Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՈՒՇՈՒԹԵՆԵՆ ՋԱՆՍ ԽՈՒՏՈՒՏ ՊԻՏԻ ԳԱ

Մայիս 27,1999 00:00
Robert Qocharyan

Երեկ կենցաղային տեխնիկայի վերանորոգման «Լազուր» նախկին միավորման տարածքում տեղի ունեցավ «Բուլվինոս քեմիքըլզ» ՍՊԸ-ի ավելի շատ պաշտոնական, քան հանդիսավոր բացումը։

Պաշտոնական, որովհետեւ բացմանը մասնակցեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ներկա էին պատգամավորության թեկնածու, սփյուռքահայ ռամկավարներ։

«Բուլվինոս քեմիքըլզը» վարձակալությամբ երկու հարթ տարածք է վերցրել եւ կենցաղային քիմիայի արտադրատեսակներ է թողարկելու՝ շամպուններ, լվացող միջոցներ եւ այլն։ Սկզբում թողարկվելու է 19 անուն արտադրատեսակ (որից 8-ը՝ շամպուն-նրբօճառներ)։ Հետո դրանց թիվը հասցվելու է 45-ի։ Արտադրողները մտադիր են իրացման շուկա գտնել տարածաշրջանում եւ հարավային Ռուսաստանում։ Արարողությանը հանդիսություն հաղորդելու նպատակով փողային նվագախումբ էր հրավիրվել։ Հանրապետության նախագահը իր նախընտրական խոստմանը հավատարիմ այցելում է ամեն մի աշխատատեղ խոստացող հիմնարկություն։ Ի դեպ, աշխատատեղերի մասին. լրագրողների համար Ռ. Միրզախանյանը նշեց, որ արդեն 40 աշխատատեղ է բացվել, իսկ ՍՊԸ-ի արտադրության գծով տնօրեն Վլադիմիր Թորոսյանը խոսեց 15 աշխատատեղի մասին։ Միրզախանյանը վստահեցնում էր, որ «Բուլվինոս քեմիքըլզը» իր արտադրանքով 40%-ով կնվազեցնի ներքին շուկայում առկա գները։ Արտադրության գծով պատասխանատուի կարծիքն այլ էր՝ նա նշեց, որ իրենց արտադրանքը էլիտար է եւ մրցակից է հանրահայտ «Պրոկտեր ընդ Գեմբլ» ֆիրմայի արտադրանքին։ Կազմակերպիչները վստահեցնում էին, որ արդեն 1,5 մլն դոլարի արտադրանքի ներդրում է արվել եւ ակնկալվում է եւս 3,5 մլն դոլարի ներդրում։

Ի դեպ, ներդրումների մասին։ Փաստորեն վարձակալված էր շենքի 2-րդ հարկը, գերմանական մի քանի սարքավորում էր դրված (լցնող ու փաթեթավորող)։ Շենքը վերանորոգված չէր։ Երկրորդ հարկի պատուհանների ապակիները կիսատ-պռատ էին։ Մուտքի մոտ քանդված ասֆալտը կոմպենսացված էր ուղեգորգով։ Ամենեւին էլ չենք ուզում ասել, թե 1,5 մլն դոլարը դեռ չի ծախսված։ Պարզապես վստահ ենք, որ մի փոքր աճապարել էին ձեռնարկության հանդիսավոր բացումն անցկացնելու համար։ Ակնհայտ էր, որ այն ՌԱԿ-ի նախընտրական քարոզարշավի մի շտրիխ էր (գալոչկա)։ ՍՊԸ-ն հաստատ վաղը-մյուս օրը կդադարի արտադրանք տալուց եւ կկանգնի շինարարական ու կազմակերպչական աշխատանքներն ավարտելու միտումով։ Սա բոլորովին զարմանալի չէ։ Ժամանակին խորհրդային տարեդարձները տոնելու առիթով անգամ բնակելի շենքեր էին կիսատ վիճակում շահագործման հանձնվում։ Ուր մնաց, թե արտադրական ձեռնարկության նախընտրական գործարկման վրա զարմանանք։ Մի բան համարյա հաստատ է՝ մոտ 15 աշխատակից արդեն կողմնորոշվել են, թե որ կուսակցությանը տան իրենց ձայնը։ Ես էլ։ Իսկ դո՞ւք։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31