Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկան՝ անմխիթար, ապագան՝ անորոշ

Մայիս 27,1999 00:00
paxstakan

Երեւանի 2-րդ մասիվ կոչվող հատվածում, ուր տեղակայված են ուսանողական հանրակացանները, մի մասնաշենքում արդեն 8-11 տարի բնակվում են Ադրբեջանի տարբեր քաղաքներից ու գյուղերից, Ղարաբաղի՝ գրավված տարածքներից եկած փախստականներ։

Իհարկե, նույն այդ շենքում ապրում են նաեւ հայաստանաբնակ (կամ նաեւ՝ երեւանաբնակ) անտուն քաղաքացիներ։ Մասնաշենքը, ինչպես եւ մնացած հանրակացարանները այնպիսի սարսափելի վիճակում են, որ չես կարողանում մտքումդ վերականգնել, թե որ թվերից են կառուցված այդ շենքերը, կամ ինչպես կարող է այսօր այդպիսի պայմաններում որեւէ մարդ բնակվել։ Ու բնակվում են արդեն երկար տարիներ։ Փոքրիկ, խցանման, քարուքանդ, տարրական կենսական պայմաններից զուրկ այդ սենյակներում ապրում են բազմազավակ ընտանիքներ, միայնակ երիտասարդ ու ծեր կանայք եւ տղամարդիկ։

Նրանցից շատերն արդեն քանի տարի գործազուրկ են, ու մի կերպ գոյատեւում են։ Ծերերը մտածում են՝ երբ է գալու այն օրը, երբ հրաժեշտ կտան այս աշխարհին, իսկ երիտասարդներն ապրում են միայն օրվա «տված-վերցրածով»։ Ընտանիքներ կան, որ տասնյակ հազար պարտքեր ունեն (էլեկտրաէներգիայի, կոմունալ ծախսերի), շատերն էլ հանրակացարանի մոտակայքի հացի ու սննդամթերքի խանութներին են պարտք։ Այդ մարդիկ անհարմար են զգում՝ բողոքողի, գանգատվողի ու «ուզողի» հատկանիշներ ձեռք բերելուց, մի մասն էլ այլեւս ուժ չունի խոսելու, սովորական «ինչպե՞ս եք» հարցից հուզվում են ու կոկորդում լացը խեղդելով մի կերպ խնդրում օգնել իրենց։

Փախստականների անունը կրող մասնաշենք բարձրանալիս ալեհեր մի կին խնդրում էր մտնել իր «տուն», լսել եւ հնարավորության դեպքում՝ օգնել։ Կիսադատարկ՝ ծակոտկեն եւ մինչ իրենց այդտեղ գալը հանրակացարանում բնակվող ուսանողների արված փորագրություններով ու ճաքած պատերով սենյակ էր (եթե կարելի է այդպես անվանել)։ Գրեթե՝ դատարկ։ 66-ամյա Մարգո Բեգլարի Մուրադովան էր ապրում այդտեղ իր 15-ամյա թոռան՝ Ասրյան Կիմի հետ։ Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 1988 թվին փախել էին Հայաստան։ Թոռան մայրը՝ Մարգո տատիկի հարսը փոքրիկ դստեր հետ ուրիշ ուղղությամբ էր փախել Զաքաթալայից։ Ու կորցրել էին միմյանց։ Մինչ օրս հարսն ու թոռնուհին անհետ կորած են. լուրեր են հասել, թե զոհվել են։ Մարգո տատիկը միակ որդու մասին էլ լուր չուներ. Հայաստանում է, բայց ոչ ոք չգիտի՝ որտեղ է, ինչ է անում։ Մարգո տատիկն ապրում է թոռան հետ։ Իսկ թոռը դպրոց ընդհանրապես չի հաճախում. «Մի տառ էլ ա չգիտի, հեսա բանակ են տանելու, չգիտեմ՝ ոնց ա նամակ գրելու»։

Թոռը սկզբում դպրոց չէր հաճախում՝ հագուստ, կոշիկ չունենալու պատճառով, իսկ մի քանի տարի անց ընդհանրապես չուզեց գնալ։ Հարեւանները բողոքում էին, թե Մարգո տատիկի թոռը բավական «երես առած ու կոշտ է»։ Մասիվի հանրակացարանների շրջակայքի բնակչության հետ շփվելու ու այդ ծանր պայմաններում գոյատեւելու համար էլ ի՞նչ կեցվածք պիտի ընդուներ 15-ամյա տղան, որը հավատում է, թե մայրն ու քույրը դեռ ողջ են, եւ դրա հետ միասին հոգում դատապարտում է անհետացած, իրեն՝ միայնակ տատի հետ լքած հորը։ Մարգո տատիկը լաց լինելով խնդրում էր օգնել՝ իրենց հասանելիք ընտանեկան նպաստը ստանալու։ «Նոր Նորքի ռայսովետ եմ գնում, հա ասում են՝ ձեր անունը չկա, քաշքշում են։ Բոլորը ստանում են իրենց ընտանեկան նպաստները, մեզ չեն տալիս։ Էնքան հացի փող ունեմ պարտք, ամաչում եմ, որ սոված ժամանակ գնամ ուզեմ։ Փետրվարից մինչեւ մայիս չենք ստացել։ 40 տարի Զաքաթալայում բուժքույր եմ աշխատել, բայց հիմա ստիպված գնում, փող եմ հավաքում։ Բա ո՞նց ապրենք, սնունդ առնենք, լույսի փող տանք, էս էրեխուն ո՞նց պահեմ…»,- լացակումած ասում է Մարգո տատիկը։ Ընդ որում, ընտանեկան նպաստը ամիսներով ուշացնելուց շատերն էին բողոքում. դա է նրանց ապրելու եթե ոչ հիմնական, ապա միակ ֆինանսական աղբյուրը. «Մինչեւ տալիս են, արդեն էնքան պարտքեր ենք ունենում, որ չգիտենք՝ պարտքը տա՞նք, թե՞ ապրենք…»։

… Ավերված ճակատագրով մարդիկ, որոնք ոչ միայն չգիտեն իրենց ապագայի, այլեւ տվյալ պահին իրենց գոյատեւելու մասին։ Ու նրանց մասին կարծես ոչ ոք չի էլ մտահոգվում. այդ երեխաների ու երիտասարդների ապագա ու աններկա ապրած օրերի մասին…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31