։ Ստորադասը ո՞րն է, ես գլխավոր տնօրեն եմ»։