Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անչափահաս հանցագործը, դպրոցի տնօրենը եւ Գավառի իրավապահները

Մայիս 27,1999 00:00
Toto

Գավառի Արծվաքար թաղամասում է բնակվում 14-ամյա Խաչիկ Բաղդասարի Հովհաննիսյանը, որը դեռ տասը տարին չբոլորած, արդեն բազում գողությունների հեղինակ էր եւ մասնակից։

Գյուղացիները, նկատի ունենալով Խաչիկի անչափահաս լինելը, հետեւաբար, անհարմար զգալով իրենց համագյուղացուն «վատություն անելուց», մինչեւ օրս խուսափել են ահազանգ ներկայացնել դատական մարմիններին։ Ոչնչով չկարողանալով Խաչիկի գործողությունները կասեցնել, վերջինիս հարազատները ճարահատյալ նրան տեղափոխում են Ռուսաստան՝ մորեղբոր մոտ, հույս ունենալով, որ այնտեղ կթողնի իր «երեխայությունները» (?) եւ վերջապես «խելքի կգա»։ Սակայն՝ ապարդյուն։ Խաչիկին չեն փոխում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ խրատները, ո՛չ էլ, իհարկե, «օդափոխությունը»։ Իսկ շրջապատը, որում նա հայտնվում է, նպաստում է մասնագիտության կատարելագործմանը։

Անթիվ «սխրագործություններ» կատարած մեր հերոսը օտար երկրում դեռ շատ անելիքներ ուներ, սակայն նրան կանխում է մորեղբայրը, որը, վախենալով քրեական պատասխանատվությունից, տղային շուտափույթ ուղարկում է հայրենիք։

Եվ ահա, շուրջ հինգ տարի ՌԴ-ում անցկացնելուց հետո, 14-ամյա խուլիգանը նորից Գավառում է։ Գործում հմտացած պատանի հանցագործը, ինչպես մերօրյա խաչագող, իր սովորած նոր հնարքներով շարունակում է հազար ու մի օյիններ խաղալ խեղճուկրակ գյուղացիների գլխին՝ խաբելով ու մոլորեցնելով նրանց (մեկի տնից գողանում է ոսկիներով լի տուփը, մյուսից՝ մեքենան, մի խոսքով, ինչ իրեն անհրաժեշտ է գտնում՝ անպայման ունենում է)։

Խաչիկի վերջին հանցագործությունը համընկավ Վաղինակ Մովսիսյանի (եղբորս՝ – Հ.Մ.)՝ Գավառում գտնվող ամառանոց մեկնելու ժամանակահատվածին։

Կոտրելով Արծվաքարում գործող միակ դպրոցի ապակիները, Խաչիկը ցանկանում է գողանալ որոշ իրեր։ Փորձությունը, սակայն, չի հաջողվում. նրան ճիշտ ժամանակին բռնում են։ Իսկ դպրոցի տնօրենին նա «խոստովանում» է, որ իրեն այդ գործին մղել է Վ. Մովսիսյանը։ Տնօրենը, լավ իմանալով Խաչիկի կենսագրությունը եւ գիտակցելով, որ գողությունը միայն նրա ձեռքի գործն է, այնուհանդերձ, հարմար է գտնում այդ գործը բարդել Վաղինակի վրա (թեեւ ինքը՝ տնօրենը, համոզված էր, որ վերջինս նման բան թույլ չէր տա երբեք իրեն)։ Նա, առանց ամոթ զգալու, խիստ վրդովված եւ այլայլված կերպարանքով պահանջում է «սխալը շտկել»։ Տնօրենը, որին վաղուց եմ ճանաչում, իմ կարծիքով (դա նաեւ շատերի կարծիքն է) այնքան էլ միամիտ չէ, որ միանգամից եւ այդքան հեշտությամբ «հավատար» այդ ստախոսին եւ խաբեբային, իսկ թե ինչու է այդպես վարվում՝ քիչ հետո։ Վերջինս այդ քայլին դիմում է՝ հաշվի առնելով մի կարեւոր հանգամանք. Խաչիկը «անապահով» ընտանիքի զավակ է, իսկ դրան զուգահեռ՝ Վաղինակը ապահովված է եւ կարող է բավարարել իր պահանջները։ Վերջինս, սակայն, ոչ մի կերպ չի ուզում ընդունել ուրիշի կողմից կատարված գողությունը։ Այդ ճանապարհով իր նպատակին հասնել չկարողանալով, տնօրենը, առանց որեւէ հիմնավոր ապացույցների, դիմում է ոստիկանություն։

Վերջիններս անօրինական կերպով, խախտելով օրենքը, ինչպես խուլիգանների մի խումբ, հենց փողոցից «գողանում» են Վաղինակին եւ շարժվում անհայտ ուղղությամբ՝ իբրեւ թե կատարվածի շուրջ որոշ հարցեր քննարկելու եւ պարզաբանելու համար (նույնիսկ թույլ չտալով, որ Վաղինակն այդ մասին գոնե ծնողներին զգուշացնի)։

Պատկերացնո՞ւմ եք Վաղինակի մոր ապրումներն ու անհանգստությունն այդ պահին (հայրը տեղում չէր)։

Ահա այսպես են իրենց պարտականությունները կատարում Գավառի իրավապահ մարմինները, որոնց արարքը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել, որովհետեւ օրենքի պահպանմանը ծառայելու կոչված անձը, իմ պատկերացմամբ, չպիտի թույլ տա նման խուլիգանական քայլեր։ Մի՞թե նրանք, որպես համապատասխան գործով զբաղվողներ, չէին կարող այդ հարցը լուծել օրինական ճանապարհով։ Թեեւ հետագայում ամեն ինչ պարզվում է, այնուամենայնիվ, իսկական գողը դարձյալ մնում է անպատիժ։ Ուստի խնդրում եւ միաժամանակ պահանջում եմ, որ գոնե մայրաքաղաքի իրավապահները հետեւեն այս գործին եւ պարզեն՝ արդյոք ինչո՞վ են զբաղված Գավառում համապատասխան մարմինները, եթե ոչ՝ իրենց աշխատանքով։ Ի գիտություն նրանց, ուզում եմ ավելացնել նաեւ, իսկ եթե մոռացել են՝ հիշեցնել, որ հանցագործության մեծագույն խրախուսանքը անպատժելիությունն է։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Թերեւս այս մասին բնավ չխոսվեր եւ, ինչպես միշտ, այս անգամ եւս Խ. Հովհաննիսյանի խուլիգանական արարքները մնային «մթության մեջ» եւ չբացահայտված, եթե հանցանքը եւ զրպարտությունը, որ կատարվել է այդ անձնավորության կողմից, անմիջական կապ չունենար եղբորս՝ Վ. Մովսիսյանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31