Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈ՞ՒՍՏ, ԹԵ՞ ԵՐԱԺՇՏԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Մայիս 27,1999 00:00
Toto

Երաժշտագողություն կա նաեւ մեզ մոտ՝ Հայաստանում։ Այժմ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որի համար սովորական են համարվում անօրինականություն- ները, որոնք եթե չեն կատարվում, ապա, անկասկած, հովանավորվում են բարձրաստիճան այրերի կողմից։

Այն երեւույթը, որի մասին ես պիտի խոսեմ, շատերի համար առօրեական կթվա, սակայն իր տեսակի մեջ երեւի թե առաջին անգամ է կիրառվում։ Այդ երեւույթի մասին հաճախ լսել ենք օտար մամուլից եւ երբեւէ չենք պատկերացրել, որ այն գոյություն ունի նաեւ մեզ մոտ՝ Հայաստանում։ Մտածում ենք, որ գոնե մշակույթի բնագավառը հեռու կլինի նման զեղծարարությունից։ Խոսքս երաժշտագողության մասին է։ Հավանական է, որ մեր մշակութասեր այրերին թվում էր, թե այդ գործարքի մասին ոչ ոք չէր կարող իմանալ։ Բայց, իհարկե, մեզ՝ լրագրողներիս համար, գաղտնիքներ եւ փակ դռներ չկան։

Միամիտին ջուրն է տարել կամ թե ինչպես Ազգային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը եւ Խորեն Աբրահամյանը տեղյակ չեն իրենց սեփական ռադիո-բեմականացման համար պատվիրված երաժշտության հեղինակի մասին։

Մոտենում է Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը եւ Խորեն Աբրահամյանը որոշեց բեմադրել մի ներկայացում, որը հետագայում կոչվեց «Խոր Վիրապ»։ Խ. Աբրահամյանի պատվերով պիեսը գրեց Պերճ Զեյթունցյանը, իսկ ներկայացման մեջ պիտի խաղային մեր ամենալավ դերասանները, հենց ինքը՝ Խ. Աբրահամյանը, Ս. Սարգսյանը, Ա. Ութմազյանը, Լ. Շարաֆյանը, Ա. Հովհաննիսյանը եւ այլք։ Ներկայացումը բեմադրվեց ռադիոյի համար, եւ պրն Ամիրյանը 1 մլն դրամ հատկացրեց այն իրականացնելուն։ Ամեն ինչ կար, սակայն մի բան էր պակասում՝ իհարկե՝ երաժշտությունը։ Ի՞նչ ռադիոբեմականացում՝ առանց երաժշտության։

Իսկ ո՞վ գրեր։ «Մեկին կգտնենք՝ կգրի, իբրեւ շատ փող ունենք, որ դեռ երաժշտությանն էլ գումարներ հատկացնենք»,- մոտավորապես այդպես էին մտածում Արմեն Ամիրյանը եւ Խորեն Աբրահամյանը (երաժշտության համար գումարներ չկան, սակայն պետք է նշել, որ պրն Ամիրյանը «Հայաստան» կինոթատրոնը գնել է 146 մլն դրամով – Ա.Մ.)։ Մտածեցին, փնտրեցին եւ գտան մի միամիտ, երիտասարդ երաժշտի։ Երաժիշտը հանրությանը ոչ այնքան հայտնի Արման Էլբերտն է։ Նա իր երաժիշտ ընկերոջ՝ Արա Թորոսյանի միջնորդությամբ (աշխատում է «Նոր հայեր» համույթում) ծանոթանում է նույն ներկայացման մեջ խաղացող Արամ Հովհաննիսյանի հետ, որն էլ Արմանին ծանոթացնում է պիեսի բովանդակությանը։ Հետագայում որպես գործող անձ Արան չքանում է եւ մշտական դերում է հայտնվում Արամ Հովհաննիսյանը։ «Արման ջան, շուտ գրի, շատ պետք է։ Ուզում ենք շուտ բեմադրել»,- ոգեւորում էր Արմանին դերասան Արամը։ Շուտով երաժշտությունը պատրաստ էր, ոչ միայն գրել էր, այլեւ գործիքավորել եւ ձեւավորել ըստ բեմադրության։ Այն ներկայացվեց Խ. Աբրահամյանին, նա շատ գոհ էր աշխատանքից։ Երբ ամեն ինչ արված էր, բոլորն անհետացան։ Արմանը չէր կարողանում կապվել եւ հանդիպել ոչ ոքի հետ։ Երկար սպասումներից հետո Արման Էլբերտը որոշում է դիմել Հայաստանի հեղինակային իրավունքի պաշտպանության կոմիտե, որտեղից կարող էր համապատասխան փաստաթուղթ ստանալով՝ ազատ տնօրինել իր աշխատանքի ճակատագիրը։ Որոշ ժամանակ անց Արմանը անակնկալի է գալիս. պարզվում է, որ Ազգային ռադիոյի ներկայացման պայմանագրի մեջ ընդհանրապես չի նշվել Արման Էլբերտի անունը, այնտեղ գրված է եղել բոլորովին այլ անուն-ազգանուն եւ դեռ դիմացն էլ ստորագրված է եղել իբրեւ հեղինակի կողմից։ Վերը նշվածը կասկածանքների տեղիք է տալիս։ Այստեղ գործող այլ անձինք կային։

Խաղ ոչ միայն բեմում, այլ նաեւ իրական կյանքում

Իմանալով վերը նշված պատմության մասին, որոշեցի ինքս հանդիպել Արմեն Ամիրյանի եւ Խորեն Աբրահամյանի հետ եւ զրուցել բեմականացման մասին։ Խիստ ցավալի է. բնակչության մեջ մեծ տարածում է գտել հիշողության կորուստ հիվանդությունը, որից եւ անմասն չմնացին Ա. Ամիրյանը եւ Խ. Աբրահամյանը։ Ամբողջովին չէր կորել նրանց հիշողությունը, այլ որոշակի պահերի էր դա արտահայտվում։ Ավելի զարմանալի կթվա, որ նշեմ, եթե հիշողության կորուստը Ա. Ամիրյանի եւ Խ. Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ նույն նյութի մասին խոսելիս։

Նրանք բոլորովին չէին կարողանում հիշել երաժշտության հեղինակի անունը, փոխարենը հիշում էին դերասանների անունները, բեմականացման հեռարձակման օրը եւ շատ մանրամասներ։ Խ. Աբրահամյանի հիշողության կորուստը բնական կարելի է համարել, սակայն Արմեն Ամիրյանի պարագայում միայն սրտացավություն է առաջանում։ Չնայած նրան, որ պրն Աբրահամյանը չհիշեց երաժշտության հեղինակին (նա անկեղծորեն ընդունեց իր անպատասխանատվության զգացումը), ինձ հուշեց, որ այդ մասին կարող է իմանալ Արամ անունով դերասանը։

Զանգեցի Արամին։ Ասում եմ. «Արամ, Խորեն Աբրահամյանի հավաստմամբ, դուք կարող եք իմանալ երաժշտության հեղինակի անունը, խնդրում եմ ասեք ինձ»։ Պարզվեց, որ երաժշտության հեղինակը Արա Թորոսյանն է եւ, ըստ Արամի՝ շատ տաղանդավոր ու շնորհալի մի երաժիշտ։ Ըստ երեւույթին, Արամը տեղյակ չէր իմ նախօրոք արված հարցումներին, քանի որ, նա էլ կարող էր հիշողության կորուստ ունենալ։ Տվյալ դեպքում ինձ փրկեց Արամի անտեղյակությունը։

ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31